Բաժիններ՝

«Չկա մի այնպիսի ուժ, որը կարող է ինձ վրա ճնշում գործադրել». Գրիշա Սարգսյան

Ասում է «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը

– Ի՞նչ փուլում է գտնվում Ձեր նախաձեռնած՝ Ազատամարտիկի մասին օրենքի շարժումը:

– Շարժումն արդեն մեծ թափ է առել: Երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ և անհատներ արդեն միացել են մեզ: Այս շարժումը նախաձեռնել ենք և այսօր պետք է փառքով հասցնենք իր գագաթնակետին: Նշեմ, որ մենք քաղաքական գործիչներ չենք և չենք զբաղվում քաղաքականությամբ:

– Ինչո՞վ էր պայմանավորված, որ երկար ընդհատումից հետո որոշեցիք կրկին բարձրացնել այս հարցը: Միգուցե դադարը պայմանավորված էր Ձեր վրա ճնշումներ գործադրելո՞վ:

– Շատ հետաքրքիր հարց է, այն երկար ժամանակ չէր արծարծվում, քանի որ գտնվում էի երկրից դուրս: Իսկ ինչ վերաբերում է ինձ վրա ճնշում գործադրելուն, ապա միանշանակ կարող եմ ասել, որ դեռ չի ծնվել մի այնպիսի ուժ, որը կարող է ինձ վրա ճնշում գործադրել:

– Ինչո՞ւ ՀՀ վերադառնալով որոշեցիք կրկին բարձրացնել այս հարցը:

– Լինելով ՌԴ-ում և այլ պետություններում, տեսնելով ազատամարտիկների ծանր սոցիալական վիճակը, հիասթափությունն իշխանությունների և հայրենիքի նկատմամբ, որոշեցի հայրենիք վերադառնալուն պես, ինչ գնով էլ լինի, Ազատամարտիկի մասին օրենքը կազմակերպել, և հասնել նրան, որ ԱԺ-ն ընդունի այն: Պետք է բոլոր ազատամարտիկները վերադառնան հայրենիք՝ տիրոջ իրավունքով, որպեսզի իրենց ազատագրած հողի վրա հպարտ քայլեն և արարեն:

– ԱԺ-ն ընդունել է բազմաթիվ օրենքներ, ի՞նչն է պատճառը, ինչու են հապաղում, չեն ընդունում օրենքը:

– ԱԺ-ն մինչ օրս ընդունել է բազմաթիվ և բազմաբովանդակ օրենքներ, որոնց մի մասը հակաժողովրդավարական են և հակասահմանադրական: Կարող եմ բերել մի քանի օրինակ.

ա) Պարտադիր կուտակայինի օրենքը,

բ) Աղանդավորների մասին օրենքը, որը պառակտում է Հայ առաքելական եկեղեցին,

գ) Շրջանառության հարկի մասին օրենքը, որը մանր ու միջին բիզնեսի «հերը անիծում է»,

դ) Համայանքների խոշորացման մասին օրենքը:

Նշեմ, որ արտասահմանում օրենքներն ընդունվում և գործում են առնվազն 50 տարուց ավելի, և այդ օրենքները ծառայում են ի շահ ժողովրդի, իսկ ՀՀ-ում դեռ օրենքը չընդունված՝ «մահանում» է, մնում թղթի վրա: Իսկ եթե ընդունում էլ են, ապա այդ օրենքը պարբերաբար, ամիսը մի քանի անգամ, ենթարկվում է բազում փոփոխությունների, որն էլ ուղղված է ընդդեմ, այլ ոչ թե ի շահ ժողովրդի:

Ես համոզված եմ, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, ով անցել է Արցախյան ազատագրական պատերազմի միջով, քաջ գիտակցում է, թե ինչ է նշանակում Հայրենիք, ինչ է նշանակում Ազատամարտիկ, և ինչ է նշանակում Ռազմաճակատ: Հույս ունեմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետամուտ կլինի այս օրենքի ընդունմանը:

Ես կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, համախմբվել այս շարժման շուրջ, որպեսզի օրհասական դարձած այս օրենքը կյանքի կոչվի: Բոլոր այն կուսակցություններին, որոնք ներկայացված են ԱԺ-ում, խնդրում և հորդորում եմ դրսևորել խոհեմություն, քաջ գիտակցել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, և Աստված չանի, վտանգի պահին մեր ազատամարտիկները առաջինը կկանգնեն Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Կոչ եմ անում ձեռնամուխ լինել Ազատամարտիկի մասին օրենքի ընդունմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս