«Ո՛չ թալանին, այո՛ քաղաքականությանը»
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիաները՝ անկախ նրանից՝ ինչպես և երբ դրանք կհասնեն իրենց նպատակին (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցմանը), կամ ընդհանրապես կհասնե՞ն, թե՞ ոչ, ունեն կարևորագույն նշանակություն, որը երկու բառով կարելի է անվանել երիտասարդական ակտիվություն, երիտասարդների պահանջատիրություն: Քաղաքացիական ակտիվիստները՝ ի սկզբանե հայտարարելով, որ իրենք չունեն քաղաքական պահանջներ, այսօր զբաղված են բացառապես քաղաքական բնույթի պահանջ ներկայացնելով:
Իրենց պայքարի շարունակականությունը ևս նրանք տեսնում են քաղաքական հարթությունում՝ հայտարարելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չկասեցնելու դեպքում իրենք հանդես են գալու նախագահի կամ վարչապետի հրաժարականի պահանջով: Ոչ իշխանական, ընդդդիմադիր քաղաքական ուժերը բողոքի այս ակցիաներին ներգրավված են դեռևս մասնակիցների, բայց ոչ՝ կազմակերպիչների կամ առաջնորդների կարգավիճակով: Դա, ի թիվս այլ պատճառների, բխում է նաև քաղաքացիական հասարակության կողմից՝ քաղաքականությունն իրենց գործունեության մեջ բացառելու ընկալումից: Քաղաքացիական ակտիվիստներից շատերը, ոչ առանց հիմքի, ուղղակի «զզվում», խորշում են քաղաքականությունից:
Այդուհանդերձ, նրանց բարձրացրած խնդիրները, կրկնում ենք, կարող են լուծվել միմիայն քաղաքական հարթությունում և քաղաքական մեթոդաբանությամբ: Հաշվի առնելով ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայիս լղոզվածությունը, որևէ ուժի ներգրավումը քաղաքացիական պայքարին կարող է հուսահատեցնող թվալ: Բայց այլ տարբերակ, գոնե այս պահին, չկա: «Ո՛չ թալանին» կարգախոսը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ այն գոնե նվազագույն չափով քաղաքական փաթեթավորում ու գործիքավորում ստանա: Իհարկե, հնարավոր է, որ գործող ընդդիմադիր ուժերից որևէ մեկն անգամ չցանկանա ստանձնել քաղաքացիական պայքարի առաջնորդումը, ինչն ամենևին չի փոխում իրերի դրվածքը: Շարժումը, այսպես թե այնպես, պետք է քաղաքականացվի գուցե անգամ երիտասարդների կողմից ներկայացվելիք հայտով:
Այլ կերպ ասած, «Ո՛չ թալանին» կարգախոսը պետք է լրացվի «Այո՛ քաղաքականությանը» մոտեցմամբ: Ընդ որում, երիտասարդներն իրենք կարող են քաղաքական ուժերի միջև որոշակի «ընտրություն» կատարել՝ ներկայացնելով սեփական չափանիշները: Ու ամենակարևորը՝ պետք է հստակ լինի այն գիտակցումը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ածանցյալ է շատ ավելի խորքային խնդիրներից, որոնք ընդհանուր առմամբ հանգում են արտաքին քաղաքականությանը: Արդյոք էլեկտրաէներգիան կթանկանա՞ր, կամ ՀԷՑ-ն իրեն կպահե՞ր այսքան սանձարձակ, եթե Հայաստանն անդամակցած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը:
Հետևաբար՝ պայքարել ՀԷՑ-ի թալանի դեմ, որոշակի իմաստով, նշանակում է՝ պայքարել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ: Առաջին հայացքից՝ կարող է թվալ, որ դա ուշացած նպատակ է, քանի որ Հայաստանն արդեն 6 ամիս ԵՏՄ անդամ է: Բայց նույն կերպ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, (ՀԾԿՀ) արդեն 6 օր է, կայացրել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Այսինքն՝ երկու դեպքում էլ գործ ունենք արդեն իսկ կայացված որոշումների, անօրինական որոշումների հետ: Հետևաբար՝ քաղաքացիական պայքարի քաղաքականացման, թերևս, ամենակարևոր չափանիշներից մեկը կարող է լինել ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումը:
Դա, ի դեպ, զգալիորեն կհեշտացնի կուսակցությունների շարքից ընտրություն կատարելու կամ պայքարին մոտ թողնելու գործը, քանի որ, ինչպես հայտնի է, քաղաքական ուժերի մեծ մասը ԵՏՄ-ի մասին լսելիս՝ դառնում է «անշրջելի»:
Շատ է խոսվում, ընդ որում՝ իրավացիորեն, որ այսօր Հայաստանում կատարվող գործընթացները, քաղաքական ուժերի պասիվության ֆոնին քաղաքացիական միավորների ակտիվությունը նպաստում է երիտասարդության կայացմանը, քաղաքացու կերպարի ձևավորմանը, և այլն: Դա իսկապես ճիշտ է: Բայց այդ գործընթացը, քաղաքացիականությունն՝ ընդհանուր առմամբ, միայն կշահի՝ ավելի արագ քաղաքականացվելով, ճի՛շտ ուղղությամբ քաղաքականացվելով: