Միլիարդատեր, ով այդպես էլ չավարտեց դպրոցը. Forbes
Հեղինակավոր Forbes ամսագիրն իր 2013թ.կազմած «Միլիարդատերեր, ովքեր չեն ավարտել դպրոցը» վարկանշային աղյուսակում ներառել էր նաև ծագումով հայ գործարար Քըրք Քըրքորյանի անունը:
Tracinda Corporation-ի նախագահի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում էր 3,3 մլրդ դոլար: Նա Forbes-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում էր 412-րդ հորիզոնականը:
Քըրքորյանը ծնվել է 1917թ• ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Գործարարը լքել էր դպրոցը 8-րդ դասարանում: Նա ավագ եղբոր խորհրդով զբաղվում էր բռնցքամարտով ու երազում էր մարզական կարիերայի մասին: Սակայն նա այդպես էլ չկարողացավ իր երազանքն իրականություն դարձնել: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին տարվեց ավիացիայով ու ծառայության անցավ Թագավորական ռազմաօդային ուժերում:
Ապագա միլիարդատերը գնեց ոչ մեծ ավիաուղիներ ու գլխովին մխրճվեց ձեռնարկատիրական գործունեության մեջ:
Հիշեցնենք, որ հայազգի գործարարը մահացավ այսօր Լոս ԱՆջելեսում 98 տարեկանում, հայտնում է BBC-ն: Նա կրում էր «Լաս Վեգասի արքա» կոչումը ու նախկինի պես հետաքրքրվում բռնցքամարտով՝ որպես հանդիսատես:
Նրան անվանում էին մարդ, ով կերտել է այսօրվա Լաս Վեգասն իր խաղատների շարքերով, խաղային հաստատություններով ու շքեղ հյուրանոցներով: Իր առաջին հյուրանոց-խաղատունը Լաս Վեգասում Քըրքորյանը բացել էր 1960 թվականին:
Նա հիմնադրել էր MGM Grand ընկերությունը, որը 2000թ• Mirage Resort-ը 6,4 մլրդ դոլարով ու 2004թ• Mandalay Resort Group-ը 4,8 մլրդ դոլարով կլանելուց հետո վերածվեց MGM Resorts International-ի,որին էր պատկանում Լաս Վեգաս Սթրիփ հյուրանոցային համարների կեսից ավելին, նշում է Bloomberg-ը: Ընկերությունը այնպիսի հայտնի խաղատների օպերատորն է, ինչպիսիք են Bellagio-ն ու Mandalay Bay-ը: