Բաժիններ՝

Արամ Մանուկյանը՝ ՀՀ պետական պարտքի փոփոխման մասին. «Սա ՀՀ սնանկացման քաղաքական ծրագիր է»

«Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխությունն ու դրանից ԿԲ պարտքի առանձնացումը լայն հորիզոններ է բացում կառավարության համար՝ նոր պարտք ներգրավելու համար, նաև ԿԲ-ն կարող է առանց սահմանափակման վարկեր վերցնել, որովհետև սահմանափակումները վերաբերելու են միայն կառավարության պարտքին: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Կառավարությունը, հիշեցնենք, նախատեսում է պետական պարտքից առանձնացնել Կենտրոնական բանկի պարտքը, սահմանվում է միայն կառավարության պարտք, որը չպետք է գերազանցի ՀՆԱ 60%-ը:

Ըստ Ա.Մանուկյանի՝ սա նշանակում է, որ կառավարությունն էլ ավելի է մեծացնելու ՀՀ պարտքը, որ այս տարվա ապրիլին կազմել է 4.7 մլրդ դոլար: Նրա խոսքով՝ 2015թ. 2008թ. համեմատ ՀՀ պետական պարտքն ավելացել է 3 անգամ, այդ ընթացքում ՀՆԱ-ն 11.6 մլրդից իջել է 10.9 մլրդի, իսկ այս տարվա սպասելիքները դոլարի հետ կապված ՀՆԱ դոլարային ներկայացումն ավելի վատ թվեր կարձանագրի և սպասվելիք վարկերի տոկոսները գնալով ավելի բարձր են լինելու, այսինքն՝ ՀՀ վերցրած պարտավորությունները լինելու են ավելի ծանր:

Ա.Մանուկյանը նշեց, որ այս տարվա պայմանավորվածությունները դեռ չեն մտել 4.7 մլրդ-ի մեջ, օրինակ՝ Հյուսիս-Հարավի 150 մլն դոլար, գերմանական վարկը՝ 200 մլն, Որոտանի վարկը՝ 45 մլն, էլեկտրացանցի վարկը՝ 10 մլն, սոցիալական համակարգերը՝ 30 մլն, քաղաքի լուսավորության վարկը՝ 4 մլն, գյուղվարկերը և այլն:

Կարդացեք նաև

Պատգամավորը ամփոփեց, որ առաջիկայում 1.5 մլրդի բեռի ավելացում է սպասվում և այս տեմպերով շարունակվելու դեպքում 2 տարի անց ՀՀ պարտքը կկազմի 7 մլրդ: Ըստ նրա՝ պարտք ունենալը վատ բան չէ, ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը չի որոշում քո երկրի անկախությունն ու հաջողությունը: Ա.Մանուկյանը համաձայնեց իշխանական գործընկերների հետ, որ համադրելի թվերը պետք է համեմատել և շեշտեց, որ ՀՀ-ի հետ անհամադրելի են Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի օրինակները, որովհետև ԱՄՆ-ն 2 տրիլոնի առևտուր ունի, Իտալիան վերադարձելիության բարձր կառուցվածք և արտաքին առևտուր ունի:

«Դուք մեր ո՞ր արտաքին առևտրի ցուցանիշներով եք մտնում մեյդան: 1.5 միլիարդ արտաքին առևտուր ունենք, 40%-ը հումքն է: Դուք ստեղծե՞լ եք ինչ-որ բան, որ բերելու է ինչ-որ բան և էդ պարտքերը փակենք: Մեր պարտքը կազմում է 5 մլրդ, արտաքին առևտուրը կազմում է 1.5 մլրդ: Ի՞նչ ունենք տալու, ի՞նչ ենք ստեղծել էս եղած վարկերով, որ վարկեր նորից վերցնենք ու կարողանանք փակենք: Ասեք ծրագիրը, թե որով ենք փակելու, ոչ թե ինչի համար ենք վերցնում: Դուք պարտքը վերցնում եք ուրիշի պարտքը փակելու, պարտքը վերցնում եք համակարգը պահելու համար»,- հայտարարեց Ա.Մանուկյանը՝ կառավարությանը մեղադրելով, որ երբեք չի վերցրել պարտք, որ աշխատատեղ է ստեղծում ու բյուջեի 5%-ը նվազեցնում է:

Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում մեկ շնչին ընկնող պարտքը 2000 դոլար է, մինչդեռ ՌԴ «Համաքաղաքացիներ» ծրագրով գնացող յուրաքանչյուրին 2000 դոլար է տալիս, Սիբիր և ավելի հեռու գնացողը ստանում է 5000 դոլար, ու դրա համար են գնում: Մանուկյանը նկատեց, որ արտագաղթելու հաշվին պարտքի բեռը գնալով ավելանում է և դա նպաստելու է, որ մարդիկ ավելի շատ գնան:

«Սա ուղղակի Հայաստանի Հանրապետության սնանկացման քաղաքական ծրագիր է»,- հայտարարեց Ա.Մանուկյան՝ հավելելով նաև, որ ՀՀ սուվերենության կորստի ճանապարհ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս