Հայտարարություն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի «Փաստարկների» վերաբերյալ

«Արդեն որերորդ տարին է երկրի հասարակությունը «դեժավյու» է ապրում: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սակագնի բարձրացումը հերթական անգամ որակեց որպես «անխուսափելի» երևույթ:

Դեռ 2014թ. հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի ևս մեկ անգամ բարձրացման կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պնդում էր «Դատապարտված եմ… Էներգահամակարգի կայունության ապահովման խնդիր ունեմ»: Ավելին՝ պարոն Նազարյանը մտահոգ նշում էր, թե սպասվում են էական փոփոխություններ այն գործոնների, որոնք ազդում են համակարգի ձեռնարկությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը արձագանքելով նշված «փաստարկներին», հանդես եկավ հայտարարությամբ, որում հարցեր ուղղեց Ռ.Նազարյանին: Ստիպված ենք մեջբերել մեր հարցադրումները, քանի որ հանձնաժողովը և նրա նախագահը անհաղորդ մնացին դրանց և իրենց անգործությամբ ավելի խորացրեցին ՀԷՑ-ում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, ինչը վտանգում է էներգահամակարգի գործունեությունը:

Ահա, թե ինչ պատասխաններ էինք ակնկալում Ռոբերտ Նազարյանից:

  1. Մեկ տարի առաջ (2013թ.) 30% (8 դրամով) սակագնի բարձրացումը ո՞ր խնդիրների լուծմանը նպաստեց և արդյո՞ք չավելացրեց կոռուպցիոն ռիսկերը համակարգում:
  2. Արդյոք հանձնաժողովի ուսումնասիրությունները կարո՞ղ են օբյեկտիվ պատկեր տրամադրել էներգահամակարգի տնտեսական քաղաքականության վերաբերյալ, երբ զարգացած երկրներում միմիայն անկախ աուդիտն է համարվում իրական վիճակի արտահայտումը:
  3. Ի՞նչ չափերի են հասել էլեկտրաէներգիայի կորուստները և որո՞նք են դրանց պատճառները: Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում տարբերակված մոտեցում ցուցաբերելու և կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
  4. Հաշվարկվել է արդյոք, թե ինչպիսի՞ վնասներ կկրեն տեղական արտադրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք այլ երկրներում 1 կվտ/ժ. էլեկտրաէներգիայի սպառման գինը կազմում է 5-7 սենթ, իսկ մեզանում, թանկացումից հետո` 10 սենթ: Այսինքն արտահանման ենթակա ապրանքներն այլևս կկորցնեն իրենց մրցունակության աստիճանը, իսկ ներքին շուկայում կխրախուսվի ներմուծման գերակայությունը:
  5. Արդյո՞ք ուսումնասիրվել է ծառայության որակը` 1 տարի առաջ սակագնի բարձրացումից հետո, երբ պարբերաբար լինում են հոսանքի տատանումներ, ինչի պատճառով նյութական լուրջ վնասներ են հասցվում սպառողին: Այնինչ, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը ստացված շահույթների դիմաց պարտավոր էր արդիական և վերազինված համակարգով սպառողին ապահովել անխափան, անվտանգ էլեկտրաէներգիա:
  6. «Չմեկտեղելով» սոցիալական խնդիրները, արդյո՞ք կառավարությունը դիտարկում է հասարակության տրամադրությունների ռադիկալիզացումը, ինչին կաթիլ առ կաթիլ նպաստում են և՛ պարտադիր կուտակայինի «չպարտադրված» գործոնի, և՛ անհիմն բարձր տուրքերի և տուգանքների, և՛ աղքատության, գործազրկության, արտագաղթի, սոցիալական արդարության սկզբունքի իսպառ բացակայության վտանգավորությունը:

Արդյո՞ք ՀՀ կառավարության անդամները, ՀԾԿՀ նախագահը կարող են տարբերություն գտնել այսօրվա և դեռ նախորդ տարի բարձրացված հիմնահարցերի միջև: Պարզից էլ պարզ է, որ եթե դեռ մեկ տարի առաջ պատկան մարմինները նպատակ ունենային համալիր միջոցներ ձեռնարկել և, հատկապես, մեր կողմից նշված անկախ աուդիտը իրականացնեին, ապա այսօր կունենայինք լրիվ այլ որակական արդյունք:

Մենք այսօր էլ պնդում ենք, որ «շան գլուխը» թաղված է կոռուպցիոն համակարգում: Որպես հաստատում ներկայացնում ենք հետևյալ փաստերը: 2014թ.-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի և նավթամթերքների գնից հանված են մաքսատուրքերը: Այնինչ դրանց պահպանման պարագայում ՌԴ պետական բյուջեն կարող էր միայն 2014թ. մոտ 104 մլն. դոլար գազի և 48մլն. դոլար նավթամթերքների մասով եկամուտներ ստանալ: Այսինքն, Հայաստանի տնտեսության համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվում ապրանքների ինքնարժեքը իջեցնելու և նրանց մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Դրամ-դոլար փոխարժեքի 16% տատանումների մասին չարչրկված հարցի վերաբերյալ. պարզվում է, որ 2015թ-ի հունվարից ռուսական կողմը 25$-ով իջեցրել է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ սահմանելով աննախադեպ ցածր 165$ 1000 խորանարդ. մետրի դիմաց: Դրանով Գազպրոմը չեզոքացրել է դրամի անկման բացասական հետևանքները գազի գնի մասով: Այսինքն, դրամի արժեզրկումը որպես սակագնի բարձրացման պատճառ բերվող «փաստարկը» առնվազն կեղծ է:

Այսպիսով, 2013թ.-ից հնչող խոստումները սակագնի բարձրացման հաշվին էներգահամակարգում «էական փոփոխություններ» կատարելու վերաբերյալ սին են, մնացել են անկատար և կուտակված պարտքերի արմատները պետք է փնտրել այլ հասցեով:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը   գտնում է որ, նախատեսված աուդիտին զուգահեռ իրավապահ մարմինները բոլոր հիմքերը ունեն և պարտավոր են հետաքննություն սկսել՝ պարզելու էներգահամակարգում տիրող իրավիճակը և պատասխանատվության ենթարկելու չարաշահումներ թույլ տված անձանց:

Մեր նպատակը մեկն է՝ թույլ չտալ անհիմն կերպով ավելացնել մեր ժողովրդի առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, ինչը խրախուսում է արտագաղթը: Հետևաբար հայտնում ենք մեր համերաշխությունը քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկած մեր հայրենակիցներին և աջակից ենք նրանց պահանջներին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական Խորհուրդ
03.07.2015թ.

Տեսանյութեր

Լրահոս