Ինչպե՞ս դիմակայել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն այսօրվա ասուլիսին, խոսելով շոգ եղանակից պաշտպանվելու միջոցների մասին ասաց, որ օդի բարձր ջերմաստիճանին ու ուլտրամանուշակագույն ճառագայթմանը դիմակայելու համար անհրաժեշտ է, որ բնակչությունը վերանայի իր վարքագիծն ու սովորույթները. «Շոգ եղանակն առաջին հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման ու տարածման համար՝ տարբեր միջավայրերում: Խորհուրդ կտայի՝ հետևել սննդի հիգիենային և հատուկ պահպանում պահանջող սննդամթերք չգնել պատահական վայրերից: Այս եղանակին պետք է քչացնել կալորիական սննդի ընդունումը, իսկ սննդի հիմնական մասը հարկավոր է ընդունել զով ժամերին»:

Աիդա Պետիկյանը զգուշացրեց՝ դեկորատիվ ջրավազաններից օգտվելն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում. «Դրանք ստեղծված են էսթետիկ հաճույք պատճառելու և որոշակի կլիմա ապահովելու համար, բայց դրանց ջուրը չի զտվում, չի վարակազերծվում, այնտեղ լողում են կենդանիներ և ավազաններում առկա են տարբեր տեսակի վարակներ: Լողալիս ոչ միայն մաշկն է շփվում աղտոտված ջրի հետ, այլև երեխաները կուլ են տալիս այդ ջուրը, ինչը լուրջ վտանգներ է պարունակում: Չի կարելի օգտվել գետերի այն հատվածներից, որտեղ կան սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերն արտանետվում են գետերի մեջ: Գետերի ճահճացված հատվածներում ևս մանրէների բազմացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում»:

Ա. Պետիկյանը նշեց, որ օրվա ընթացքում հարկավոր է մեծ քանակությամբ ջուր խմել. «Քրտնքի միջոցով օրգանիզմը ջրազրկվում է, այդ պատճառով անհրաժեշտ է օրվա ընթացքում 3 լիտր հեղուկ օգտագործել, հիմնականում՝ ջրի տեսքով: Շոգ եղանակին չի կարելի նաև երկար ժամանակ անցկացնել փակ տարածքներում: Սենյակները պետք է օդափոխել: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս օրգանիզմի վրա բացասական ազդեցություն են ունենում (օրինակ՝ շոգ վայրից միանգամից օդորակիչ ունեցող սենյակ մտնելը) և զարմանալի չէ, որ շոգ եղանակին ունենում ենք մրսածության դեպքեր»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս