«Իսլամիստները կամ ԴԱԻՇ-ը Հայաստանում կօգտագործվեն՝ ընդդեմ Ռուսաստանի». Սարգիս Քասարջյան

168.am-ի զրուցակիցն է Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող Սարգիս Քասարջյանը

Պարոն Քասարջյան, այս օրերին լարված է իրավիճակը ոչ միայն՝ Մերձավոր Արևելքում, այլև՝ Թուրքիայում, որտեղ ներքին խնդիրներ կան ձախական ուժերի հետ: Միջազգային հանրությունն ի՞նչ կարող է անել Մերձավոր Արևելքում իրավիճակը մեղմելու համար: Արդյոք անկե՞ղծ է Թուրքիայի` ԻՊ-ի դեմ հայտարարած «պատերազմը»:

– Բնականաբար, գերտերությունները շատ բան կարող են անել, եթե ցանկանան: Ներկայիս ծրագիրը, այսինքն` այն ամենը, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, գերտերությունների նախաձեռնած ծրագիրն է, որի էությունը Միջին Արևելքի երկրներին մասնատելն է, դրանց համադաշնությունների կարգավիճակի իջեցնելը, ինչը նրանց կդարձնի հեշտ կառավարելի նույն այդ գերտերությունների կողմից: Ի դեպ, նույնը պատահեց նաև Իրաքի հետ: Իրաքում այսօր, փաստորեն, կա Հյուսիսային Քրդական համադաշնություն, Իրաքի հյուսիս-արևելքում իսլամականներ կան, իսկ Բաղդադի և Իրաքի հարավի շրջանում Իրաքյան պետությունն է: Փաստորեն, այս ծրագիրը փորձում են իրականացնել նաև Սիրիայում, վստահաբար դրանից հետո հաջորդ թիրախը Լիբանանն է, Սաուդիան Արաբիան, և այլն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ասեմ հետևյալը. գաղտնիք չէ` «Իսլամական պետությունը» կամ ԴԱԻՇ-ն իրենցից թուրքական արտադրություն են ներկայացնում:

Թուրքիան ինքը ռադիկալ ֆանատիկ պատերազմողներին աշխարհից հավաքելով՝ բերեց Թուրքիա և հնարավորություն տվեց, որպեսզի նրանք թուրք-սիրիական սահմանից անցնեն Սիրիա: Հիմա պատասխանեմ Ձեր հարցին, թե ինչո՞ւ է պատերազմ հայտարարում: Դա անում է երկու պատճառով: Առաջինը` Թուրքիան միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ՝ որպես ահաբեկչական շարժումների դեմ պայքարող պետություն, քանի որ վերջին շրջանում Արևմուտքի «ձայնն» ընդդեմ Թուրքիայի շատ էր բարձրացել:

Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան այսօր երկու վտանգ է զգում` քրդական վտանգը սահմանի վրա, քուրդ խմբավորումների հաստատումը թուրք-սիրիական հյուսիսային սահմանին և ԻՊ-ը, քանի որ Թուրքիայի զանազան քաղաքներում ԻՊ-ն ակտիվ է, զանազան քաղաքներում ունի բազում հետևորդներ, որոնք կարող են Թուրքիայի ապագան վտանգել:

Այսինքն` մերձավորերևալյան երկրներն այլ ելք չունե՞ն, քան այս գործողությունների արդյունքում բաժան-բաժան լինելը:

– Ճիշտ այդպես: Տարածաշրջանում Իսրայելն ունենք՝ որպես համադաշնության փորձ, և որն իրեն սահմանակից ոչ մի երկրի կողմից չի ընդունվում, Իսրայելի մասին՝ որպես մեկ միասնական պետության մասին, չեն խոսում: Կան քրդեր, որոնք ունեն զանազան խնդիրներ: Այս երկու պետությունները`Իրաքը, Իսրայելը, Արևմուտքի ամենասիրելի պետություններն են, որոնք լիովին արևմտյան քաղաքականություն են հետապնդում, և, որպեսզի ողջ տարածաշրջանի հետ աշխատանքն ավելի հեշտանա, այս երկու երկրների փորձը նպատակ կա ներդնել մերձավորարևելյան մյուս երկրներում, որոնք համադաշնություն դառնալուց հետո անկարող են լինելու պաշտպանել իրենց, ուստի իրենց վստահ պետք է զգան մեծ կամ հզոր պետությունների պաշտպանության տակ:

– Այս օրերին մերձավորարևելյան լարվածությունը Թուրքիայի միջոցով մոտենում է նաև Հայաստանի սահմաններին, ու շատ է քննարկվում այն հարցը, որ «Իսլամական պետության» հավակնությունները կարող են հասնել Հայաստան: Ի՞նչ եք կարծում` կա՞ արդյոք նման սպառնալիք:

– Այդ վտանգը կա: Զանազան պատճառներով կա այդ վտանգը, որովհետև այս ռադիկալ խմբավորումները ղեկավարվում են Թուրքիայի կողմից, Թուրքիայի գաղտնի կազմակերպության կողմից, հետևաբար՝ Թուրքիան կարող է նրանց ինչ-ինչ հանձնարարությամբ ուղարկել աշխարհի ցանկացած կետ: Երկու օր առաջ հստակ էր ադրբեջանցի մի իսլամիստի կոչն այն մասին, որ, եթե պետք է պայքարի «Իսլամական պետությունը», ապա կարող է գնալ և ազատագրել Արցախը: Այս մարդկանց հետ աշխատելը շատ հեշտ է, քանի որ նրանք այնպիսի մտքի տեր են, որ նրանց, կրոնական դրդապատճառներ առաջ քաշելով, հնարավոր է ուղարկել ցանկացած տեղ:

Երկրորդ կարևոր պատճառը, որ իսլամիստները կարող է հայտնվեն Հայաստանում, այն է, որ ՀՀ-ն այսուհետ գտնվում է ռուսական ազդեցության, անվտանգության գոտում: ՀՀ-ում որևէ անկայունություն անդրադառնալու է Ռուսաստանի վրա: Այսօր աշխարհը վերադարձել է երկու մեծ ուժերի պատերազմին, խոսքն ԱՄՆ-ի և ՌԴ-ի մասին է: Միացյալ Նահանգների կողքին են Եվրոպան, Թուրքիան, Պարսից Ծոցի մի շարք երկրները` Սաուդիան Արաբիան, Էմիրաթները, Բահրեյնը, Եգիպտոսն են ցանկանում խմբավորել, մյուս կողմը Ռուսաստանն է, որի հետ են Չինաստանը, Լատինական Ամերիկան, ԲՐԻՔՍ-ի երկրները, ուստի ցանկացած բախում ռուսական գոտում վստահաբար հաղթանակ է առաջին խմբի համար: Շատ հնարավոր է, որ ֆանատիկ իսլամիստներն օգտագործվեն Հայաստանում, քանի որ կա թե՛ թուրքական նպատակ, թե՛ Ռուսաստանին ապտակ հասցնելու ցանկություն, որպեսզի Ռուսաստանն ավելի մեղմ կեցվածք ընդունի և քաղաքական զիջումների դիմի:

– Այսինքն` Արևմուտքն այս խմբավորումների միջոցով նաև Ղարաբաղում կարող է ցանկանալ ապտակ հասցնել Ռուսաստանին:

– Խոսքը Հայաստանի մասին է: Թուրքիայի համար դա հայերին պատժելու միջոց է: Թուրքիան Արցախյան պատերազմին չկարողացավ միջամտել ճնշումների ներքո, սա լավ հնարավորություն է պարտությունը հաղթանակի վերածելու համար:

– ՀՀ իշխանությունները` անվտանգության կառույցները, սպառնալիքը չեզոքացնելու ի՞նչ միջոցառումներ պետք է կազմակերպեն, կա՞ ներուժ, ըստ Ձեզ: Եթե լինի Հայաստանում գործելու նպատակ, ապա այդ կառույցների ջանքերը կարո՞ղ են արդյունավետ լինել:

– Անշուշտ, այո: Այս հարցը միայն մեկ եղանակով հնարավոր չէ լուծել: Գաղտնի ծառայություններն իրենց տեղն ունեն, լայն տեղեկություններ պետք է փորձեն ձեռք բերել, տարածաշրջանի բոլոր պետությունների ԱԱԾ-ների հետ սերտ կապեր հաստատեն, որպեսզի տեղեկությունները կարողանան ուղարկել և ստանալ: Ժողովուրդն ավելի արթուն պետք է լինի, տեղեկացված լինի վտանգների մասին, իրազեկ լինի, թե ինչպես կարելի է նման անցուդարձերին դեմ գնալ, հակազդել: Եվ, ի վերջո, երկրում պետք է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացվեն: Եթե մարդիկ իրենց իսկ երկրում իրենց չզգան պաշտպանված և սեփական իրավունքները բավարարված, ապա շատ տրամաբանական է, որ չեն կարողանալու միավորվել նման հարձակումների և վտանգների դեմ կանգնելու և հաղթելու համար:

Տեսանյութեր

Լրահոս