Ինչո՞ւ է «Նաիրիտում» երրորդ անգամ աուդիտ արել նույն ընկերությունը
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նույն ընկերությունը հերթական անգամ աուդիտ իրականացրեց «Նաիրիտ» գործարանում:
Ա.Սիմոնյանը նախ փորձեց հիշել ամերիկյան ընկերության բրիտանական մասնաճյուղի անունը: Զուրաբյանը հուշեց՝ «Յակոբս»:
«Չէ, չէ, Յակոբս չէ, հա՝ Ջակոբս»,- վերջապես հիշեց փոխնախարարը, ով նաև կառավարության ներկայացուցիչն է «Նաիրիտի» տնօրենների խորհրդում:
Այնուհետև Ա.Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչ դժվար է լինելու վերագործարկել «Նաիրիտը,» ինչ խնդիրներ են եղել իրանական կողմի հետ, որ գործարանի հումքի՝ բութադիենի տեղափոխումը խիստ բարդացնում է խնդիրը:
Լ.Զուրաբյանը փոխնախարարին հիշեցրեց, որ մինչև ՀԲ-ի պատվերը, նույն «Ջակոբսը» 2 անգամ իրականացրել է աուդիտի պատվեր և 2012-ին «Իտերա», 2013թ. «Ռոսնեֆթ» ընկերությունների համար. «Ինձ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ՝ ունենալով երկու գնահատական, ևս մեկ անգամ դիմում եք աուդիտի համար: Այս պարագայում զարմանալին այն է, թե ինչո՞ւ է ՀԲ-ն դիմել հենց «Ջակոբսին» և ինչո՞ւ չի հրապարակվում աուդիտը, ի՞նչ տարբերություն կա այս աուդիտի և նախորդների միջև: Խոստանում եմ՝ ես կհրապարակեմ նախորդ աուդիտների եզրակացությունները»:
«Ես լավատեղյակ եմ «Իտերայի» աուդիտի արդյունքներին, 2013թ. աուդիտին ծանոթ չեմ»,- հակադարձեց Ա.Սիմոնյանը ու մշտապես «Ջակոբսին» դիմելը հիմնավորեց նրանով, որ այդ ընկերությունն ամենամասնագիտական ընկերությունն է:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ գործարանի որոշ գույքի օտարումը նշանակում է փակել «Նաիրիտը»: Նա պահանջեց, որ նախարարությունը ԱԺ «Նաիրիտի» հարցերով ենթահանձնաժողովին ներկայացնի ամբողջական տեղեկատվությունը:
Ա. Սիմոնյանը պնդեց, որ վաճառվում է միայն այն գույքը, որը նշանակություն չունի հետագա վերագործարկման համար:
Ա.Մինասյանը փոխնախարարից հարցրեց, թե ի՞նչ իրավական ակտի հիման վրա են նախարարության աշխատակիցները զբաղվել «Նաիրիտով». «Ինչպե՞ս եք վաճառում ակտիվները, բա եթե աուդիտն ասի՝ վերագործարկել կարելի է, բայց հավելյալ ներդրումներ են պետք, ո՞նց եք վերագործարկելու գույքը վաճառելու դեպքում»:
Ա.Սիմոնյանը հայտարարեց, թե «Նաիրիտի» հարցով նախարարությունը զբաղվում է որպես 10%-ի բաժնետեր:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ինչ էլ ասի տեխնիկական աուդիտը, մենք գիտենք, որ «Նաիրիտը» պետք է աշխատի, բութադիենն էլ կարող ենք բերել, այլ հարց է, թե ինչ կարժենա այն: