«Արարատբանկի» 2 մլն դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը՝ լավ այլընտրանք ներդրողների համար

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ այսօր հայտարարվեց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» արժեկտրոնային պարտատոմսերի 9-րդ թողարկման մասին: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ շատ կարևորում են բնակչության համար խնայողությունների այլընտրանքային գործիք առաջարկելը: Նա ներկայացրեց բանկի ֆինանսական ցուցանիշները, պարտատոմսերի նախորդ ութ թողարկումների արդյունքները և նշեց, որ հաշվի առնելով արտարժութային պարտատոմսերի նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը՝ այս անգամ ևս առաջարկվում են դոլարային պարտատոմսեր:

«Կորպորատիվ պարտատոմսերը, իրոք, բավականին լավ այլընտրանք են: Շուկայում աշխատելու այս 7 տարիների ընթացքում հիմնական խոչընդոտը, որ տեսել ենք՝ բնակչության ֆինանսական գրագիտությունն է եղել, որովհետև շատ հաճախ մարդիկ չեն պատկերացրել, թե ինչ բան է պարտատոմսը, ինչ առավելություն ունի այն: Բայց ժամանակն իր արդյունքները տալիս է: Եվ, եթե հետևենք վիճակագրությանը, ապա միայն նախորդ տարի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում 188 գործարք է կնքվել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» կորպորատիվ պարտատոմսերով, և փաստացի այն հանդիսացել է առևտրի առարկա հանդիսացող ամենաակտիվ կորպորատիվ պարտատոմսը»,- ասաց Դ. Հարությունյանը:

Անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը՝ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» կողմից թողարկվել է 80.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 3 տարի շրջանառության ժամկետով: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2015թ. հունիսի 15-ից մինչև հունիսի 26-ը` բաժանորդագրության միջոցով: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

«Իրականացվելու է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի միջոցով: Գործընթացը բավական հեշտացված է, լավ կազմակերպված է. «Եթե նույնիսկ հաճախորդը դեպոզիտարիայում հաշիվ չունի, բացելը տևելու է ընդամենը 5 րոպե: Հենց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ» իրականացվելու է բացումը, և լրացվելու է բաժանորդագրության հայտը»,- ասաց բանախոսը:

Ըստ Դ. Հարությունյանի՝ պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕէՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի, արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի, կնքել համապատասխան ռեպո գործարքներ: Նշյալ պարտատոմսերն ավանդների բավականին լավ այլընտրանք են ներդրողների համար: Կատարելով ներդրումներ «Արարատբանկի» պարտատոմսերում, մարդիկ հնարավորություն կստանան արդյունավետ օգտագործել իրենց միջոցները և ստանալ եկամուտներ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը, ցանկացած պահի, վաճառել իրենց արժեթղթերը` ետ ստանալով ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:

Բանկը ներգրաված միջոցներն օգտագործելու է տնտեսության վարկավորման համար: «Ընդհանուր առմամբ, նշեմ, որ պարտատոմսերի հետ կապված գործում են ավանդների հատուցման երաշխավորման հետ կապված նույն կանոնները: Այսինքն՝ այստեղ խնայողության առաջարկ իրականացնող անձը, պարտատերը կամ ավանդատուն միևնույն հավասար հարթակում են գտնվում: Որևէ առավելություն չունի ավանդատուն պարտատոմսի տիրոջ նկատմամբ»,- նշեց նա:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» մեծ ավանդույթ ունի այս ոլորտում աշխատելու և հանդիսանում է «ՆԱՍԴԱՔ ՕէՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի առավել ակտիվ թողարկողներից մեկը՝ 2007-2014 թվականներին:

Նա նշեց, որ բանկը ժամանակին սկսել է դրամային թողարկումներից. «Շուրջ երկու-երեք տարի առաջ համապատասխան որոշում եղավ, որով թույլ տրվեց նաև դոլարային պարտատոմսեր թողարկել, և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ» առաջինը դոլարային պարտատոմսերի թողարկում իրականացրեց: Ներկայումս հաշվի առնելով, որ բնակչությունն ավելի հակված է խնայողությունները դոլարով պահել, ոչ դրամով, սա ենք առաջարկում: Այսինքն՝ շուկան ուսումնասիրվել է, հասկացվել է, որ ավելի շատ պահանջարկ ունեն դոլարային խնայողությունները, այսպես ասեմ, դրա համար այս գործիքն է առաջարկում: Խնայողների վարքագծի փոփոխությանը զուգահեռ՝ հնարավոր է՝ նաև մենք այլ պարատատոմսեր առաջարկենք: Այսինքն՝ որևէ սահմանափակում չկա: Շուկայից է կախված»:

Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ 2014թ. ընդհանուր առմամբ հաջող է եղել բանկի համար. «Մենք գրանցել ենք շուրջ 11 տոկոս աճ՝ թե՛ ակտիվների գծով, թե՛ վարկային պորտֆելի, թե՛ պարտավորությունների հետ կապված: Բանկի ընդհանուր կապիտալը տարվա վերջի դրությամբ կազմել է 21.7 մլրդ դրամ, և զուտ շահույթը՝ 2.8 մլրդ դրամ: Համեմատելու համար ասենք, որ բանկային միջինը նախորդ տարի եղել է 1.3 մլրդ դրամից պակաս, և համապատասխանաբար՝ եթե նայենք կապիտալների և ակտիվների շահութաբերության ցուցանիշները, ապա կտեսնենք, որ առավել քան երկու անգամ բանկի շահութաբերությունն ավելի մեծ է եղել, քան բանկային միջինը: Կապիտալի դեպքում դա կազմել է 13.6 տոկոս, ակտիվների դեպքում՝ 2.2 տոկոս»:

Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» 2014թ. ևս, արդեն 4-րդ տարին անընդմեջ, հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕէՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի կողմից կազմակերպվող «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխության «Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում:

P.S. «ՆԱՍԴԱՔ ՕէՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» շրջանառվող արժեթղթերին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի «ֆինանսական գործիքներ» (http://www.nasdaqomx.am/am/instruments.htm) բաժնից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս