Որակով թռչնամսի ներմուծման դեպքում ստեղծվում է մրցակցություն, ինչը կարևոր է. Հրաչ Բերբերյան
Հայաստանի թռչնաբուծարանների տնօրենները բողոքում են, որ Հայաստան ներկրվող թռչնամսի պատճառով՝ տեղական թռչնամիս արտադրող ընկերությունները կանգնել են խնդրի առջև: Մեզ հետ զրույցում ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ասել էր, որ Հայաստանում թռչնամիսը թանկ է, որովհետև թանկ է թռչնակերը, իսկ այն երկրներում, որտեղից ներկրում են միսը, այն շատ էժան է:
Թռչնամսի որակի և ներկրվող թռչնակերի գնի մասին զրուցեցինք Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Ըստ նրա՝ անորակ թռչնամիս չպետք է ներմուծվի Հայաստան, իսկ որակով թռչնամսի դեպքում՝ ստեղծվում է մրցակցություն, ինչը կարևոր է, որ մոնոպոլ կառույցները չօգտվեն առիթից. «Դա մեր թռչնաբույծների թերությունն է, որովհետև մի քանի տարի առաջ էլ ներմուծումները կային: Խոսքը որակով թռչնամսի ներմուծման մասին է, իհարկե: Մենք կողմ ենք, որ ներկրման պրոբլեմը տեղի արտադրողի հետ լինի, որ տեղի արտադրողը առիթից չօգտվի: Այստեղ ինչ-որ մի բան պարզ չէ, որովհետև, օրինակ, Արգենտինայից ու Բրազիլիայից եկած թռչնամիսը մրցունակ է դառնում տեղի արտադրանքի հետ:
Թռչնակերը հիմնականում Ուկրաինայից է ներկրվում, որևէ բան չի փոխվել: Խոսքը եգիպտացորենի մասին է: Ընդհակառակը, Ուկրաինայում այսօր շատ մատչելի են գները, կարծում եմ՝ այստեղ ուղղակի որակով և անորակ մսի առկայության հարցն է»: