Օգոստոսի 1-ի գաղտնիքը

Օգոստոսի 1-ն ահագին բան հանեց ջրի երես: Առաջին դեպքը չէր, որ Սակագնային հանրահայտ հանձնաժողովի կողմից հերթական սակագինն էր բարձրացվել: Եթե հիշում եք, օգոստոսի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել էր 7 դրամով: Իրավիճակը միանշանակ չէր, ուստի ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ իր վրա կվերցնի բնակչության սպառած էլեկտրաէներգիայի 7 դրամը: Երկար ժամանակ ոչ ոք ոչինչ չէր հասկանում:

Որովհետև Կառավարությունը հայտարարել էր, որ այդ 7 դրամանոց մասնակի փոխհատուցումը բյուջետային միջոցներից չի արվելու: Մինչև այսօր էլ պարզ չէ Կառավարության ոչբյուջետային գանձանակի տեղը: Նախկինում, եթե հիշողությունս չի դավաճանում, երկու անգամ Կառավարությունը խոստացել էր գազի սակագնի բարձրացումը սուբսիդավորել: Խոստացել էր ու սուբսիդավորել: Բայց հետո բավական տգեղ զարգացումներ եղան: Մի դեպքում՝ ահագին գույք զիջեցինք պարտքի դիմաց («սուբսիդավորման ծրագրի» հետևանքը հենց այդպես էլ կոչվեց): Երկրորդ դեպքում՝ գազամատակարարման համակարգի պետական բաժնեմասը զիջեցինք մատակարարին: Հետևաբար՝ մեր հասարակությունը մի տեսակ հուզվում է «ոչ բյուջետային վճարումների» մասին Կառավարության հերթական խոստումը լսելիս: Հատկապես, որ հասարակության ու իշխանությունների համար էլեկտրաէներգիայի սակագնի թեման դեռևս փակված չէ: Այս ընթացքում Էներգետիկայի նախարարությունը մեր ՀԷՑ-ի սեփականատերերի հետ բանակցություններ է վարում՝ ճշտելու, թե ինչ հարցաշարի շուրջ են միջազգային աուդիտ պատվիրելու: Իսկ այդ ընթացքում Սակագնային հանձնաժողովը (ՀԾԿՀ) դիմել էր միջազգային հեղինակավոր խորհրդատվական կազմակերպությունների, որ օգնեն իրեն: Օգնեն՝ գլուխ հանելու մեր էներգահամակարգում արտադրվող հոսանքի գնագոյացումից որևէ բան հասկանալու հարցում: Կարծես թե մեր իշխանությունները չեն վստահում ՀԷՑ-ին: Սակագնային հայտի քննարկումների հենց սկզբում էներգետիկայի նախարարը խոսեց ոլորտում վատ մենեջմենթի ու խախտումների մասին: Ամեն ինչ ճիշտ էր: Քիչ էր մնում հասարակությունը ևս հավատար մեր սկզբունքային ու անկաշառ չինովնիկաց դասին: Բայց օգոստոսի 1-ն ավելի շուտ եկավ:

Ավելի շուտ, քան մեր Կառավարությունն ու ՀԾԿՀ-ն կհասցնեին ավարտել իրենց ազգանպաստ գործունեությունը: Ո՛չ աուդիտի պատվերը ձևակերպվեց, ո՛չ էլ ՀԾԿՀ-ն հասցրեց խորհրդատվական ընկերություն ընտրել ու խնդրել իրեն որևէ բան բացատրել հայ-ռուսական մենեջմենթի, գնագոյացման ու հարակից խնդիրների մասին: Այս ընթացքում ամենատարօրինակն այն համառ լուրերն էին, որ Կառավարության խոստացած փոխհատուցման աղբյուրը Որոտանի կասկադի սեփականաշնորհումից ստացված գումարից է տրվելու:

Փաստորեն ամեն ինչ իր տեղն ընկավ: Միակ տարբերությունն այն է, որ նախկինում պարտքերի կուտակվելուց հետո էինք իմանում, որ Կառավարության սուբսիդավորումը, միևնույն է, հանրային ունեցվածքի վաճառքի հաշվին է փակվելու: Հիմա այդ մասին հայտնի է դառնում հենց սկզբից: Իշխանամետ իրավաբաններն ու տնտեսագետները հիմա գլուխ են կոտրում՝ պարզելու, թե ինչպես իրար ու հանրությանը համոզեն, որ հանրային ունեցվածքի օտարումից առաջացած գումարը ոչ բյուջետային է: Իսկ այս ընթացքում օգոստոսի 1-ից բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը: Նախորդ բոլոր բարձրացումների ժամանակ թե՛ ՀԷՑ-ը, թե՛ «Գազպրոմը» սակագնի բարձրացման օրվա նախորդ երեկոյան տնետուն էին այցելում:

Այցելում էին, արձանագրում բաժանորդների հաշվիչների տվյալները, խնդրում սպառողներին՝ ստորագրել հաշվիչների ցուցմունքների արձանագրության տակ: Որովհետև հաջորդ օրվանից սպառողներին մատուցվող գազը կամ հոսանքը նոր ու ավելի բարձր գնով էր մատակարարվելու: Այս անգամ նման բան չկատարվեց: Սպառողներին հուլիս ամսվա ծախսերի արձանագրություն չներկայացրեցին: Օգոստոսի ծախսերի դիմաց Կառավարությունը խոստացել է փոխհատուցել: Խոստացել է ու, հավանաբար, կփոխհատուցի:

Բայց այս անգամ պարզ չէ, թե մեր էներգահամակարգը Կառավարությանը քանի օրվա սպառման հայտ է ներկայացնելու: Փաստորեն, եթե հանրահայտ «լույսի մարդիկ» հուլիսի վերջին շաբաթվա սպառած էժան հոսանքը հաշվարկեն՝ որպես օգոստոսյան թանկուկրակ չափաբաժին, ապա մեր Կառավարությունը համեստորեն վճարելու է: Որովհետև ոչինչ չձեռնարկեց բնակչության սպառումը հուլիսի 31-ի դրությամբ արձանագրելու համար: Մինչդեռ ՀԷՑ-ին հրապարակավ վատ մենջմենթի մեղադրանք էր ներկայացնում: Ահա թե ինչպես է մեր Կառավարությունը տնօրինում հանրային փողերը: Նրանց համար մի քանի օրվա հոսանքի վարձը պետական փողերը մսխելով փակելը փույթ չէ: Իսկ եթե Դուք մտածեցիք, որ սա սովորական անգործունակություն չէ, և դրա տակ «ատկատ» ու կոռուպցիոն այլ երևույթներ կարող են լինել՝ դրա համար ես պատասխանատվություն չեմ կրում:

 

Տեսանյութեր

Լրահոս