«Սոս Ջանիբեկյանը տուֆտա դերասան ա». Դիանա Մարտիրոսյան
Նախօրեին հայկական ժամանակակից դրամարկղային ֆիլմերը 10 բալանոց սանդղակով վերլուծած, որպես կինոքննադատ ներկայացող Դիանա Մարտիրոսյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ հրապարակավ հայտարարել է այն մասին, որ հայկական ֆիլմեր դիտելու ցանկություն, որպես այդպիսին, չունի, հայկական ֆիլմերի դեպքում չկա պրոֆեսիոնալիզմ, կան շատ «կիքսեր», արդյունքում՝ հայկական ֆիլմ դիտելիս սկսում ես նյարդայնանալ, և այլն: Վերլուծելով կոնկրետ ֆիլմեր, կինոքննադատը եկել է այն եզրակացության, որ, օրինակ, «Սուպեր մամա» ֆիլմից հետո հիասթափված է դերասան Հայկ Մարությանից, «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմը վատ կրկնօրինակում է, «Կիսալուսնի ծովածոց» ֆիլմից «սնոբիզմի» հոտ է գալիս, բայց շատ սիրուն է նկարահանած, «Վրիժառուի օրագիրը» «B» կլասի ֆիլմ էր, իսկ «Ուրիշի փոխարեն» ֆիլմն իր կողմից նկատողության արժանացրեց դերասան Սոս Ջանիբեկյանին: «Սոս Ջանիբեկյանը տուֆտա դերասան ա»,- ասել էր Դիանա Մարտիրոսյանը:
168.am-ը զրուցեց կինոքննադատի հետ (ով, ի դեպ, մասնագիտական կրթությամբ լրագրող է), պարզելու՝ մեծ աղմուկ բարձրացրած «վատ գնահատականների» արժանացած ֆիլմերի մասին նրա «մասնագիտական» կարծիքը: Դիանան ինքն իր մասին պատմեց՝ սիրում է արվեստ, չի սիրում սովորել, գերադասում է ներկայանալ՝ որպես կինոքննադատ, բայց՝ ոչ կինոգետ, որովհետև, ըստ նրա, կինոգետ ներկայանալու հավակնություններ պետք է ունենան այն մարդիկ, ովքեր լուրջ հոդվածներ են գրում: Իր մասին նաև ասաց, որ բնավորությամբ չարաճճի է, ինչն իրեն օգնում է սկանդալներ ստեղծելու հարցում, ինչից ինքն առանձնապես չի խուսափում: Միակ անպատասխան հարցը, որ մնաց ինձ մոտ կինոքննադատի հետ մեր հանդիպումից հետո, հետևյալն էր՝ հիմա Դիանան կինոքննադա՞տ է, թե՞ սկանդալիստ: Անպատասխան հարցս արդյունքում այլ հարց է առաջ բերում՝ ո՞վ կարող է և ո՞վ իրավունք ունի քննադատի անունից հանդես գալ և քննադատել կինոն ու համարվել կինոքննադատ: Պարզվեց նաև, որ Դիանան, այնուամենայնիվ, ուսանել է Թատերական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետի մագիստրատուրայում:
– Դիանա, սիրո՞ւմ եք սկանդալների կենտրոնում հայտնվել:
– Հա, երևի… Ես էմոցիոնալ ու ճշմարտախոս մարդ եմ: Պարզապես ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դու քեզ կամ քո խոսքը կմատուցես:
– Ձեզ դո՞ւր է գալիս տեղական սկանդալների որակը, որովհետև նախօրեին ձեր հայտնի գնահատականներով՝ դուք այսօր արդեն սկանդալի կենտրոնում եք հայտնվել: Բոլորը քննարկում են, ոմանք նեղացած են, և այլն:
– Եթե համեմատենք միաջազգային որակի սկանդալների հետ, ապա՝ ոչ, իհարկե, ինձ համար սկանդալը Մոնիկա Լևինսկու սիրային կապի բացահայտումն էր Քլինթոնի հետ, կամ, որ Լեդի Դին հանդիպում է Դոդի Ալֆաեդի հետ: Երևանյան սկանդալները, իհարկե, ճղճիմ են, ինչ խոսք, բայց, օրինակ, երեկ ես հրապարակավ հայտարարել եմ, որ հիասթափված եմ դերասան Հայկ Մարությանից, և նա այդ մասին անպայման կիմանա, որովհետև, նախ՝ ընկերներ ենք «Ֆեյսբուքում» և բազմաթիվ ընկերներ ունենք իրական կյանքում … ի վերջո, կհանդիպենք, չէ՞, մեր փոքր քաղաքում:
– Մի քիչ զարմանալի է. ո՞ր դեպքում կարող է կինոքննադատի օբյեկտիվ գնահատականը սկանդալի տեղիք տալ: Միգուցե ազգային մենթալիտետն էլ է իր գործն անում:
– Հա, ազգային մենթալիտետի առումով՝ հաստատ համաձայն եմ, մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, գովեն: Օրինակ, երեկ այդ գնահատականների հրապարակումից հետո փաբում հանդիպում եմ իմ ընկերոջը՝ Սոս Ջանիբեկյանին, և ասում նրան, որ հաջորդ հոդվածում իր մասին եմ խոսելու, ու, եթե հանկարծ կարդաս հոդվածը՝ «Սոս Ջանիբեկյանը տուֆտա դերասան ա. Դիանա Մարտիրոսյան. կինոքննադատ», չզարմանաս, կարող է նման բան պատահել: Իհարկե, «տուֆտա» բառը դժվար օգտագործեմ, բայց երևույթի մասին եմ խոսում: Նա ասեց՝ լավ, ու էլի մի քանի բան ավելացրեց, որ տպագրելու համար չի… Ասեցի, բայց ես էլ գիտեմ, դու էլ գիտես, որ լավ ֆիլմը, օրինակ, «Достучаться до небес»-ն է…
– Բայց արդյո՞ք տեղին է Սոս Ջանիբեկյանից ակնկալել ձեր նշած ֆիլմի որակին մոտ մի բան:
– Որ ինքը սիրի՞, թե՞ նկարվի նման ֆիլմում:
– Նկարահանվի, որովհետև հայտնի չէ, թե նա, օրինակ, ի՞նչ նախընտրություններ ունի կինոյում, դա իր սուբեկտիվ խնդիրն է՝ ճաշակի հարց:
– Հա, միանշանակ համաձայն եմ: Իրականում այդ ֆիլմն էլ «պոպսա» է՝ նկարահանված փոքր բյուջեով, շատ պարզ լեյտմոտիվով ու սցենարով: Ես Թիլ Շվայգերին սիրում եմ, բայց նա լավ դերասան չի, մեծ դիապազոն չունի, նա դրամատիկ դեր չի ուզում, չի կարող և բազմիցս ասել է, որ չի պատրաստվում կերտել: Բայց, եթե նա, լինելով գեղեցիկ տղա, կարող է նկարվել այդպիսի ֆիլմում, ապա ինչի՞ Սոսն էլ չի կարող նույնը անել՝ լինելով գեղեցկադեմ տղա: Ես կուզենամ՝ մենք նկարենք այդ որակի կոմեդիա, հասնի Բեռլին, ու բեռլինցիները նայեն:
– Ուրիշ հարց է, որ դուք կուզեք, ես էլ կուզեմ, բայց միանձնյա Սոսի մասնագիտական որակները կամ արտաքին տվյալները բավարարո՞ւմ են ապահովելու այն նշաձողը, որ կա գերմանական այդ ֆիլմում:
– Չէ, մեզ, միանշանակ, սցենարիստ է պետք…
– Բայց ինչի՞ միայն սցենարիստ: Նման ֆիլմ նկարելու համար մեզ պետք են համապատասխան տեխնիկական հնարավորություններ ու ֆինանսական միջոցներ, որ մենք դեռևս չունենք:
– Հասկանում եմ, բայց եթե Շվայգերը կարող է…
– Ի՞նչ եք կարծում, հիմա և այստեղ դա հնարավո՞ր է:
– Ես ունեմ ընկերներ, որոնք ունեն ճաշակ, ես ունեմ ընկերներ, ովքեր ուզում են գումար վաստակել: Իրենք իրենց տան պատին ունեն Հայաո Միաձակի անիմացիայից պաստառներ, բայց պատրաստվում են նկարել եկամուտ բերող կոմերցիոն ֆիլմեր, որտեղ կնկարահանվեն Նազենի Հովհաննիսյանը, Արփի Գաբրիելյանը, Լիկա Էլբակյանը, և այլք: Ես ընկերներ ու ծանոթներ էլ ունեմ, ովքեր ուզում են հեռու լինել կոմերցիոն ֆիլմերից, նկարել ուրիշ որակի ֆիլմեր ու ուղարկել փառատոներ: Այսինքն, ես չեմ կարծում, որ խնդիրը տեխնիկական միջոցներն են, ուզում եմ ասել, որ ամեն ինչ գալիս է սցենարից: Այդ մասին նաև Հիչկոկն է ասել՝ սցենար, սցենար, սցենար….
– Բայց մենք այստեղ նույնիսկ լավ սցենար գրող չունենք…
– Դե հա… Ես նայեցի Ամերիկայում նկարահանված «Վրիժառուի օրագիրը»՝ Արման Նշանյանի մասնակցությամբ, որի բյուջեն կազմում էր 1 մլն դոլար, բայց կարելի էր 100.000 դոլար ծախսել ու ստանալ ավելի լավ ֆիլմ:
– Բնականաբար, կարելի էր, իսկ կարելի՞ է իմանալ՝ ո՞րն էր այստեղ ֆենոմենը:
– Դե՛, ամերիկյան չափանիշներով այդպես պետք է լիներ, որովհետև ամերիկյան թիմ էր աշխատել, Ամերիկայում է նկարահանվել, ֆիլմում նկարահանվել է Մայքլ Մեդսոնը, ով նկարվել է Տարանտինոյի ֆիլմերում, նրա սիրելի դերասաններից է: Բայց այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ ֆիլմը լավն է:
– Իսկ ինչո՞վ է այդ ֆիլմը վատը:
– Մի կողմ դնենք շատ տեխնիկական հարցեր՝ սցենարը լավը չէր, գունային կորեկցիայի արդյունքում դերասանների մաշկի գույնը դեղին էր… Ժանրի խնդիր կար, չես հասկանում՝ ի՞նչ ֆիլմ ես դիտելու, էնքան վատ է ամեն ինչ, Դիաննա Գրիգորյանի «Իմ մեծ չաղ հարսանիք»-ն էր հիշեցնում… Ստանիսլավսկու ասած՝ չէի հավատում…
– Ձեր կարծիքով, որպես կինոգետի…
– Կինոքննադատի:
– Ներեցեք, որպես կինոքննադատի, ո՞րն էր այդ ֆիլմի նպատակը, ի՞նչ են ցանկացել ասել:
– Ուզեցել են փոքր բյուջեով, քիչ հայտնի դերասաններով նկարել «ալյա Հոլիվուդ» ֆիլմ… բնական է… ինչի՞ համար են մարդիկ ֆիլմեր նկարում՝ ուզում են հայտնի դառնալ, գումար աշխատել…
– Բայց քիչ առաջ նշեցիք հայտնի դերասան Մայքլ Մեդսոնի անունը…
– Դե հա, ինքը միակ բացառությունն էր, բայց չէի ասի, որ նա աշխարհի ամենահայտնի դերասանն է…
Այստեղ ես դադարեցրի վերծանել մեր դեռևս երկար ձգվող զրույցը, որի ընթացքում փորձում էի համառորեն հասկանալ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի քննադատական մտքի տրամաբանությունը: Լավատեսորեն, ես նրանից փորձում էի հասկանալ այսօրվա կինոարտադրության բաց ու թերի կողմերը, դիստրիբյուցիայի ու կինոշուկայի խնդիրների մասին, բայց՝ ապարդյուն:
Միակ պատասխանը, որ ես ստացա երիտասարդ կինոգետի հետ երկար զրույցի արդյունքում՝ այն էր, որ սնդուսափայլ սկանդալներ ստեղծողները մեր երկրում կարող են նաև խոսել անսպառ տերմինոլոգիայից խեղդվող լեզվով, լատինատառ հայերեն գրող մարդու պես՝ միանգամից քանի լեզուների միախառնումից ծնված անհասկանալի շեշտադրումներով, անսպառ քննադատությունների տարափ սփռելով, ու միայն այդքանը:
Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ կինոքննադատը վերջում ավելացրեց՝ «կներեք, մի քիչ սումբուռ խոսեցի, բայց ոչինչ, նենց չէր, որ հարցազրույց էր, մենք զրուցում էինք»: