Իրանի հաղթանակն ու մենք
Մեր հարևան երկիրը ցնծում է: Իրանցիները վստահ են, որ իրենց հաջողվեց Արևմուտքին, ավելի ճիշտ ասած` «Վեցյակի» երկրներին համոզել: Համոզել, որ իրենց միջուկային ծրագրերը միմիայն խաղաղ բնույթ են կրում: «Ով ում համոզեց» հարցը վիճարկելի ու քաղաքական խնդիր է:
Կարևորն այն է, որ մեր անմիջական հարևանը համաձայնագիր ստորագրեց Արևմուտքի հետ: Համաձայնագիր, որ ենթադրում է Իրանի նկատմամբ էմբարգո-պատժամիջոցների վերացում:
Արևմտյան մամուլը գրում է, որ 1979թ. հետո Պարսկաստանի հետ ամենասերտ հարաբերությունների հնարավորություն է բացվել: Իրանը պարտավորվել է, որ իր միջուկային ծրագրերում կսահմանափակվի ուրանի հարստացման 5 տոկոսանոց ցուցանիշով, ինչը բացառում է միջուկային զենքի ստեղծումը: Հարստացման ավելի բարձր ցուցանիշ ունեցող ուրանի արդեն ստեղծված պաշարներն ու ուրանի հարստացման բոլոր սարքավորումներն Իրանը պարտավորվում է ոչնչացնել:
Ավելին` առաջիկա 15 տարում 5 տոկոսանոց ուրանի պաշարները 300 կիլոգրամից ավելի չպիտի լինեն: Դրանից զատ, համաձայնել է միջուկային հարցերով զբաղվող միջազգային կառույցին մշտապես տեսչական այցեր կատարելու հնարավորություն տալ: Նույնիսկ ճշգրտված է, որ իրանական միջուկային ձեռնարկություններ կարող են այցելել ՄԱԳԱՏԷ-ի 130-150 աշխատակից: Ավելին՝ Իրանը նշել է, որ այդ աշխատակիցները պետք է լինեն ՄԱԳԱՏԷ-ի անդամ երեք երկրներից, «որոնց հետ ԻԻՀ-ն ունի դիվանագիտական հարաբերություններ»: Արևմուտքը պարտավորվել է չեղարկել տնտեսական պատժամիջոցները: Առայժմ հայտնի է, որ միակ էմբարգոն վերաբերելու է ԻԻՀ-ին զենք վաճառելուն:
«Վեցյակի» անդամ երկրներից միայն Ռուսաստանն էր պահանջում, որ չեղարկվի նաև այս արգելքը: Սակայն արևմտյան երկրները պահանջեցին, որ նոր համաձայնագրում շեշտվի, որ այդ պահանջը ևս հինգ տարի ուժի մեջ է մնալու: Դրա հնարավոր վերանայումը կախված կլինի հարաբերությունների հետագա զարգացումից: Արևմտյան բոլոր լրատվամիջոցները նշում են, որ միջազգային համաձայնագիրը ոգևորությամբ ընդունել են թե՛ Իրանի հոգևոր առաջնորդները, թե՛ բնակչությունը: Համաշխարհային տնտեսությունը միանգամից արձանագրեց այս համաձայնագրի կնքմանը:
Առայժմ պարզ չէ, թե երբվանից Պարսկաստանն ազատ մուտք կունենա նավթի համաշխարհային շուկա: Բայց բորսաներում նավթի գինը կտրուկ անկում ապրեց: Իրանի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ կրկնակի ծավալով ավելացնելու է նավթի արդյունահանումը: Դա առաջին հերթին` լուրջ հարված էր միջազգային պատժամիջոցների տակ ուշքի գալու փորձեր անող Ռուսաստանի տնտեսության համար: Ռուս փորձագետները կանխատեսում են, որ Իրանի մուտքը նավթի շուկա գները կնվազեցնի մինչև մեկ բարելի դիմաց 45 դոլարի սահմանագիծը:
Ընդհանրապես Իրանի հետ հարաբերությունների զարգացում ենթադրող բոլոր երկրներն էլ կարծում են, որ դա առաջին հերթին` կատարվելու է վառելիքաէներգետիկ ոլորտում: Մինչև արևմտյան պատժամիջոցների կիրառումն Իրանը երրորդ նավթարդյունահանող երկիրն էր: 1990-ականների տնտեսական ճգնաժամի տարիներին ԻԻՀ-ի հետ հարաբերությունները բացառիկ դրական դեր ունեցան մեր երկրի համար: Իրանն այդ տարիներին մեր տնտեսական երկրորդ գործընկերն էր:
Հետագայում պատկերը փոխվեց: Պատճառներն աշխարհաքաղաքական էին: Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը չէին խրախուսում մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Յուրաքանչյուր կողմ իր շահն ուներ: Արդյունքում՝ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին 300 մլն դոլարի սահմաններում էր: Սալդոն, բնականաբար, բացասական էր Հայաստանի համար: Մենք արտահանում ենք մոտ 100 մլն դոլարի արտադրանք և ներմուծում ենք մոտավորապես 200 մլն դոլարի չափով: Ներմուծումների մեջ նկատելի ծավալը բաժին է ընկնում գազին:
Միջազգային էմբարգոն (ու Ռուսաստանը) թույլ չէին տալիս լրջորեն ընդլայնել հարաբերություններն այդ ոլորտում: Նկատելի ծավալով մենք Իրանից պլաստմասսե և սև մետաղյա ապրանքներ ենք ներմուծում: Արտաքին առևտրի ոլորտում Իրանի չափաբաժինը վերջին տարիներին հինգ-վեց տոկոս է: Ե՛վ արտահանման, և՛ ներմուծման գծով: Ռուսական մամուլում առայժմ փորձագիտական գնահատականներ չկան, թե պատժամիջոցների չեղարկումից հետո ինչ զարգացում կապրեն հայ-իրանական տնտեսական հարաբերությունները:
Փոխարենը՝ արևմտյան մամուլում դրանք արդեն առկա են: Արևմտյան փորձագետների կարծիքով` Հայաստանի ու Վրաստանի համար տնտեսական նոր հնարավորություն է բացվում: Բոլորը ենթադրում են, որ մենք կարող ենք լուրջ միջնորդ օղակ դառնալ Իրան-ԵՄ հեռանկարային տնտեսական հարաբերություններում: Արևմուտքի վերաբերմունքի «փափկելն» Իրանի հանդեպ փորձագիտական շատ վերլուծություններում քաղաքական շահերով է բացատրվում: Եվրոպական երկրները փորձում են ռուսաստանյան գազատարին այլընտրանք գտնել: Արևմտյան փորձագետները հենց այստեղ են տեսնում Հայաստանի ու Վրաստանի շահը և այն համարում են ռուս-թուրքական «Հարավային հոսք» գազամուղի իրական այլընտրանք:
Բոլոր դեպքերում, հիմա շատերն են հակված կարծելու, որ այս համաձայնագիրը կարելի է Իրանի հաղթանակ որակել: Նույնիսկ նոր կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու փաստից Հայաստանի համար իսկապես տնտեսական հարաբերությունների աշխուժացման հեռանկարներ են բացվում: Իրենց մշտական հակասությունների արանքում` թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը, մատների արանքով կնայեն այդ հարցին: Մեր տնտեսության համեստ մասշտաբի պատճառով` առաջին հերթին: Ինչպես ասում էր մի քաղաքական գործիչ, հայ իրանական հարաբերությունների այս էտապում կարևոր է չկորցնել պատմական պահը: Ապագայում ավելի բարենպաստ հնարավորություն դժվար թե լինի: