«Ընտրությունները հիմնականում եղել են կիսամրցակցային». Լարիսա Ալավերդյան
«Ես շատ կարևորում եմ տեղական ինքակառավարման մարմինների (ՏԻՄ) ինստիտուտը և պետք է ասեմ, որ ոչ միայն չի կայանում այդ ինստիտուտը, այլև մերժողականություն կա, որ մեզ համար այդ ճանապարհը դարձնում է փակված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Աբովյան և Արտաշատ քաղաքներում օրերս տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանում ընտրությունների արդյունքում 5 թեկնածուներից քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը, ում սատարում էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀՀԿ-ն: Իսկ Արտաշատում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին:
Ըստ Լ. Ալավերդյանի՝ ընդդիմության սակավաթիվ մասնակցությունն ինքնին խոսում է այդ մերժողականության մասին. «Մենք տեսնում ենք, որ այն դառնում է մեր կենսակերպը, գրեթե բոլորը համոզված են, որ կան ընտանիքներ, խմբեր, որոնք մտել են այդ դաշտ և ուզում են ժառանագաբար փոխանցեն այս կամ այն պաշտոնը»:
Լ. Ալավերդյանը նկատեց, որ ընտրությունները հիմնականում եղել են կիսամրցակցային, բայց ինքը ողջունում է այն մարդկանց, որոնք մտել են այդ մրցակության մեջ:
Նրա համար զարմանալի էր, որ այս ընտրություններին կին առաջադրվող չկար. «Այսինքն՝ կա մի բան, որը խոսում է մեր մասին՝ որպես գավառականության մեթոդներով գործող և գավառականության ձգտող հասարակություն»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հայտարարեց, որ օրենք պետք է ընդունվի, որ ուղիղ 50%-ը իշխանության ձգտող կազմակերպությունների ցանկում պետք է լինեն կանայք. «ՏԻՄ-ի դեպքում օրենքում լուրջ փոփոխություններ պետք է անել: Գրանցման կարգը պետք է այնպես անել, որ այն մարզերում, որտեղ որևէ կուսակցություն ունի գրանցում, եթե չի ներկայացնում իր հավակնորդին, իր թեկնածուին, ուրեմն՝ նրա գրանցումը պետք է չեղյալ հայտարարվի, որովհետև քաղաքական կուսակցության խնդիրը հենց ընտրությունների միջոցով իշխանության գալն է»:
Հարցին՝ Հովիկ Աբրահամյանի որդին ի՞նչ արժանիքներ ուներ քաղաքապետ լինելու համար, Լ. Ալավերդյանն այսպես պատասխանեց.
«Չուներ քաղաքական փորձ, ճանաչելիության այն աստիճանը, որը պետք է: Եթե խոսում ենք՝ ինքն իրավունք ունե՞ր, թե՞ ոչ, ապա այդ առումով ինքն իրավունք չուներ լինել քաղաքապետ, որովհետև ինքը դեռ ցույց չի տվել իրեն այդ դաշտում, ցույց չի տվել իր ունակություններն այդ դաշտում: Գոնե մեկ տարի շուտ երևար, սկսեր մի բան անել, երևար, որ ինքն այդ դաշտում է: Հնարավոր է՝ նա շատ մեծ անձնական արժանիքների տեր է, բայց ընտրություններն իշխանության համար պայքար են, նշանակում է՝ դա քաղաքական հարց է, եթե մարդը չի եղել քաղաքականության մեջ, նա չի կարող հավակնել այդպիսի պաշտոնի կամ դիրքի»:
Իսկ Ա. Արշակյանն էլ նշեց, որ ինքն այս ընտրությունների ընթացքում մինչև հիմա չի լսել օրենքի լուրջ խախտումների մասին. «Որևէ նորմ, օրենք չի խախտվել, որևէ մեկը եթե ցանկություն ունի մտնելու քաղաքական դաշտ, նրա դեմ որևէ քայլ չի կարող լինել՝ անկախ նրանից, թե նա ինչ ժառագություն ունի: Երիտասարդ մարդը, եթե արժանիքներ ունի, նա արդեն երիտասարդ չէ: Եթե նա չկատարի իր ստանձնած պարտավորությունները, կհիշեցնենք, կասենք՝ փաստորեն դու միայն ժառանգության հաշվին ես եկել, ոչինչ չես բերել»: