Կաթնային կրքերի պատճառը
Կաթի մթերման գնի նվազումը դարձել է վերջին շրջանի ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը և իր ակտուալությամբ զիջում է, թերևս, միայն էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Թեպետ այս մասին արդեն շատ է գրվել, սակայն կարծում ենք` մեր այս անդրադարձը հետաքրքիր կլինի թեմայով հետաքրքրված ընթերցողի համար
։ Նախ` երկու խոսքով հիշեցնենք բուն խնդիրը։ Կաթնամթերք արտադրող ընկերությունները ցանկանում են նվազեցնել տեղական մատակարարներից կաթի մթերման գինը և 160-170 դրամից հասցրել են 130 դրամի։ Գյուղացիները, բնականաբար, դժգոհում են և բողոքում։ Հարցին խառնվել են արդեն քաղաքական գործիչները, ովքեր ասում են, որ արտադրողները սկսել են մեծ քանակությամբ կաթի փոշի ներկրել, այդ իսկ պատճառով չեն ցանկանում կաթ մթերել։ Փորձում են ճշտել` որքան կաթի փոշի է ներկրվել և ում կողմից։
Այս հայտարարություններին ի պատասխան` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է հրապարակում, որ 2015 թվականի ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.9 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.3տոննա է, այսինքն` շուրջ 38 տոննայով պակաս:
Իսկ ի՞նչ է ասում Գյուղնախարարությունը` կաթի մթերման գնի հետ կապված։ ԳՆ պաշտոնյաներից մեկը կաթի մթերման գնի փոփոխությունը պայմանավորել էր առաջարկ-պահանջարկի գործոնով և սեզոնայնությամբ։ Այսինքն` առաջարկն աճել է, հետևաբար` գինն էլ պետք է նվազի, սա բնականոն երևույթ է, անհանգստանալու կարիք չկա, և այլն։
Որքանո՞վ է համոզիչ այս փաստարկը։ Միանգամից ասենք, որ ամենևին համոզիչ չէ։ Նախ` որևէ հստակ ապացույց չկա, որ կաթի առաջարկն ավելացել է։ Փոխարենը` պաշտոնական թվերով երևում է, որ պետք է ավելացած լիներ կաթի նկատմամբ պահանջարկը։ Նայեք աղյուսակի թվերին, որոնք ներկայացնում են կաթնամթերքի հիմնական տեսակների արտադրության ծավալները (սրանք պաշտոնական տվյալներ են)։ Տեսնո՞ւմ եք` բնեղեն արտահայտությամբ ինչ շեշտակի աճ կա։
Օրինակ` այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 154.6 միլիոն լիտր կաթ, որը 5.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (կաթի արտադրության ծավալը ներառում է գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը, բացառությամբ` ներքին սպառումը)։ Կաթնաշոռի արտադրության ծավալն աճել է 19.2%-ով` հասնելով 320.6 տոննայի։ Իսկ մածունի, թթվասերի և պաղպաղակի արտադրության ծավալները ռեկորդային աճ են գրանցել` կրկնապատկվել են։
Հիշեցնենք, որ մածունը, պաղպաղակն ու մյուս արտադրատեսակներն արտադրվում են կամ կաթից, կամ կաթի փոշուց։ Իսկ երբ պահանջարկն աճում է, ու կաթնատու կովերի քանակը մնում է նույնը, ապա կաթի մթերման գինը պետք է ավելանա։ Սա շուկայական տնտեսության տարրական ճշմարտությունների շարքից է։ Այնպես որ, եթե մեզ մոտ կաթի մթերման գինը չի ավելանում, այլ հակառակը` նվազում է, ուրեմն ինչ-որ բան այստեղ այն չէ։
Այս հակասությունը միայն մեկ բացատրություն ունի` կաթնամթերքի արտադրության իրական ծավալները չեն աճել, ընդամենն աճել են թվերը։ Բանն այն է, որ այս տարվա սկզբից պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ցանկում ներառվեցին նաև վերը նշված ապրանքները, և արտադրողները սկսեցին ցույց տալ իրական շրջանառությունը կամ գոնե իրականին մոտ թիվ։ Սա նշանակում է, որ արտադրության իրական ծավալները լուրջ փոփոխություններ չեն կրել (չի բացառվում, որ անգամ նվազել են)։ Պարզապես փոխվել է «թղթով ցույց տրվող» չափը, ինչը չէր կարող ավելացնել գյուղացիների կողմից առաջարկվող կաթի պահանջարկը։
Սակայն սա էլ չի բացատրում կաթի մթերման գնի նվազման պատճառը։ Այո, խնդիրն իրոք պայմանավորված է կաթի փոշու գործոնով։ Սակայն ավելի կարևոր է ոչ թե այն հարցը` որքա՞ն է ներկրվել և ո՞ւմ կողմից, այլ` ինչո՞ւ են արտադրողները սկսել նախապատվությունը տալ կաթի փոշուն։
Նախ` սկսենք նրանից, որ կաթնամթերք արտադրող գրեթե բոլոր ընկերությունները միշտ էլ օգտագործել են կաթի փոշի` տարբեր համամասնություններով։ Ավելին, խոշոր ընկերություններից մի քանիսն անգամ կառուցել են կաթի փոշու արտադրության սեփական գործարաններ, որպեսզի ստիպված չլինեն ներկրել։ Կաթի փոշին արտադրել են տեղական կաթից։
Ինչո՞ւ։ Որովհետև բիզնեսի տեսանկյունից այդպես ավելի ձեռնտու է եղել։ 2 տարի առաջ կաթի փոշու 1 կգ-ն արժեր 5-6 դոլար, իսկ տեղական հումքից տեղում արտադրված կաթի փոշու ինքնարժեքը կազմում էր շուրջ 3.5-4 դոլար։ Մի շարք կաթնամթերք արտադրողներ անգամ նպատակ են ունեցել կազմակերպել կաթի փոշու արտահանում և վարկային միջոցներով խոշոր ներդրումներ են արել արտադրության մեջ։ Ի՞նչը խանգարեց։ Կաթի փոշու գների կտրուկ անկումը։ Այսօր հնարավոր է կաթի փոշի ներկրել 2 դոլարով (Ուկրաինայից և այլ երկրներից)։ Արտահանման պլանները, բնականաբար, սառեցվեցին` լուրջ դժվարությունների առաջ կանգնեցնելով վարկով ներդրում արած գործարարներին։
Հիմա եկեք միասին մի փոքր հաշվարկ անենք` հասկանալու համար կաթնամթերք արտադրողներին։ 1 կգ կաթի փոշուց ստացվում է մոտավորապես 6-7 լիտր կաթ։ Այսինքն` 1 լիտր կաթի ինքնարժեքը կազմում է 130-135 դրամ։ Իսկ գյուղացիներն առաջարկում են 1 լիտր կաթը` 170 դրամով։ Ընդ որում, բնական կաթը վերամշակելը (ստերիլիզացնելը, հոտազերծելը և այլն) տեխնոլոգիապես ավելի ռեսուրսատար և թանկ պրոցես է, քան կաթի փոշուց կաթնամթերք ստանալը։ Հենց այս պատճառով էլ արտադրողներն առաջարկում են նոր գին` 130 դրամ, կամ էլ նախապատվությունը տալիս են կաթի փոշուն։
Ընդ որում, այս հարցում արտադրողներին մեղադրել չի կարելի։ Ի վերջո, նրանք մասնավոր ընկերություններ են և հետապնդում են սեփական շահը, ինչպես կաթ վաճառող գյուղացին։ Նման դեպքերում պետությունը ոչ թե պետք է ընկերություններին ներքին կարգով պարտադրի թանկ գնով կաթ մթերել, այլ փորձի հասկանալ` ինչո՞ւ է դրսում արտադրված կաթի փոշին` տրանսպորտային ծախսերն ու մաքսազերծումը ներառյալ, ավելի էժան արժենում, քան ներսում արտադրվածը։ Ու քայլեր ձեռնարկի, որպեսզի տեղական արտադրողն ավելի մրցունակ լինի։
Սակայն դա ցանկալի չէ, որովհետև կպարզվի, որ պետք է էժանացնել էլեկտրաէներգիան, գազն ու ջուրը, պետք է համապատասխանեցնել փոխարժեքը, թեթևացնել հարկային բեռը, իջեցնել վարկերն տոկոսադրույքները և այլն։ Իսկ դժվարին կացության մեջ հայտնված կաթ վաճառող գյուղացուն պետությունը նման դեպքերում սուբսիդավորում է։ Սակայն այդ տարբերակն էլ մերոնց ձեռնտու չէ, որովհետև լրացուցիչ ծախս է` բյուջեի համար։
Վերջում անդրադառնանք նաև կաթի փոշու ներկրման ծավալներին։ Շատ հնարավոր է, որ կաթի փոշու ներկրումն իրոք չի ավելացել (ինչպես պնդում է ՍԱՊԾ-ն)։ Սակայն դա ունի շատ պարզ բացատրություն։ Բանն այն է, որ կաթնամթերք արտադրող մի քանի խոշոր ընկերություններ դեռ օգտագործում են նախկինում իրենց արտադրած կաթի փոշին։ Այն փոշին, որն արտադրվել էր արտահանելու նպատակով, սակայն այժմ գնի պատճառով մրցունակ չէ։
Սակայն այդ ծավալներն անսպառ չեն և շուտով կվերջանան։ Դրանից հետո կաթի փոշու ներկրումը շեշտակի կաճի։ Չգիտենք` պետությունն այս հարցում ի՞նչ կձեռնարկի, որովհետև դա մի կողմից` վնաս է գյուղացուն, մյուս կողմից` լրացուցիչ մուտքեր է ապահովելու բյուջեի համար` ԱԱՀ-ի տեսքով։