Ջանջուղազյանը որևէ ռիսկ չի տեսնում, եթե կառավարության պարտքը ՀՆԱ-ի 60% լինի
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունները: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ պետական պատքից առանձնացվում է Կենտրոնական բանկի պարտքը, սահմանվում է միայն կառավարության պարտք, որը չպետք է գերազանցի ՀՆԱ 60%-ը: Ընդ որում՝ ԿԲ պարտքի համար սահմանափակում չի նախատեսվում:
Ա.Ջանջուղազյանը հայտարարեց, թե ԿԲ պարտքի սահմանափակում այսօր էլ չկա և այդ առումով ոչինչ չի փոխվում, իսկ կառավարության համար պարտք ներգրավեու հնարավորությունն ավելանում է ԿԲ ներկայիս բաժնեմասի չափով: Նա վստահեցրեց, թե որևէ ռիսկ չի տեսնում, եթե կառավարության պարտքը ՀՆԱ-ի 60% լինի:
«Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա ՀՆԱ-ի 50 %-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին 3 տարիների ծավալների միջին ցուցանիշի երեք տոկոսը: Ստացվում է, որ գործող օրենքով նախատեսված սահմանափակումը վերաբերում է պետական պարտքին ընդհանուր առմամբ, որը գոյանում է կառավարության և ԿԲ գործողությունների արդյունքում, մինչդեռ սահմանափակումների համար կիրառվող ցուցանիշի տեսակետից որոշակի չափով այն գերազանցելուց հետո կարգավորումներն առնչվում են բացառապես բյուջետային գործընթացին»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:
Նա հայտարարեց, թե դեֆորլտի որևէ ռիսկ չի առաջանում. «Եթե մենք դեֆոլտի թեկուզ փոքր ռիսկ ունենայինք, ոչ մի պարագայում եվրապարտատոմսեր չէինք կարող տեղաբաշխել: Ներդրողների հետաքրրությունը չի կարող լինել մի սուբյեկտի նկատմամբ, ով դեֆոլտի փոքր նշույլ է պարունակում»: