«Զգացողություն կա, որ մարզերում ապրող մարդկանց ոչ ոք այսպիսի երաժշտություն դեռ չի մատուցել». «Դոգմա»

Երևանյան ռոքի հիմքերում կանգնած ամենահին երաժշտական խմբերից մեկը՝ «Դոգման», պատրաստվում է հայաստանյան մեծ համերգային շրջագայության, որի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 20-31-ը՝ ներառյալ: Համերգային շրջագայության ընթացքում խումբը նախատեսել է հյուրընկալվել հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև բացօթյա համերգային երեկոներ անցկացնել Գյումրիում և Արցախում: Համերգների մուտքը բացառապես անվճար է: Ինչպես տեղեկացրին խմբի անդամները 168.am-ի հետ զրույցի ընթացքում, սա իրենց համար խիստ սկզբունքային հարց է: Համերգային շրջագայությունը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ մարզերի բնակիչների համար հասանելի դարձնել երաժշտությունը միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցելու մշակույթը:

168.am-ն այսօր հանդիպել և զրուցել է խմբի հիմնադիր անդամներ Վարդան Գրիգորյանի, Հենո Գրիգորյանի և խմբի վոկալիստ Զառա Գևորգյանի հետ:

 – Վարդան, հեռախոսազրույցի ընթացքում ասացիք, որ փորձերի մեջ եք, ինչի՞ եք նախապատրաստվում:

Վարդան Գրիգորյան. – Վերջին շրջանում համերգային վիճակների մեջ ենք ու առաջիկայում էլ պատրաստվում ենք մեծ համերգային շրջագայության՝ Հայաստանի ողջ տարածքով:

 – Գիտեմ նաև, որ այդ շրջագայության ողջ ընթացքում կազմակերպվող համերգները հանդիսատեսի համար անվճար են լինելու: Ի՞նչ առիթով եք նախաձեռնել համերգային այս շրջագայությունը, և հատկապես՝ անվճար:

Վարդան Գրիգորյան.- Սա վաղուց մտածված ծրագիր էր, ուզում ենք Երևանից բացի՝ տեղական այլ դահլիճներում էլ նվագենք, մարզերում ապրող մարդիկ էլ հնարավորություն ունենան մեզ լսելու:

– Կարծում եք՝ մարզերում հետաքրքրվա՞ծ են էթնիկ ռոք երաժշտությամբ:

Վարդան Գրիգորյան. – Ո՞նց կարող է հետաքրքրված չլինեն, իհարկե, չեմ ասում՝ 100 տոկոսով, բայց հետաքրքրության որոշակի չափաբաժին հաստատ կլինի:

Dogma5

Զառա Գևորգյան.- Այդ մարդկանց ոչ ոք այսպիսի երաժշտություն դեռ չի մատուցել:

Վարդան Գրիգորյան.- Իրենք էլ նույն ձևի մարդիկ են, ինչ այստեղ՝ Երևանում, գուցե մի քիչ ավելի լավը: Գիտե՞ս, արդեն մի տեսակ աննպատակ է դառնում՝ ամեն անգամ նվագել կոնկրետ մի քանի հարյուր լսարանի առաջ, իսկ մարզերում այս ծրագիրը կամ իսկապես կհաջողի, և սա նոր շունչ կհաղորդի և´ մարզի բնակիչներին, և´, ինչո՞ւ չէ, նաև մեզ, կամ առհասարակ չի հաջողի: Այս երկու ծայրահեղության մասին ենք մտածում: Շրջագայությունը ցույց կտա՝ ինչ արդյունք մենք կունենաք: Էդ առիթը լավ ասացիր… Նվարդ, գիտե՞ս, էս շրջագայության առանձնահատկությունը որն է, որ ոչ մի առիթ չկա, իսկ անվճար է, որովհետև մենք շատ լավ ենք հասկանում, որ հատկապես մարզի բնակիչների համար 500 դրամն էլ մեծ գումար է, մեր ժողովուրդը վճարունակ չի, և դա պետք է հաշվի առնենք: Մեր նպատակն այս պարագայում բացարձակ գումար աշխատելը չէ, այլ կենդանի երաժշտություն տարածելն այնտեղ, որտեղ դա ինչ-ինչ պատճառներով անհասանելի է:

Հենո Գրիգորյան.- Երևանյան հեգեմոնիան բոլորիս արդեն ճնշում է, երբ դուրս ենք գալիս այստեղից, միանգամից ոնց որ ուրիշ երկրում լինենք:

Dogma1

Զառա Գևորգյան.- Զգացողություն կա, որ մարզերում ապրող մարդիկ այս տեսակետից մի տեսակ խաբնված են: Երևանից գնում են արտիստներ, իրենց հետ վերցնում են մի միկրոֆոն, միացնում են բարձրախոսներին ու ֆոնոգրամայի տակ սկսում են վազվզել բեմի մի ծայրից մյուսը: Օրինակները շատ են, ասենք, «Մեկ ազգ մեկ մշակույթի» շրջանակներում անցկացվող մարզային համերգների ընթացքում ես էլ էի իրենց հետ և տեսնում էի, թե ինչ է կատարվում այդ համերգների ընթացքում: Խաբեության պես մի բան է դուրս գալիս:

Dogma4

Վարդան Գրիգորյան. – Դրա համար մենք մարզային համերգներին նախապատրաստվել ենք 15 հոգանոց կազմով, բացի խմբի 4 անդամներից, 11 հոգի ևս ներառված են թիմի կազմում, որպեսզի կարողանանք ապահովել բարձրակարգ հնչողությամբ կենդանի համերգներ, վստահ կարող եմ ասել՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Մեզ համար ոչ մի նշանակություն չունի՝ որ քաղաքի բեմում ենք մենք նվագում: Խնդիրը դրված է այսպես՝ անել գործը մաքսիմում բարձր որակով:

Զառա Գևորգյան.- Մենք ի սկզբանե պատրաստ էինք նույնիսկ մեր գրպանից իրականացնել համերգային շրջագայության բոլոր ծախսերը…


Վարդան Գրիգորյան.- Բայց, ի ուրախություն մեզ, գտանք հովանավորներ, ովքեր ծախսերի որոշ մասը կվերցնեն իրենց վրա, օրինակ՝ ճանապարհածախս, կեցության և սննդի հետ կապված խնդիրներ, և այլն: Ես Մշակույթի նախարարի հետ այս հարցի շուրջ հանդիպում ունեցա, նրանք նույնպես կաջակցեն այս նախաձեռնությանը:

 – Շատ անսպասելի է, որ Հասմիկ Պողոսյանն էթնիկ ռոքի երկրպագու է և «Դոգմա» է լսում:

Վարդան Գրիգորյան.- Դե, հիմա ստացվում է, որ լսել է, նա գիտի մեր մասին:

Dogma3– Իսկապես ուրախ եմ նախարարի համար, միգուցե Ձեր ստեղծած երաժշտությունը ոգեշնչե՞լ է նրան:

Վարդան Գրիգորյան. – Սա նաև մարզային մշակույթի զարգացման սոցիալական ծրագիր է, բացի համերգային շրջագայություն լինելուց: Չի բացառվում, որ նրանց սա նույնպես հետաքրքրեց, և որոշեցին ֆինանսական օգնություն ցուցաբերել:

– Ե՞րբ և որտեղի՞ց կմեկնարկի շրջագայությունը:

Զառա Գրիգորյան.- Համերգային շրջագայությունը կսկսենք օգոստոսի 20-ին՝ Վանաձորից, որից անմիջապես հետո, հաջորդ օրը Գյումրիի կենտրոնական հրապարակում մեծ բացօթյա համերգ կունենանք:

Dogma6– Ո՞րն է Ձեր խմբի երկարակեցության գաղտնիքը:

Վարդան Գրիգորյան.- Հիմա մեզ մոտ շատ խմբեր են ստեղծվում՝ կոնկրետ այս կամ այն ակումբում Էրիկ Քլեփթոն կամ Սթինգ նվագելու համար, հույսով, որ ժամանակի հետ միգուցե ավելի լավ տեղում կհայտնվեն, քան ակումբային կարգավիճակն է: Մերը երաժշտական խումբ է՝ բառի բուն իմաստով:

Հենո Գրիգորյան.- Ի դեպ, Վարդանի ասած խումբ հասկացությունն առհասարակ իրենց հետ ոչ մի կապ չունի, որովհետև խումբը սոցիումի մոդել է, ընտանիքի պես մի բան, իսկ իրենց ներսում ծավալվող դիսկուսիան միայն այն կարգի ցածր մակարդակի շփում է իրենից ներկայացնում, որ այստեղ ավելորդ է խոսել մնացածի մասին:

– Ձեր խումբը երբեք կոմպրոմիսների չի գնում: Հեշտ չէ նման պայմաններում գոյատևել՝ մեր երկրի մշակութային զարգացումները հաշվի առնելով…

Վարդան Գրիգորյան.– Շատ դժվար է: Դա մեզանից այնքան ուժ ու էներգիա է տանում, որպեսզի կարողանանք առանց որևէ լուրջ ֆինանսական լծակների պահպանել խումբը, ինքներս մեզ: Ի վերջո, մենք բլատնոյ կամ նմանօրինակ լայն սպառման երաժշտություն չենք նվագում:

Հենո Գրիգորյան.- Վարդանի ասած՝ մեր արժանապատվությունը մեզ թույլ չի տալիս իջեցնելու որակի սանդղակը:

– Լավ, Երևանում առաջիկա համերգ նախատեսվո՞ւմ է:

Վարդան Գրիգորյան.- Այո, աշնանը «Պրոգրեսինգ Երևան» համերգային ծրագրի շրջանակներում Տիկնիկային թատրոնի բեմում կնվագենք մենք, «Անէսթեթեիկ» խումբն ու Նորվեգիայից ժամանած էլի մի խումբ:

– Նոր ձայնասկավառակի ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ այս պահին գերխնդիրը մարզային շրջագայություններն են միայն:

Dogma

Վարդան Գրիգորյան.– Ոչ, իհա՛րկե, զուգահեռ պատրաստվում ենք նաև թողարկել թվով երրորդ CD-ն, հույս ունենք նոյեմբեր ամսին հանձնել հանդիսատեսի ու մեր երկրպագուների դատին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 20-31-ին «Դոգմա» ռոք խումբը հանդես կգա հանրապետական համերգային ծրագրով՝ ներառելով հետևյալ բնակավայրերն ու տարածքները.

20.08 Շառլ Ազնավուրի անվան մշակութային պալատ
21.08 Գյումրի. Բացօթյա համերգ գլխավոր հրապարակում
23.08 Սիսիան. Մշակույթի պալատ
25.08 Ստեփանակերտ. Երիտասարդական պալատ
27.08 Կապան. Մշակույթի կենտրոն
28.08 Գորիս. Վ.Վաղարշյանի անվ. պետ. դրամատիկական թատրոն
31.08 Արմավիր. Մշակույթի կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս