ԱՄՆ Պետքարտուղարության Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի համաձայն՝ Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջատար երկրների թվում է
ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացնում է, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է գտել առաջին՝ ամենաբարձր խմբում:
Մենք սրտանց շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը այս ձեռքբերման համար: Բայց կարևոր է հիշել, թե ինչ է նշանակում առաջին խմբում ընդգրկվելը:
«Առաջին խմբի» կարգավիճակը նշանակում է, որ երկիրն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել թրաֆիկինգի դեմ պայքարի ակտի նվազագույն չափանիշներին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ մարդկանց թրաֆիքինգը վերացել է: Իրականում մարդկանց թրաֆիքինգը շարունակում է խնդիր մնալ առաջին խմբի սանդղակի բոլոր երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Ոչ մի երկիր ապահովագրված չէ թրաֆիկինգից և մենք բոլորս էլ սովորում ենք՝ որդեգրելով նոր մեթոդներ և բարելավելով մեր գործողությունները:
Հայաստանը սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար:
Ահագնացող խնդիր է հայաստանաբնակ կանանց և երեխաների սեռական ու
աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում: Հայ կանայք և աղջիկները սեռական
թրաֆիքինգի են ենթարկվում նաև Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և
Թուրքիայում: 2014թ. առաջին անգամ գրանցվեց Հայաստանում Չինաստանից բերված
կանանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու դեպք: Հայ տղամարդիկ հարկադիր
աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: Հայ
կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ
ներգրավվելու տեսանկյունից: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են
գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում,
որտեղ նրանք նաև խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց
թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր
մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները:
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման
նվազագույն չափանիշներին: 2014թ. խորհրդարանն ընդունեց օրենք, որով
միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի
նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը
հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական
կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական
հասարակության համար: Սակայն դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ, ինչպես նաև բացահայտվել էին ավելի քիչ թվով զոհեր:
Ոստիկանությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստան թրաֆիքինգի ենթարկված
օտարերկրացի զոհերի նույնացում և նրանց ուղղորդել դեպի խնամք ապահովող
կազմակերպություններ: Կառավարությունը պահպանել է ամուր գործակցային ու
աշխատանքային հարաբերությունները հակաթրաֆիքինգային հասարակական
կազմակերպությունների, տեղական ԶԼՄ-ների, դոնոր կազմակերպությունների ու
տարածաշրջանային գործընկերների հետ: Դատարանների կողմից մարդկանց թրաֆիքինգի
համար ավելի քիչ մարդիկ են դատապարտվել:
Առաջարկներ Հայաստանին
Բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, այդ թվում նաև խորացնել զոհերի բացահայտման հետ կապված ուսուցումը պաշտոնյաների համար և աշխատանքային տեսուչներին օժտել անսպասելի ստուգայցերի միջոցով զոհերին բացահայտելու իրավասություններով և մեծացնել համագործակցությունն իրավապահների հետ. ապահովել նրբանկատ վերաբերմունքին ուղղված ուսուցում դատավորների ու փաստաբանների համար՝ բարելավելու վերաբերմունքը թրաֆիքինգի զոհերի հանդեպ. աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական
հետապնդում իրականացնելու հարցում.
աշխատելհասարակական կազմակերպությունների հետ գտնելու ուղիներ Թուրքիայում հայ զոհերին բացահայտելու ու աջակցելու համար և ապահովելու վերաինտեգրումը. արդյունավետորեն մշակել և ներդնել թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմներ. աշխատել հասարակական կազմակերպությունների հետ զոհերի անվտանգության բարելավման և ապաստարանում գտնվելու կամ աջակցություն ստանալու ժամանակահատվածում նրանց ազատ տեղաշարժի ապահովման հարցերի շուրջ. շարունակել իրազեկվածությանն ուղղված արշավները՝ հասցնելով գյուղական ու սահմանամերձ համայնքներ և խնամատար հաստատություններից դուրս եկող երեխաներին. լիցենզավորել, կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների և գործակալների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել Հայաստանի քաղաքացիների հարկադիր աշխատանքն արտասահմանում. և շարունակել ակտիվ գործընկերությունը քաղաքացիական հասարակության խմբերի հետ:
Տեսանյութը՝ այստեղ