Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում ասել է, որ Աժ նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահ չի պատրաստվում դառնալ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Սերժ Սարգսյանը Գերագույն մարմնին (ԳՄ) է ներկայացել փոքր-ինչ ուշացումով: ԳՄ-ն տևել է շատ կարճ, քննարկման միակ թեման եղել է Սահմանադրությունը, անմիջապես հաջորդել է ՀՀԿ խորհրդի նիստը:
Սերժ Սարգսյանը թիմակիցներին հորդորել է՝ «անկաշկանդ-ազատ արտահայտեք ձեր տեսակետները», որից հետո «խոսքն անցել» է Հրայր Թովմասյանին: Նա ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների «մատրիցան»:
ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել է նաև սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ պատասխանել է հարցերին: Վերջինիս պարբերաբար ընդհատել է Սերժ Սարգսյանը և ավելի հասկանալի՝ ոչ իրավագիտական, ՀՀԿ-ական լեզվով բացատրել, թե այս կամ այն հոդվածն իրենից ինչ է ներկայացնում:
Պատգամավորները քծնել են՝ «ավելի լավ է Սերժ Ազատիչը բացատրի, որովհետև այդ ժամանակ ավելի լավ ենք «հասկանում» խնդիրը»: Հարցերը հիմնականում վերաբերել են ընտրակարգերին, համամասնական մոտեցումին, ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնության ձևավորմանը, այդ առնչությամբ տարբեր երկրների փորձին: Շատ հարցերի հետ կապված՝ հղում է արվել Ընտրական օրենսգրքին, չնայած նույն Սահմանադրությունն ամրագրում է համամասնական ընտրակարգը: ԳՄ անդամները կարծում են, որ նոնսենս է՝ ստացվում է, որ ընտրության երկրորդ փուլի դեպքում մի ընտրողը 2 անգամ է ընտրում»։
«Հավաքն» ամփոփել է Սերժ Սարգսյանը, որը բառացի ասել է. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ ու նկատել, որ այնտեղ շահարկվում է իմ՝ ԱԺ նախագահ ղառնալու, «վերարտադրվելու» հեռանկարը, ևս մեկ անգամ շատ պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ես Աժ նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահ չեմ պատրաստվում դառնալ, սա մեզ համար կենաց-մահու կռիվ չէ, Սահմանադրության փոփոխությունները պետք են պետությանն ու երկրին, եթե ժողովուրդն ընդունի այս բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ և կարող եմ հավակնել թե Աժ նախագահի, թե վարչապետի պաշտոններին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։