Բաժիններ՝

Մարո տատս տեսել է իր 7 որդու մահը

Մարո Հակոբյանի պատմությունը

1880 թ., Վան

Հրաչիկ Հակոբյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր գերդաստանի պատմությունը: 7 եղբայր են եղել, որոնց մի մասը գյուղում զբաղվել է անասնապահությամբ, իսկ մյուսները գնում էին Պոլիս` արտագնա աշխատանքի: Կոտորածից խուսափելու համար խումբ-խումբ լքել են գյուղը:
«Իմ գերդաստանի անդամները գաղթել են Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Գյոլվա Եղեգիս գյուղից: 7 եղբայր էին, որոնց մի մասը գյուղում զբաղվում էր անասնապահությամբ, իսկ մյուսները գնում էին Պոլիս (Կոստանդնուպոլիս) արտագնա աշխատանքի: Տատս՝ Մարոն, հարս էր եկել մեր գերդաստան հարևան գյուղից, քահանայի թոռ էր և պատմում էր. «Լավ կապրեինք, ունեինք մեծ քանակությամբ ոչխարներ, կովեր, գոմեշներ, մեղուներ, իսկ ովքեր Պոլիս խոպան կերթային, ոսկի կբերեին»: Պապս՝ Մովսեսը, ջուլհակ էր: Մարո տատս մինչև կյանքի վերջը խոսում էր արևմտահայերեն և երգում էր նաև քրդական երգեր:

1915թ. կոտորածից փրկվելու նպատակով տղամարդիկ այլ ճանապարհով, կանայք և երեխաները այլ ճանապարհով, փոքր խմբերով աննկատ լքում են գյուղը: Ճանապարհին 12 կանայք որոշում են թաքցնել իրենց ոսկիները: Մարոյի մայրը՝ Թագուհին, լինելով քահանայի աղջիկ, առաջարկում է կանանց իրենց ոսկիները թաքցնել այնպես, որ մեկը մյուսի տեղը չիմանա, որպեսզի թուրքերի կողմից մեկի բռնվելու դեպքում չբացահայտվի բոլոր ոսկիների տեղը: Գաղթի ճանապարհին, մինչև զորավար Անդրանիկի զորքի հասնելը, Մարո տատս տեսնում է իր բոլոր 7 որդու մահը և ականատես է լինում նաև, թե ինչպես են թուրքերը գրազ գալիս այն բանի շուրջ, թե հղի հայ կնոջ որովայնում աղջիկ է, թե տղա, և բացում կենդանի կնոջ որովայնը և գազանաբար հրճվում:

Գաղթի ժամանակ ցերեկները թաքնվում էին քարանձավներում և այլ թաքստոցներում՝ երեխաներին ամուր կրծքերին սեղմած, որպեսզի երեխաների լացի ձայնից թուրքերը չիմանային իրենց տեղը: Հիմնականում տեղաշարժվում էին մութն ընկնելուն պես, քանի որ իրենց հայտնի էր, որ գիշերը թուրքերը վախից դուրս չէին գալիս:

Անդրանիկի զորքին հանդիպելուց հետո պարզվում է, որ այդ զորքում է նաև Թագուհի տատիկի քեռու տղան՝ Լևոնը, ում Թագուհին խնդրում է հետ վերադառնալ իրենց ոսկիների հետևից՝ Լևոնը իր ձիով, իսկ Թագուհին՝ Անդրանիկի սպիտակ ձիով: Տեղ հասնելով՝ տեսնում են, որ թուրքերը մոտակա տարածքները արորով վարել են՝ ոսկիները գտնելու նպատակով: Տեսնելով վարած տարածքները՝ Լևոնը առաջարկում է հետ վերադառնալ, սակայն Թագուհին իջնում է ձիուց և ցույց տալիս այն վայրը, որտեղ ինքը թաքցրել էր կճուճով լի ոսկին, իսկ Լևոնը, սրով հարվածելով նշված տեղը, լսում է կճուճի զնգոցը: Սակայն Լևոնը Թագուհուն չի թողնում վերցնել կճուճով լի ոսկին, այլ առաջարկում է վերցնել մի փոքր մասը, մտածելով, որ շուտով վերադառնալու են իրենց տները:

Մարոն պատմում է նաև, որ Արազն անցնելիս մի գաղթական կնոջ ձեռքից ընկնում է իր բարուր երեխան, ինչից անմիջապես հետո մայրն իրեն նետում է գետը՝ երեխայի հետևից, ինչի արդյունքում երկուսն էլ մահանում են: Էջմիածին են հասնում Թագուհի տատիկը, Մովսես պապիկը, Մարո տատիկը և վերջինիս քեռու 3 տղան: Այստեղ 2 ամիս մնալուց հետո տեղափոխվում են ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղ: Հարցին, թե ինչու բնակություն հաստատեցին հենց Գյուլիստանում, տատիկս պատասխանում էր. «Գյուլիստանի բնությունը շատ նման էր Գյոլվա Եղեգիսի բնությանը»: Թագուհի տատիկը 1915թ.-ից մինչև 1956թ. (իր մահը) եղել է Գյուլիստանի մանկաբարձուհին (տատմերը), ինչի պատճառով էլ նրան գյուղում «նան» էին ասում: Ծղոտների վրա ծնունդ ընդունելով՝ գյուղում ոչ մի երեխա չի մահացել: Մարո տատիկս մահացել է 1984-ին 104 տարեկանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս