«Հուսամ` ՀՀ իշխանությունները հաշվի կառնեն ուկրաինական իրադարձությունների դառը դասերը». Ալեքսանդր Բոժկո
168.am–ի զրուցակիցն է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
– Պարոն Բոժկո, Երևանի կենտրոնում արդեն մի քանի օր պայքար է մղվում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչն արդեն իսկ լայնածավալ պայքարի է վերածվել` օր ու գիշեր: Որոշ ռուսաստանցի փորձագետներ, որոնք հետևում են տեղի ունեցող իրադարձություններին, փորձում են Երևանում ստեղծված իրավիճակը համեմատել ուկրաինական Մայդանի հետ` դրանում արտաքին միջամտություն և Մայդանի հետքեր փնտրելով: Ձեր տպավորությամբ` ի՞նչ է կատարվում Երևանի կենտրոնում, որքանո՞վ է տեղին ներկայումս ծավալվող իրադարձությունները Մայդանի հետ համեմատելը:
– Ընդհանրություն գտնում եմ նրանում, որ ինչպես՝ Մայդանը, այնպես էլ՝ Երևանում սոցիալական բողոքի ակցիաները, եթե կուզեք, ժողովրդավարության ուղիղ գործողության դրսևորումներ են: Եթե պետական ինստիտուտները, որոնք կոչված են քաղաքացիների շահերը պաշտպանելուն, չեն աշխատում կամ աշխատում են վատ, ապա քաղաքացիները դիմում են բողոք հայտնելու իրենց սահմանադրական իրավունքին: Հետագա զարգացումները կախված են նրանից, թե ինչպես են իշխանություններն արձագանքելու այս ամենին: Հուսամ, որ հայաստանյան իշխանությունները հաշվի կառնեն ուկրաինական իրադարձությունների դառը դասերը:
– Բաղրամյան պողոտայում կանգնած ակտիվիստներն այս պահի դրությամբ գիտեն` ինչու են պայքարում, բայց հստակ չեն կարողանում ձևակերպել իրենց պահանջները և հետագա գործողությունները, որը ստիպում է որոշ փորձագետների՝ այս շարժումը տապալված որակել: Վերհիշելով Մայդանի փորձը` ի՞նչ կարելի է եզրակացնել` սա տապալվա՞ծ պայքար է, թե՞ երկրի ապագայի կերտման հիմքը:
– Եթե ներկայիս բողոքի ակցիաները հանգեցնեն էլեկտրաէներգիայի համար սահմանված կոշտ գների որոշման չեղարկմանը, ի դեպ, այդ գներն ավելի բարձր են, քան Ուկրաինայում, ապա կարելի է խոսել այն մասին, որ հայաստանյան երիտասարդության գործողություններն իզուր չանցան: Բացի դա, բողոքի ակցիաները փաստեցին, որ հայ հասարակության համեմատաբար ավելի ակտիվ հատվածը չի ընդունում ներկայումս գործող քաղաքական կուսակցություններին, հատկապես նրանց, որոնք խորհրդարանական կոալիցիայի մաս են կազմում, որոնք, ըստ էության, պետք է ավելի շատ հոգային բնակչության սոցիալական պաշտպանվածության, և ոչ թե՝ ֆինանսական հոսքերի և կառավարությունում տաք տեղերի տեղաբաշխման մասին: Բայց վախենամ, որ այսօրվա բողոքական ներուժն իր ներկայիս տեսքով այդպես էլ չօգտագործվի իրավիճակի` թե տնտեսական, թե քաղաքական, արմատական փոփոխության նպատակով: Առավելագույնը՝ շարժումը մաս մաս կբաժանեն իրար մեջ առկա հայ քաղաքական հիմնական խաղացողները:
Բայց այնուամենայնիվ, ներկայիս իրադարձությունները, ինչպես ես եմ կարծում, ուժեղ խթան կհանդիսանան Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Բողոքի ակցիաների հաջողության դեպքում հասարակությունը կհամոզվի իր ներուժի և երկրում կարևոր որոշումների վրա ազդելու իր հնարավորությունների մեջ:
– Պարոն Բոժկո, հայաստանյան քաղաքացիական հասարակությունը կարո՞ղ է կրկնել, ըստ Ձեզ, Մայդանի փորձը՝ երկրի իշխանություններին արտաքին քաղաքական նոր վեկտոր թելադրելու տեսանկյունից, թե՞ այս պայքարը նման խնդիրներ չի կարող առաջադրել, քանի որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո Երևանում այդ որոշման դեմ գաղափարական պայքար չսկսվեց:
– Հիմիկվա իրադարձությունների հետ կապված այդ մասին չարժե խոսել, քանի որ բողոքի ակցիաները դեռ, ինչպես ինձ թվում է, ունեն բացառապես տնտեսական բնույթ: