ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հակահայկական զեկույցը, ամենայն հավանականությամբ, «չի խմբագրվի»
Մայիսի 28-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը քվեարկության կդրվի հունիսի 22-26-ին՝ ամառային լիագումար նստաշրջանի ընթացքում։ Զեկույցի հեղինակների՝ ԵԽ ԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունդի և լեհ խորհրդարանական Թադեուշ Իվինսկու պնդմամբ՝ «Հայաստանի ագրեսիան», ԼՂ հակամարտության չկարգավորումն են հանգեցրել Ադրբեջանում տիրող ժողովրդավարության ճգնաժամին` մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարմանը, ալիևյան դիկտատուրային։ Ադրբեջանում տիրող իրավիճակի, քաղբանտարկյալների, հիմնարար ազատությունների ոտնահարումների մասին անդրադառնալու փոխարեն՝ զեկույցում խոսվում է ԼՂ հակամարտության մասին հետևյալ վտանգավոր ձևակերպմամբ. «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Թեև ԵԽ ԽՎ զեկույցներն իմպերատիվ ուժ չունեն, վերջին շրջանում սա արդեն երկրորդ նմանատիպ ձևակերպմամբ բանաձևն է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերտառությամբ՝ տխրահռչակ, Ռոբերտ Ուոլթերի չվերընտրման հետևանքով տապալված զեկույցից հետո, որոնցով Ադրբեջանը Հայաստանի «օկուպանտ» իմիջն է ձևավորում` դրանով իսկ ազդելով ԼՂ հակամարտության կարգավորման վրա:
168.am-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը փորձեց պարզաբանել, թե ինչ ընթացակարգով կարող են փոփոխություններ մտցվել զեկույցի ձևակերպումներում: Նա նշեց, որ արդեն իսկ հաստատված զեկույցներում փոփոխություններ սովորաբար մտցվում են՝ ըստ զեկույցի հեղինակի կամ հեղինակների ցանկության: Նրա հավաստիացմամբ` փոփոխություններ սովորաբար տեղի չեն ունենում, սակայն այդ հնարավորությունը լիովին բացառել ևս չի կարելի:
«Շատ լավ գիտեք, որ ԵԽ ԽՎ-ում խավիարային դիվանագիտությունն ամենաբարձր մակարդակի վրա է, այս ամենը գաղտնի չէ, այդ մասին գիտեն և՛ Եվրոպայում, և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Առաջին իսկ օրը, երբ զեկույցն ու զեկուցաբերը պարզվեցին, մեր պատվիրակությունը պատկերացնում էր, թե ինչ պետք է տեղի ունենա, զարմանալի բան չէր սա, հատկապես այն ամենը, ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, «օկուպանտ» ձևակերպումին: Երկու տարբեր զեկույցներ պատրաստվեցին խավիարասերների կողմից:
Պեդրո Ագրամունդն էլ ի սկզբանե խավիարային դիվանագիտությանն մեջ է եղել, հայտնի է Ադրբեջանի հետ իր կապերով, որևէ մեկն այլ ակնկալիքներ չպետք է ունենար, նույնիսկ եվրոպական կազմակերպությունները նրա մասին գրել են, որ նա խավիարային դիվանագիտության ներկայացուցիչն է, անակնկալի գալ պետք չէ: Հատկապես այս օրերին, երբ Բաքվում եվրոպական խաղերն են ընթանում, նրանք ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը հեռացնել Ալիևի կլանի դեմ եվրոպական կազմակերպությունների քաղաքականությունից»,- նման կարծիք հայտնեց Պետո Դեմիրճյանը: Նա, միևնույն ժամանակ, ցավով նշեց, որ, եթե զեկույցը վերջնականապես ներկայացված է, փոփոխություններ այլևս չեն լինում: «Սակայն, եթե օրակարգում կան փոփոխություններ, լրացումներ, փոփոխություններ կարելի է անել, ենթադրում եմ, որ ՀՀ պատվիրակությունը կփորձի օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց Պետո Դեմիրճյանը: