Բաժիններ՝

«Հույս ունեինք` ԵՏՄ կազմում հայտնվելուց հետո ինքներս թռչնամիս արտահանել, բայց հակառակը ստացվեց». տեղական թռչնամիս արտադրողները դժգոհ են 

Հայաստան ներկրվող թռչնամսի պատճառով՝ տեղական թռչնամիս արտադրող ընկերությունները կանգնել են խնդրի առջև: Մեզ հետ զրույցում ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ Հայաստանում թռչնամիսը թանկ է, որովհետև թանկ է թռչնակերը, իսկ այն երկրներում, որտեղից ներկրում են միսը, այն շատ էժան է.  «Արդեն երրորդ ամիսն է` թռչնամիս արտադրող ընկերություններն ունեն այդ խնդիրը: Դրա մասին տեղյակ ենք պահել Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանին: Արտադրողների հետ եղել ենք նրա մոտ, խնդրել, որ  սահմանային անցակետերում,  թեկուզ մեզ հետ, թեկուզ առանձին, ստուգումներ արվեն, և անորակ թռչնամսի մուտքը Հայաստան նվազեցվի: Ինքն ասաց, որ կաշխատի օգնել, բայց ներմուծման ծավալները գնալով մեծանում են, որի պատճառով մեր արտադրության ծավալները ստիպված իջեցնում ենք:

Եթե մասնագետը տեսնում է, որ խորը սառեցված թռչնամիսը 510-520 դրամով մաքսազերծվում է, նշանակում է, որ պետք է նրա մոտ հարց առաջանա՝ դա ի՞նչ միս է: Մենք խնդրել են Արմեն Հայրապետյանին նմուշառում անել՝ սահմանից եկող ցանկացած մսի, մենք էլ կմասնակցենք, բայց մինչ օրս այդ խնդրանքը մնացել է անպատասխան:

Հույս ունեինք, որ ԵՏՄ կազմում հայտնվելուց հետո կկարողանանք ինքներս արտահանել, որովհետև տեղեկան արտադրության ծավալները կտրուկ մեծացել են՝ նախորդ տարիների հետ համեմատած, բայց հակառակը ստացվեց: Հիմա Ռուսաստանի հարավում արտադրվող թռչնի միսը, որն ավելի էժան ու անորակ է, ներկրվում է Հայաստան: Անհավասար մրցակցության մեջ ենք հայտնվել»:

Մեզ հետ զրույցում «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ  տնօրեն Արթուր Գևորգյանն ասաց, որ ըստ վերջին տվյալների՝ «տարեկան ներկրվում է մոտ 30-35 հազար տոննա հավի միս, ամբողջ Հայաստանում բոլորը միասին 10.000 տոննա  են արտադրում: Այսինքն՝ բացի մեր արտադրանքը՝ երեք անգամ ավելի թռչնամիս  ներկրում են: Ստացվում է՝ արտադրում ենք ամբողջ Հայաստանի պահանջարկի 25 %-ը: Արտադրողը մտածում է՝ ճուտը  բերի, ո՞նց պահի, ո՞նց վաճառի: Ոչ ոք այդ հարցով չի զբաղվում: Այլ երկրներում արտադրողը արտադրանքը հանձնում է ու էլ ոչնչի հետ գործ չունի, պետությունն իրեն դոտացիա է տալիս: Այս երկրում ոչ միայն դոտացիա չեն տալիս, այլև ոչ ոք չի զբաղվում այս հարցով: Գների տատանումների պատճառով՝ աշխատում ենք վնասով: Թռչնաֆաբրիկաները բավականին մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում, բայց դա էլ կառավարությանը չի հետաքրքրում: Գյուղնախարարը երևի չգիտի էլ, թե Հայաստանում ինչքան թռչնամիս են արտադրում»:

Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի տնօրեն Վաչագան Ամիրխանյանն ասաց, որ իրենք ևս վնասով են աշխատում՝ ներկրվող մսի պատճառով. «Չես կարողանում մինիմալ գնով վաճառել, որ վնաս չկրես: Մեկ կիլոգրամի մեջ ամենաքիչը 200-250 դրամի վնաս ենք ունենում»:

Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ նախորդ տարի մեզ մոտ արտադրվել է 9400 տոննա թռչնամիս. «Հույս ունեինք այս տարի մոտ 2000 տոննա ավելացնել, որովհետև արտադրական հզորությունը մեծացրել էինք: Մինչև 2016 թիվը կարող էինք 15 տոննա թռչնամիս արտադրել: Բայց  արդեն 25 տոկոսով կրճատում ենք արտադրության ծավալը, որովհետև բոլոր տնտեսությունները վնասով են աշխատում: Կառավարությունը տեղյակ է: Երևի չեն կարողանում որոշ ներկրողների դիմացն առնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս