Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց Դատական դեպարտամենտի գործով դատավճիռը:

ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն արդարացվեց երկու հոդվածով առաջադրված մեղադրանքում: Հոդվածներից մեկով նա արդարացվեց՝ հանցանքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, մյուսով արդարացվեց հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Հոդվածներից մեկով նա մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով 6 տարի ժամկետով ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան մոտ 728 հազար դրամ: Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 3 տարի ժամկետով ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Համաներման կիրառմամբ՝ նա ազատվեց ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատժից: Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվեց, և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ  Գագիկ Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Կիրառելով համաներում հայտարարելու մասին որոշումը՝ դատարանը նրան ազատեց ազատազրկման ձևով նշանակված պատժից: Խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվեց:

ՀՀ Դատական դեպարտամենտի  դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ  Գեղամ Գրիգորյանն արդարացվեց 2 հոդվածներով՝ հոդվածներով նախատեսված հանցագործության դեպքերի բացակայության պատճառաբանությամբ: Երեք հոդվածով առաջադրված մեղադրանքում նա մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով 6 տարի ժամկետով ազատազրկման և 600 հազար դրամ տուգանքի: Գեղամ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. որոշումը՝ դատարանը վճռեց նրան ազատել պատժից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, վերացվեց, և նա անհապաղ ազատ արձակվեց:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռեց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. որոշումը՝ դատարանը նրան ազատեց պատժի կրումից:

ՀՀ Դատական դեպարտամենտի  դատական կարգադրիչների ծառայության Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռեց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. որոշումը՝ նա ազատվեց ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատժից: Բագրատ Արիկյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվեց, և նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ  Արման Փալիկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռեց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. որոշումը՝ նա ազատվեց ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատժից: Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կվերացվի:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ  Մերուժան Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի: Դատարանի վճռեց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Համաներում հայտարարելու մասին որոշման կիրառմամբ նա ազատվեց ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատժից: Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կվերացվի:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ  Արմեն Ավագյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռեց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Համաներում հայտարարելու մասին որոշման կիրառմամբ նա ազատվեց ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատժից: Արմեն Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվեց, և նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում, դատապարտվեց 5 տարվա ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռեց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Համաներում հայտարարելու մասին որոշման կիրառմամբ նա ազատվեց ազատազրկման և տուգանքի ձևով նշանակված պատժից: Արմեն Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվեց, և նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:

ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ  Եղիազար Սարգսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 2 տարի ժամկետով ազատազրկման: Համաներում հայտարարելու մասին որոշման կիրառմամբ նա ազատվեց ազատազրկման ձևով նշանակված պատժից: Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Եղիազար Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կվերացվի:

Անգին Ղուկասյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 2 տարի ժամկետով ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բաց ոչ ավել, քան մոտ 72 հազար դրամ: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կվերացվի, պատժի կրումը կհաշվվի փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Տեսանյութեր

Լրահոս