Ռուսաստանը միգուցե օգտագործի Հայաստանին Վրաստանի դեմ. Կախա Գոգոլաշվիլի

«Հայաստանն ու Վրաստանն ունեն հակադրվող արտաքին քաղաքական ուղիներ, բայց մեծաթիվ ընդհանուր շահեր»,- Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Վրաստանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին` անդրադառնալով Հայաստանի ու Վրաստանի որդեգրած ինտեգրացիոն ուղիներին:

Նա նշեց, որ Վրաստանի ու Հայաստանի մասնակցությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի և Վրաստանի միջև խոչընդոտ չէ: Նրա համոզմամբ` հարևան  երկրները կարող են մնալ լավ գործընկերներ, եթե Ռուսաստանն ավելի ագրեսիվ չլինի այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են միանալ ԵՄ-ին: «Այդ պարագայում Ռուսաստանը միգուցե փորձի օգտագործել Հայաստանին՝ Վրաստանին ճնշելու նպատակով: Նույնիսկ այս պարագայում երկու երկրների ղեկավարությունները կարող են շրջանցել առճակատումն ու շարունակել համագործակցությունը: Հայաստանն ու Վրաստանն ունեն արտաքին քաղաքական հակադիր նպատակներ, որոնք անդրադառնում են տարածաշրջանային կայունության վրա: Բայց շատ են ընդհանուր շահերը, որոնք կողմերին ստիպում են կոմպրոմիսներ ու փոխընդունելի համագործակցության եզրեր գտնել: Կարծում եմ, որ երկու կողմերը հասկանում են, որ հարաբերությունների խորացմանն այլընտրանք չկա»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:

Խոսելով Հայաստանի աշխարհաքաղաքական որոշման մասին` նա ասել է, որ երկրների քաղաքական որոշումները միշտ չէ, որ կախված են լինում իրենց իսկ սեփական քաղաքական որոշումից, ինչպես Հայաստանի դեպքում: Նրա վստահեցմամբ` կասկած չկա, որ ԵՄ-ին ինտեգրումն ավելի օգտակար է, քանի որ այդ գործընթացն իրենից ներկայացնում է հնարավորություն ժողովրդավարական նորմերի ներդրման և բարգավաճման համար: Այնինչ, նրա խոսքով, Ռուսաստանը՝ որպես ավտորիտար և տնտեսապես թույլ երկիր, չի կարող առաջարկել նույն հեռանկարներն իրեն ինտեգրվող երկրներին: «Ակնհայտ է, որ, եթե Հայաստանը լիներ ազատ իր ընտրության հարցում, ապա կկայացներ որոշում՝ ի օգուտ եվրոպական ինտեգրացիայի»,- ընդգծեց նա: Ըստ վրացի փորձագետի` Հայաստանն ու Վրաստանն իրենց մասնակցությունները երկու ինտեգրացիոն պրոյեկտներին կարող են դրականորեն օգտագործել, հատկապես այս հանգամանքը լավ բիզնեսի հնարավորություն է:

Հարցին, թե ո՞րն է «Արևելյան գործընկերություն» ծրագրի գլխավոր բացը, նա պատասխանեց, որ ԱԼԳ-ն շատ լավ մշակված ծրագիր է համագործակցության համար, սակայն ծրագրի հիմնական խնդիրը ֆինանսավորման պակասն է: «Կարևոր է մեծացնել ծրագրի բյուջեն ԱԼԳ նպատակների իրագործման համար»,- ասաց նա:   

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս