«ՌԴ-ում հայ միգրատների կարգավիճակը փոխվել է, բայց սև ցուցակները չեն վերացվում». Ալեքսանդր Վերխովսկի

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից մի քանի ամիս է անցել: Շնորհիվ այդ անդամակցության՝ ինչպես վստահեցնում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմադանովսկին, ՌԴ-ում աշխատող հայ միգրանտները ստացել են որոշակի արտոնություններ և իրենց կարգավիճակով հավասարվել ղազախստանցի միգրանտներին: Արտոնությունները մասնավորապես վերաբերում են ոչ միայն աշխատանքի թույլտվությանը, Ռուսաստանում 3 ամսից ավելի մնալուն, այլև քաղաքացիությանը: Այսօր Ռուսաստանը հայ միգրանտներին առաջարկում է նաև վերցնել ռուսական անձնագրեր պարզեցված ռեժիմով:

Այս տարվանից ՌԴ-ում այդ թույլտվությունները ձեռք բերելու համար գումարներ չեն վճարվում, աշխատատար ընթացակարգեր չեն անցնում, քննությունները չեն տալիս: ՌԴ-ում խնդիրներ ունեն անկանոն միգրանտները, ովքեր իրավախախտումների պատճառով հայտնվել են արգելանքի ցուցակներում և չեն կարողանում վերականգնել իրենց ՌԴ մեկնելու իրավունքը:

168.am-ը միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան, «Սովա» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար, հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Վերխովսկուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ արտոնություններն իսկապես գործում են: Նա նախ՝ իսկապես բարձր գնահատեց այն արտոնությունները, որոնք ՌԴ կառավարությունը շնորհել է ԵՏՄ անդամ երկրների միգրանտներին ՌԴ-ում: Ըստ նրա` դա իսկապես էականորեն հեշտացրել է նրանց կյանքը Ռուսաստանում: Այսինքն, Վերխովսկու խոսքով, ավելին, քան աշխատանքային թույլտվության բացակայությունն է, ՌԴ-ում կեցության իրավունքը, միգրանտի համար չի կարող լինել:

«Այս առումով հայ միգրանտները ՌԴ-ում օրենքի հետ կապված խնդիրներ չեն ունենում: Այլ խնդիր կա: Նախորդ տարիների սև ցուցակները պահպանվում են, թեև ՌԴ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ անհատական դիմումների դեպքում պատրաստ են դիտարկել որոշումների վերանայման հայտերն ու վերանայել որոշումները, սակայն այդ որոշումները, ըստ էության, չեն փոխվում և հարյուր-հազարավոր միգրանտներ ոչ միայն՝ Հայաստանից, այլև՝ այլ երկրներից, շարունակում են մնալ սև ցուցակներում` մանր իրավախախտումների արդյունքում զրկված լինելով ՌԴ մուտքի իրավունքից:

Իսկ դա արվում է դեպի ՌԴ միգրացիոն հոսքերը վերահսկելու, սահմանափակելու համար, քանի որ ՌԴ-ում իշխող տրամադրությունները թելադրում են միգրանտների նկատմամբ այդպիսի վերաբերմունք, և իշխանություններն ընտրություններին ընդառաջ՝ հասարակության քվեն ստանալու համար խոստումներ են տալիս, որ երկիրը «կմաքրեն» միգրանտներից, որպեսզի հաճոյանան»,- ասաց Վերխովսկին` շարունակելով, որ հասարակական տրամադրությունները ցանկացած ազգային պատկանելության միգրանտների նկատմամբ նույնն են մնացել: Նրա համոզմամբ` այս հարցում իրենց մեղավորությունն ունեն նաև իշխանությունները, քանի որ նրանք այս հարցը ներառելով իրենց նախընտրական ծրագրերում՝ էլ ավելի են ուժգնացնում այս տրամադրությունները:

Ալեքսանդր Վերխովսկու կարծիքով` միգրանտների համար խնդիրներ է ստեղծում նաև կոռուպցիան, քանի որ զուգահեռ այդ արտոնությունների՝ ԵՏՄ անդամ երկրներից ժամանող միգրանտների համար, կան նաև այնպիսիք, ովքեր օգտագործում են ՌԴ-ում առկա կոռուպցիոն բացերը և այս կամ այն փաստաթղթի համար փորձում գումար շորթել միգրանտներից: Սակայն այդ դեպքերը, ըստ Վերխովսկու, հայ միգրանտների դեպքում պակասել են էականորեն, քանի որ նրանք փաստաթղթային քաշքշուկի քիչ են առնչվում:

 

Տեսանյութեր

Լրահոս