Իրան-Հայաստան երկաթգիծը շրջափակումից դուրս գալու՝ Հայաստանի հնարավորությունն է. իրանագետ
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղային մայրուղու կառուցման նպատակահարմարությանն առնչվող հարցին՝ ասել է` Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի: Նա նշել է, որ երկաթուղին հեռանկար չունի և հավասարազոր է պատի վրա դեպի ոչ մի տեղ անցք բացելուն, այնինչ հայկական ու իրանական կողմերը կարևորում են նախագիծը: Իրան-Հայաստան երկաթգիծն արդիական նախագիծ էր համարում նույն ինքը՝ Յակունինը, մեկ տարի առաջ: «Այդ տեսանկյունից այս հարցը բավականին արդիական է, այդ թվում` հանրապետության նախագահի կարծիքով։ Ամենայն հավանականությամբ, մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի և Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցի վրա»,– ասել է Յակունինը։ Վերջինս նաև ասել էր, թե այդ հարցը դուրս է միայն երկաթուղային տրանսպորտի ձեռնհասությունից, խոսքը հարցի քաղաքական կարգավորման մասին է:
Սակայն այսօր Յակունինը խոսում է աննպատակահարմարության մասին, այնինչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության ֆոնին ևս այս ծրագիրը պետք է որ հետաքրքրեր նաև Ռուսաստանին՝ առաջ մղելով Իրան-ԵՏՄ անդամ երկրներ կապը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը: 2008 թվականի փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության և РЖД-ի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի երկաթուղային ցանցը՝ իր շարժական և անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը:
168.am-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ եթե հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա երկաթգծի կարևորությունը Հայաստանի, Իրանի և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար երկաթգծերը կառավարողը չէ, որ պետք է գնահատի: Ըստ նրա` կառավարողն առավելագույնը կարող է խոսել դրա տնտեսական նպատակահարմարության մասին, բայց ոչ երբեք՝ քաղաքական, ռազմավարական, քանի որ հարավկովկասյան տարածաշրջանում բազմաթիվ խոշորածավալ նախագծեր կան, որոնց դեպքում ոչ միայն տնտեսական նպատակահարմարությունն է հաշվի առնվում, այլ նախևառաջ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչը:
«Այս առումով ՀՀ պաշտոնատար անձանց հայտնած դիրքորոշումն ուղենիշային է: Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Հայաստանի, Իրանի, ողջ տարածաշրջանի համար ՀՀ-Իրան երկաթգիծը կարևորագույն նշանակություն ունի, թող չափազանցություն չհամարվի, որովհետև նման երկաթգծի գործարկումը և դրա շուրջ աշխատանքներ սկսելը պարզապես զրոյացնելու է ՀՀ-ն շրջափակելու թուրք-ադրբեջանական բոլոր ջանքերը, այսինքն` այդ փորձերը դառնալու են անիմաստ: Այս առումով երկաթգիծը Հայաստանի համար շրջափակումից դուրս գալու ելք է, և որևէ կերպ չի կարելի նսեմացնել դրա քաղաքական և տնտեսական նշանակությունը»,- նշեց Վարդան Ոսկանյանը:
Դիտարկմանը, թե՝ կառավարողի կարծիքը կարևոր չէ՞, երբ ներդրումներ են պետք, արձագանքեց՝ հիշեցնելով, որ Չինաստանը ևս որոշակի շահագրգռություն էր հայտնել «Մետաքսի ճանապարհի» հայտնի ծրագրի վերաբերյալ, ու չի բացառվում ներդրում հենց այդ երկրի կողմից: «Կուզեի կրկնել, որ այստեղ խնդիրը ոչ այնքան տնտեսական բաղադրիչն է, այլ այն հանգամանքը, որ այդ երկաթուղին կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և Հայաստանը դարձնում է բոլորովին այլ մակարդակի երկիր: Մեր պաշտոնական տեսակետը ՀՀ պաշտոնյաների կողմից արտահայտվող տեսակետներն են, և պարոն Յակունինը կարող է միայն իր սեփական կարծիքը հայտնել անշուշտ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Նշենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ է: Այն պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզով: Այդ ճանապարհն ամենակարճ ուղով կկապի Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է 2013թ. սկզբին: Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայան: Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ, և այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ: