Բաժիններ՝

«Մարդը մահանում է, էլի իրար չենք գալիս». Պիպոյանն Էկոնոմիկայի նախարարությանն է մեղադրում գազալցակայանների պայթյունների համար

Ինչպես հայտնի է` երեկ Տավուշի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 1966 թ. ծնված Հրաչիկ Եսայանը, ով տեղափոխվել է նախ՝ Բերդ քաղաքի Բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Այսօր արդեն ՏԿԱԻՆ-ի կողմից հաղորդագրություն տարածվեց, որ պայթյուն է տեղի ունեցել նաև Արարատի մարզի գազալցակայաններից մեկում, ու, բարեբախտաբար, այս դեպքում չկան տուժածներ:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ դեպքերի պատճառներին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ դեռևս մեկ տարի առաջ իրենք բարձրաձայնել են, որ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, և միայն երջանիկ պատահականությամբ է, որ վթարային դեպքեր չեն գրանցվում:

Head of 'Informed and Protected Consumer' NGO Babken Pipoyan speaks about the energy price increase in P.S. press club

Ըստ նրա՝ այդ ոլորտում բացառապես մեկ գործողություն է իրականացվել՝ բաշխիչ աշտարակներ են տեղադրվել, բայց նրա գնահատմամբ՝ հիմա պայթյունավտանգ իրավիճակ է, որը կանխարգելելի է. «Բայց, ցավոք սրտի, էկոնոմիկայի նախարարության քաղաքականություն վարող մարմինները, կառույցները, անգամ մահացածության դեպքերից հետո՝ խելքի չեն գալիս: Տեսեք՝ այս տարի արդեն քանի դեպք ունեցանք, քանի պայթյուն, մահացություն, ու դրանից հետո այս նախարարությունը ոչինչ չձեռնարկեց, որ երբ մտնի քաղաքացին գազալցակայան՝ իմանա, թե ինչ ճնշման տակ պետք է աշխատի, իմանա, որ, եթե այդ գազալցակայանն ավելի բարձր ճնշման տակ է մատակարարում, որ համարով պետք է զանգի, ում պետք է բողոքի, գոնե այդ նվազագույն իրազեկման հետ կապված խնդիրները պետք է լուծվեին: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մեծածավալ աշխատանք է, և չեն իրականացնում, դա հարցի 8-րդ կողմն է, բայց գոնե այն ամենատարրական, պրիմիտիվ կանխարգելիչ միջոցառումները, անգամ դա չիրականացրեց այդ նախարարությունը, անգամ մի հայեցակարգ չմշակեց»:

Մեր այն հարցին, թե արդյոք այդ հարցերով պետք է Էկոնոմիկայի նախարարությո՞ւնը զբաղվեր, թե՞ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻՆ) նախարարությունը, Բ. Պիպոյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ երկուսով իրար հետ, բայց քանի որ շենքի դրվածքային ենթակառուցվածքներն ավելի շատ ստուգվում են ԱԻՆ-ի կողմից, իսկ բաշխիչ աշտարակների վերահսկողությունը տեսչության վրա է դրված, իսկ տեսչության գործողությունները, քաղաքականություն վարողն Էկոնոմիկայի նախարարությունն է, հետևաբար՝ ամբողջ պատասխանատվությունը սրա ընկնում է նախարարության վրա: Եթե գլոբալ խորանանք, գազալցակայան բացելու և աշխատացնելու ընթացակարգը պետք է մշակվեր Էկոնոմիկայի նախարարության կողմից, բայց այդ ոլորտում Էկոնոմիկայի նախարարությունը որևէ աշխատանք չի արել»:

Բ. Պիպոյանի խոսքով՝ մեր երկրում շատ հաճախ մարդկային կյանքը տնտեսական անվտանգությունից ետ է մղվել. «Բիզնեսին տալիս են կատարյալ ազատություն, ասում են՝ գնա, ինչ ուզում ես՝ արա, հետո սպասում ենք՝ մարդ մահանա, մարդը մահանում է, էլի իրար չենք գալիս»:

Հարցին էլ՝ բայց կանխարգելիչ միջոցառումները մեծ ծախսերի հե՞տ են կապված, որ չեն արվում նախարարության կողմից, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե ոչ, ընդամենը տարրական ուշադրության, մարդկայնության խնդիր է: Այնտեղ կան խնդիրներ, որոնք մեծ ծախսերի հետ են կապված, բայց ես հիմա դրանք չեմ քննարկում, ես ընդամենը քննարկեցի այն, ինչը մեծ մասով պայմանավորված չէր ծախսերի հետ, տարրական ուշադրություն էր ընդամենը պետք, այդ մարդիկ դրա պակասն էլ ունեն»:

Նշենք, որ մենք փորձեցինք Էկոնոմիկայի նախարարության համապատասխան հարցերով զբաղվող մասնագետից մենաբանություն վերցնել, սակայն նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասացին, որ գազալցակայանների տեխնիկական անվտանգության հարցերով զբաղվում է ՏԿԱԻՆ-ը և ոչ թե՝ Էկոնոմիկայի նախարարարությունը:

Մենք նաև փորձեցինք ՏԿԱԻՆ-ի մեկնաբանությունը ստանալ այս դեպքերի հետ կապված, սակայն մեզ հայտնեցին, որ հիմա արձակուրդային շրջան է, և գրեթե բոլոր փորձագետներն արձակուրդի մեջ են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս