Գազավորված ըմպելիքների պարբերաբար օգտագործումը կարող է անգամ քաղցկեղ առաջացնել
Ամռան շոգ ամիսներին ոչ սառնարանային պայմաններում վաճառվող գազավորված ըմպելիքի պարբերաբար օգտագործումը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ օրգանիզմի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը խոսելով գազավորված ըմպելիքների բացասական ազդեցության մասին՝ նշեց, որ դրանք կարող են առաջացնել գլխացավ, սրտխառնոց, ալերգիա, նյարդային համակարգի խանգարում, ճարպակալում և այլն:
Նա տեղեկացրեց, որ գազավորված ըմպելիքներում օգտագործում են շաքարին փոխարինող նյութերը՝ ասպարտամը, սախարինը, ցիկլամատները և այլն, որպեսզի այդ ըմպելիքները կարողանան նաև դիաբետիկ հիվանդներն օգտագործել: Նա նշեց, որ իր թվարկած նյութերից գազավորված ըմպելիքներում առավել շատ օգտագործվում է ասպարտամը, որը գենետիկորեն ստացված նյութ է, 200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը, և հիմնականում օգտագործվում է մոտ 500 տեսակի սննդամթերքներում:
Բանախոսի խոսքով՝ զովացուցիչ ըմպելիքներում շատ են օգտագործում ասպարտամ, որ բացառեն շաքարի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա, բայց շատ տվյալներ կան, որ հենց ինքը շատ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա. «ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ ասպարտամը 30 աստիճան ջերմաստիճանում կարող է առաջացնել մի շարք թունավոր նյութեր: Հաշվի առնելով, որ ասպարտամով պատրաստված խմիչքներն ավելի էժանագին խմիչքներ են և սառնարանում չեն պահվում, պարզ է՝ բարձր ջերմաստիճանի տակ ինչի է վերածվում»:
Նա խորհուրդ է տալիս ամեն ինչի բնականն օգտագործել ու քիչ օգտագործել նման գազավորված խմիչքներ: Նա միաժամանակ նշեց, որ խոսքը պարբերաբար օգտագործման մասին է. «Եթե ասում ենք՝ վնասակար է, չի նշանակում՝ շաբաթը մի անգամ խմեք, վատ կլինի, այստեղ խոսքը գնում է ամենօրյա օգտագործման վտանգների մասին»:
Հարցին՝ ասպարտամով պատրաստված գազավորված ըմպելիքները, մնալով բարձր ջերմաստիճանի տակ, կարո՞ղ են քաղցկեղ առաջացնել, Լ. Աճեմյանը պատասխանեց, որ նման դեպքեր եղել են: