Ծանր վարկերի ժամանակը (գծապատկերներ)
Թեպետ Հայաստանի ֆինանսական բլոկի պատասխանատուները տարվա սկզբից ի վեր հայտարարում են, որ վարկերի տոկոսադրույքների էական աճ չի գրանցվել, պաշտոնական տվյալները այլ բանի մասին են վկայում։
ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015 թվականի մայիս ամսվա տեղեկագրի համաձայն՝ բանկերի վարկային տոկոսադրույքներն աճել են բոլոր վարկատեսակների և բոլոր արժույթների համար։ Ճիշտ է՝ որոշ դեպքերում շատ, որոշ դեպքերում ավելի քիչ, կամ որոշ դեպքերում՝ կտրուկ տատանումներով, սակայն բոլոր դեպքերում այս տարվա մայիսին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունենք ավելի բարձր տոկոսադրույք։
Կարճաժամկետ վարկեր
Ինչպես երևում է գծապատկերից, ամենաբարձր տոկոսադրույքը՝ 22%, եղել է ֆիզիկական անձանց ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում։ Ճիշտ է փետրվարին տոկոսադրույքն ավելի բարձր է եղել (22.2%), սակայն 2014թ. դեկտեմբերի համեմատ տոկոսադրույքն աճել է 1.2 տոկոսային կետով։
Իրավաբանական անձանց ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքը դեկտեմբերի համեմատ աճել է 0.8 տոկոսային կետով։
Արտարժույթով վարկերը նույնպես թանկացել են։ Ֆիզիկական անձանց դեպքում տոկոսադրույքը բարձրացել է 2 տոկոսային կետով` հասնելով 15.5%-ի, իրավաբանական անձանց դեպքում՝ 0.6 տոկոսային կետով՝ հասնելով 9.9%-ի։
Միջին և երկարաժամկետ վարկեր
Նույն պատկերն է՝ ինչ կարճաժամկետի դեպքում. տարվա առաջին 5 ամիսների ընթացքում եղել են վայրիվերումներ, սակայն մայիսին՝ 2014-ի դեկտեմբերի համեմատ, տոկոսադրույքները բարձրացել են։
Այսպես՝ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքը 17.8%-ից հասել է 18.2%-ի, իսկ իրավաբանական անձանցը՝ 14.7-ից հասել է 14.8%-ի։ Ընդ որում, իրավաբանական անձանց դեպքում աճը գրանցվել է հիմնականում մայիսի ընթացքում։
Դոլարային վարկերը ֆիզանձանց համար թանկացել են 1.1 տոկոսային կետով՝ 14.7%-ից հասնելով 15.8%-ի, իսկ իրավաբանական անձանց համար 0.2 տոկոսային կետով (11.1%)
Ֆիզիկական անձանց հիպոթեկային վարկեր
Անշարժ գույքի ձեռքբերումը վարկերի միջոցով ֆիզանձանց համար նույնպես դժվարացել է։ ԱՄՆ դոլարով հիպոթեկային վարկերի տոկոսադրույքը 12.2%-ից հասել է 13.4%-ի։ Իսկ ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքը, ըստ պաշտոնական տվյալների, հունվար-փետրվարին որոշ չափով նվազել է, իսկ հետո կրկին բարձրացել՝ մայիսին հասնելով 12.8%-ի։
Ուշագրավն այն է, որ ԱՄՆ դոլարով հիպոթեկային վարկերի տոկոսայրուքն ավելի բարձր է, քան ՀՀ դրամով վարկերի դեպքում։
Սպառողական վարկեր
Սպառողական վարկերը ևս բացառություն չեն։ ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքը 2014-ի դեկտեմբերի համեմատ բարձրացել է 0.7 տոկոսային կետով և հասել 19.9%-ի։
Իսկ դոլարային վարկերի դեպքում աճն ավելի մեծ է՝ 1.4 տոկոսային կետ։ Տոկոսադրույքը 14.8%-ից հասել 16.2%-ի։
Շեշտենք, որ գծապատկերըները կազմված են բացառապես ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող պաշտոնական տվյլաների հիման վրա։ Ընդ որում, ներկայացված է անվանական տոկոսադրույքը։ Մինչդեռ իրական (արդյունավետ) տոկոսադրույքը, երբ հաշվի ենք առնում նաև հաշվի սպասարկման վճարը, վարկային փաթեթի կազզման վճարն ու հազար ու մի նման այլ վճարներ, շատ ավելի բարձր է հայտարարվածից։