Բաժիններ՝

«Ռուսաստանը չի պատրաստվում ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանում». Ստանիսլավ Տարասով

«Ռուսաստանը չի պատրաստվում ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական REX լրատվական գործակալության սյունյակագիր, ռուսաստանցի հեղինակավոր վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, մեկնաբանելով ադրբեջանառուսական նոր գործարքի մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները:

Հիշեցնենք, որ ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը նշել էր, թե Ռուսաստանը որոշել է վերադառնալ Ադրբեջան` հաղորդելով, որ, ամենայն հավանականությամբ, 2017 թվականին Ռուսաստանը կսկսի ռադիոտեղորոշիչ կայան կառուցել Ադրբեջանի տարածքում այն դեպքում, երբ նախկինում Ռուսաստանը վարձակալության պայմանով շահագործում էր Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտակայքում գտնվող «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը, որից ՌԴ-ն հրաժարվեց, քանի որ ադրբեջանական կողմը փորձեց կտրուկ կերպով 7 միլիոն դոլարից վարձակալությունը հասցնել 300 միլիոնի:

Ի դեպ, թեև ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտոնյաները չեն հաստատել տեղեկությունը, այն մեծ աղմուկ է բարձրացրել թե Ադրբեջանում, թե Հայաստանում: Հայաստանյան փորձագետները գտնում են, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից դավաճանություն է նման կայանի մասին խոսակցությունների բացումը, քանի որ այն կդառնա հավելյալ լծակ Ադրբեջանի ձեռքին` ԼՂ հակամարտությունում Ռուսաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար:

Ստանիսլավ Տարասովը փորձեց բացատրել, թե ինչու է այս հեռուստաընկերությունը նման տեղեկություն դրել շրջանառության մեջ, և ինչու այն չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա` եթե Ռուսաստանին անհրաժեշտ լիներ Ադրբեջանում նման ներկայություն ունենալ, ապա Ռուսաստանը Գաբալա քաղաքից չհեռանալու և ՌԼԿ-ի վարձակալությունը շարունակելու հնարավորություն ուներ. ՌԴ-ն կարող էր վճարել բարձրացված վարձը հատկապես, երբ ադրբեջանցիները խնդրում էին, որպեսզի ռուսները չհեռանան:

«Բայց մենք հեռացանք, քանի որ դա մեզ այդ ժամանակ և առաջիկա տարիներին անհրաժեշտ չէր: Այսօր էլ իրավիճակը մեծապես չի փոխվել»,- ասաց Տարասովը:

Վերջինս նշեց, որ երբ ՌԴ-ն S-300 հրթիռներ է տրամադրում Իրանին,  այդ մասին հայտարարում է, այսինքն` հայտնում են հրապարակավ` ամենաբարձր մակարդակով: Իսկ երբ հիմա, նրա խոսքով, ինչ-որ հեռուստաընկերություն ինչ-որ բան է հայտնում, որի աղբյուրներն անհասկանալի ու անհայտ են, առավել վստահություն չի ներշնչում, քանի որ չի հաստատվում ամենաբարձր մակարդակով: Ռուսաստանցի վերլուծաբանի բնորոշմամբ, սա հասարակ տեղեկատվական ինտրիգ է:

«Սովորաբար, երբ գրելու որևէ թեմա չկա, հորինվում են ինչ որ ինտրիգներ: Որևէ երկրի տարածքում ինչ որ բազայի տեղակայումը կամ այդ նպատակով ինչ որ տարածքի վարձակալությունը լուրջ գործընթաց է, նման տեղեկությունները հենց այնպես չեն դրվում շրջանառության մեջ, եթե նույնիսկ դրվում են, հաստատվում են կամ հերքվում: Իսկ ներկայումս ինտրիգ է ներմուծվում և, իմ տպավորությամբ, այդ ինտրիգի աղբյուրները Բաքվում են, և ոչ Մոսկվայում, քանի որ ադրբեջանցիները հայտնվել են դժվար իրավիճակում. նրանք մտածում էին, որ կթաքնվեն Թուրքիայի մեջքի ետևում, իսկ Թուրքիան «քանդվում է», Իրանն այլ դեր է ստանում` սկսելով այլ քաղաքականություն վարել, Ռուսաստանն Ադրբեջանին չի հրավիրում ոչ ԵՏՄ, ոչ ՀԱՊԿ: Նրանք մտածում էին, որ կարող էին Ռուսաստանի հետ առևտուր անել. « Տվեք մեզ Ղարաբաղը, կմիանանք ԵՏՄ-ին», իսկ մենք ասում ենք, որ նրանք մեզ պետք չեն; Ուստի նրանք հորինում են տարբեր պատմություններ` ինչպես կարող են Ռուսաստանին կապել իրենց և նոր համագործակցություններ ստեղծել: Փորձում են տրամադրությունները շոշափել: Այստեղ սրանից ավելին չեմ տեսնում: Իրատեսական չէ»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Խոսելով հայաստանյան փորձագետների դիտարկումներից, թե գործարքը կայացանալու դեպքում լծակ կդառնա Ադրբեջանի ձեռքում Ռուսաստանի նկատմամբ, նա ասաց. «Հայերն այլ բան չունե՞ն անելու, քան դա քննարկելը: Չեմ կարղանում հասկանալ իմաստը: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ԵՏՄ անդամ է, Հայաստանում ռուսական ռազմաբազա է կանգնած, ի՞նչ քննարկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս