«Մինսկի խմբի համանախագահների շահերը համընկնում են Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալու հարցում». Լաուրա Բաղդասարյան
«ԵԱՀԿ ՄԽ-ն քիչ թվով հարթակներից է, որտեղ ՌԴ-ն և Արևմուտքը համագործակցում են»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն քիչ թվով միջազգային հարթակներից է, որտեղ ՌԴ-ն և հավաքական Արևմուտքը կարող են համագործակցել և որտեղ կողմերի շահերը դեռ համընկնում են:
Նա մատնանշեց Իրանի համաձայնությունը,որպես տարբեր կողմերի շահերի համընկման օրինակ: «Ունենք ՄԽ հարթակը, որտեղ շահերը համընկնում: Դրանք համընկնում են լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալու հարցում: Կարևոր է նաև հասկանալ` մենք ինչ նկատի ունենք` բանակցային գործընթացի վեևականգնում ասելով, դա շփումների վերսկսումն է, այլ ոչ թե արդյունքների հասնելը: Ադրբեջանի ներսում մեկուկես, երկու տարիների ընթացքում աննորմալ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ալիևը, որպես երկրի նախագահ, ինքն իրեն թակարդի մեջ է գցել:
Եթե հրաշք տեղի ունենա և Ալիևն ասի, որ պատրաստ է կարգավորման, չի կարող դա անել, քանի որ Լինչի դատաստան է սկսել այն մարդկանց հանդեպ, ովքեր պայքարում էին շփումների սերտացման համար, նրանք ԼՂ խնդիր չէին լուծում, բայց խողովակներ էին երկու իրարից անջատված հասարակությունների միջև գործընթաց պահելու համար: Ադրբեջանի ներքին զարգացումները շատ լուրջ են անդրադառնոում Ադրբեջանի քայլերի հնարավորության վրա, պատերազմ վերսկսել և չվերսկսելու հարցի վրա ևս անդրադառնում են: Ադրբեջանի տարածքները պատերազմով վերադարձնելը շատ երկրներ նախկինում չէին ընկալում որպես սպառնալիքը իսկ հիմա Ադրբեջանի նկատմամբ նման ընկալունակություն չի կարող լինել, որովհետև Ալիևը՝ որպես գործիչ միջազգային ասպարեզում, բավական նեղացրել է իր ընկալունակության ասպարեզը»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը: