ՀԷՑ-ի շուրջ կատարվողն ու Որոտանի գործարքը փոխկապակցված գործընթացներ են. Աղասի Ենոքյան

Երեկ ստորագրվեց Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադի վաճառքի մասին պայմանագիրը: Հայաստանի անկախությունից ի վեր Որոտանի գործարքը, որով ամերիկյան «Կոնտուր գլոբալը» Որոտանի ՀԷԿ-ում 250 միլիոն դոլար է ներդնելու, ամենախոշոր տնտեսական, ներդրումային գործարքն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: Սակայն այս գործարքը, թերևս, ամենաձգձգվածներից մեկն է, որի կայացմանը, մամուլի հրապարակումների համաձայն, խոչընդոտում էր թե ռուսական կողմը, թե հայաստանյան որոշ կուսակցություններ` ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման փորձերը չեզոքացնելու նպատակով:

Այնինչ գործարքը կայանում է մի ժամանակաշրջանում, երբ ռուսական «Интер РАО ЕЭС»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և ցանկանում է հեռանալ: Ըստ դեռևս չհաստատված խոսակցությունների` ռուսական «Интер РАО ЕЭС»-ը ցանկանում է վաճառել ՀԷՑ-ը: Որոշ կարծիքների համաձայն` Որոտանի գործարքը փրկօղակ է Հայաստանի համար՝ ՀԷՑ-ի պարտքերն էլեկտրաէներգիայի թանկացմամբ և այդ ներդրումով փակելու համար: Այնինչ կա մեկ այլ տեսակետ ևս:

168.am-ի հետ զրույցում «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն ասաց, որ այդ պայմանագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է Հայաստանի էներգետիկ համակարգի մենաշնորհը վերացնելու և հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու ճանապարհին: Ըստ նրա, սակայն, պատահական չէ, որ գործարքը կայացավ հենց այս ժամանակահատվածում: Աղասի Ենոքյանի համոզմամբ` ՀԷՑ-ի սնանկացումը, ՀԷՑ-ի սեփականատեր «Интер РАО ЕЭС»-ի ցանկությունը՝ հեռանալ Հայաստանից, կապ ունեն Որոտանի գործարքի հետ:

«Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ իրացնելու և մենաշնորհելու Ռուսաստանի փորձերը կոռուպցիոն աղմուկից հետո տապալվեցին, դա հնարավորություն բացեց, որ այդ ոլորտում մենաշնորհը խախտվի: ՌԴ-ն, փաստորեն, ինքը հրաժարվեց դրանից՝ բիզնես կոռուպցիոն սկանդալի հետևանքով, ինչը նշանակում է, որ դուռ է բացվում այլ ընկերությունների համար հայաստանյան էներգետիկ դաշտ մտնելու հարցում: Ռուսաստանը հրաժարվեց ՀՀ էներգետիկ համակարգը մենաշնորհելու ցանկությունից»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Նրա համոզմամբ` թեև այս ոլորտում ևս մենաշնորհը Հայաստանի նկատմամբ ազդեցության լծակ է Ռուսաստանի ձեռքին, ՌԴ-ն այդ լծակը չի կարողանում օգտագործել, որի պատճառով էլ այլ հնարավորություններ են առաջ գալիս, և Հայաստանը կարողանում է ինքնուրույն քաղաքականություն վարել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս