Բիբինը հունից հանել է Ռոբերտ Նազարյանին
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վիրավորվել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքից ու վերաբերմունքից: Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված լսումների ժամանակ Ռ.Նազարյանը հայտարարեց, որ Բիբինը երկու լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, նաև ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում կազմակերպված քննարկումների ժամանակ իր ելույթում փորձել է ամբողջ մեղքը կապել արտադրող կայանների կողմից չարտադրված էլեկտրաէներիգիայի կամ օբյեկտիվ պատճառներով գոյացած 37 մլրդ դրամ վնասի հետ, որևէ կերպ չանդրադառնալով նրանո, որ ընկերությունում կան թերացումներ, վատ մենեջմենթ, որը ենթակա է ուղղղման:
Որպեսզի իր ասածները մերկապարանոց չհնչեն, Նազարյանը նշեց մի քանի հանգամանք: Վատ մենեջմենթի հետ կապված նա ասաց, որ ՀԷՑ-ը 2007-2015 թթ. կատարել է 102 մլրդ դրամի ներդրումներ՝ հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարելու, ծառայությունների որակը լավացնելու, վթարային անջատումների հետ կապված ժամկետները կրճատելու համար և այլն, սակայն այդ ներդրումներից մոտ 22 մլրդ դրամը չի ընդունվել ՀԾԿՀ կողմից, որովհետև դրա առյուծի բաժինը ներդրումներ կատարելիս ավելի բարձր գներով են հաշվարկել, նաև ակնկալվող արդյունքները չեն արձանագրվել. «Դրա համար որպես ներդրում չեն ընդունվել և սակագնում որևէ արտացոլում չի գտել»: Կորուստների վերաբերյալ Ռ.Նազարյանը նշեց, որ նախարարի հետ իրենց մոտեցումների տարբերություն կա, բայց միջինում մինչև հիմա 1.5%-ից ավելի բարձր են կորուստները, քան սակագնում ներառվածը: Աշխատավարձի գծով, ըստ նրա, 2007-2015թթ-ին ՀԷՑ-ի ծախսը 6 մլրդ դրամով գերազանցել է, քան նախատեսված է եղել սակագներով:
Ռ.Նազարյանի խոսքով՝ այսօր ՀԷՑ-ն ունի շուրջ 109 մլրդ դրամի ֆինանսական պարտավորություններ, բայց օբյեկտիվ պատճառներով՝ սակավաջրության, ԱԷԿ-ի երկարաժամկետ կանգնելու և այլն, ՀԷՑ-ը միայն 37 մլրդ դրամի վնաս է կրել. «Կլիներ միայն 37 մլրդը, այլ խնդիր չէինք ունենա: Բայց սրա մասին չեն խոսում: Սա աննորմալ երևույթ է: Հատուկ հաշիվների կարգն են խախտել՝ խախտելով մեր իրավական ակտերը: Սկսեցին բարձր տոկոսներով կարճաժամկետ վարկեր վերցնել: Մի քանի գործոններ միացան, ստեղծվեց ծանր ֆինանսական վիճակ: ՀԾԿՀ ակտի ուժով ՀԷՑ-ը և բոլոր խոշոր ըներությունները պարտադրված է տարին մեկ անգամ աուդիտ իրականացնել»:
ՀԾԿՀ նախագահը հայտարարեց, թե ընկերության վիճակի համար Բիբինը մեղադրել է ՀԾԿՀ-ին, բայց մինչև 2012 թ. իրավիճակը դրական է եղել, ՀԷՑ-ը ստացել է ավելի շատ, քան մարժայում կար, իսկ դրանից հետո բնությունը կանխատեսել հնարավոր չէր, 2013-ին գումարվեց ԱԷԿ-ի՝ ավելի կանգնելու 80 օրը:
«Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, լիազորված անձ ինչի՞ չեք նշում, թե ի՞նչ թերություններ ունեք ու ի՞նչ պետք է ձեռնարկեք նշված թերությունները վերացնելու համար»,- ասաց Ռ.Նազարյանը՝ հավելելով, որ ստեղծված վիճակի արդյունքում ՀԷՑ-ը դարձել է անվարկունակ, աուդիտ անող միջազգային կազմակերպությունը արձանագրել է 9.8 մլրդ դրամի զուտ վնաս, վարկային պարտավորությունները գերազանցել են ակիվները՝ 28 մլրդ դրամով, ինչը վկայում է էական անորոշության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը: Ռ.Նազարյանի խոսով՝ 3 տարվա փոխհատուցումն էլ չօգնեց ՀԷՑ-ին, որովհետև շարունակվեցին վատ մենեջմենթը, եղանակային վատ պայմանները:
«Ռեգնումի հարցազրույցը հունից ինձ հանեց, որովհետև որևէ ձևով չի տեսնում ընկերության կողմից թույլ տված բացթողումներն ու թերությունները»,- կրկին իր վրդովմունքը հայտնեց Ռ. Նազարյանը: