«Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ շարժումը վաղուց է մարել, եթե ակտիվություն նկատվի, այլ ձևաչափով կլինի»
Երեւանում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ցույցերի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանի հետ:
-Պարոն Մարգարյան, Երեւանում մինչեւ այժմ շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ցույցերը: Հնարավո՞ր է, որ մեր իշխանությունները փորձեն շարժումն օգտագործել Ռուսաստանից զիջումներ կորզելու նպատակով` հայ-ռուսական միջպետական ինչ-ինչ խնդիրների՝ ի օգուտ Հայաստանի լուծման համար:
-Այո՛, կան որոշակի հիմքեր կարծելու, որ իշխանություններն այս շարժումն օգտագործում են՝ լուծելու որոշակի խնդիրներ՝ ռուսական ու մեր կողմի օլիգարխների հետ բանակցություններում: Բայց, համարյա համոզված եմ, որ այդ գործընթացը սկսվել է քաղաքացիական շարժման հետեւանքով եւ ոչ թե հակառակը:
-Լա՞վ է, թե՞ վատ, որ շարժումն առաջնորդներ չունի, այլ առկա է համակարգող խումբ:
-Հետազոտողի կարգավիճակում ես իրավունք չունեմ բարոյական գնահատականներ տալ: Միայն կարող եմ ասել, որ նամանավանդ իշխանության՝ թեկուզ եւ ոչ լրիվ բավարարող արձագանքից հետո, թվացյալ միասնականությունը ներկայացավ իր իրական էությամբ: Պատճառներից մեկն այն է, որ նախագահի ու այլ պաշտոնյաների արձագանքներին մասնագիտական պատասխաններ էին անհրաժեշտ, ինչը տալուն պատրաստ չեն ցույցի մասնակիցների մեծամասնությունը:
-Արդյո՞ք նկատելի է, որ այս օրերին մտավորականները մեծ չափով աջակցեին պայքարող երիտասարդներին:
-Մտավորականների առումով չեմ կարող շատ բան ասել, որովհետեւ շատերին տեսել եմ քաղաքացու կարգավիճակում: Հատուկ սատարում, հայտարարված օժանդակության չեմ հանդիպել: Հավանաբար պետք է հստակեցնեք, թե մտավորական ասելով ի՞նչ նկատի ունեք:
-Մտավորական ասելով՝ նկատի ունեմ գիտության, տեխնիկայի ոլորտի անձինք: Իսկ մշակույթի ոլորտի անձանցից ոմանք, կարծես թե իրենց դիրքորոշումն արդեն արտահայտել են, որ կողմ են շարժմանը:
-Նկատի ունեմ, որ միասնական ձեւակերպված տեքստով հանդես չեն եկել: Շատ դեպքերում, նրանց կարծիքները եղել են քաղաքացու եւ ոչ թե փորձագետի կարծիք:
-Այո´, հանդես չեն եկել, մինչդեռ երիտասարդներին սատարելու համար անհրաժեշտ էին նաեւ հմուտ տնտեսագետների կարծիքները:
-Այս շարժումը դասական քաղաքական շարժման ձեւաչափով չէր եւ տնտեսագետները (ինչպես նաեւ այլ փորձագետներ) էլիտիստական դիրքերից չեն ներկայացել: Այսինքն, մտավորականներն առաջնորդող չեն եղել եւ նաեւ հատուկ չեն առանձնացել ցուցարարների ֆոնի վրա: Ինչպես, օրինակ Արցախյան շարժման կամ ՀԱԿ-ի շատ միջոցառումների ժամանակ: Նույնիսկ քաղաքական էլիտայի շատ գործիչներ իրենց համեստ դերակատարություն էին վերագրել՝ միանալով պատի մեջ կանգնած դերասանների ու երգիչների: Նրանք առաջին պլանում չեն եղել եւ մտավորականության դերն այս դեպքում հատուկ ընդգծելը տեղին չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: