Ինչո՞վ է վտանգավոր և օգտակար ռուսական ռազմաբազան Հայաստանում
«Օտարերկրյա զորքերը թուլացնում են այն երկիրը, որտեղ տեղակայված են»,- այսօր այս մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեցին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը և ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը` խոսելով
«Ազգային անվտանգություն և օտարերկրյա ռազմաբազաներ» թեմայի շուրջ: Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ այսօր Հայաստանում ռուսական զորքերին այլընտրանք չկա, այն իրավապայմանագրային բազան, որը գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև Հայաստանի՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, կարևոր դեր է խաղում ՀՀ անվտանգության ապահովման հարցում, թեև համագործակցության բազան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ ևս չափազանց կարևոր է:
«Բայց այս փուլում մեր անդամությունը ՀԱՊԿ շրջանակներում, հայ-ռուսական համագործակցությունը և ՌԴ բազայի ներկայությունը ՀՀ-ում այլընտրանք չունեն: Բայց ես հավատացած եմ, որ մի օր մենք ի զորու կլինենք ստեղծել համագործակցության այնպիսի ձևաչափ, միջավայր տարածաշրջանում, որ այդ հարցը չի լինի այսպիսի կենսական նշանակության, և մենք կկարողանանք օտարերկրյա զինվոր չունենալ մեր հողի վրա»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Իր հերթին՝ Մանվել Սարգսյանն ասաց, որ ունենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ սահմանը Թուրքիայի հետ պաշտպանում են ռուսները, և ռազմաբազա, ԼՂ ունենք, որտեղ սահմանը պաշտպանում են ՀՀ զորքերը, այդ թվում՝ սահմանն Իրանի հետ:
«Ինչո՞ւ է այդպես: Շատ հետաքրքիր է սա, որը մեզ պետք է թույլ տա մտածել` ուժեղացնո՞ւմ են մեզ ռուսական զորքերը, թե՞ թուլացնում: Դա լուրջ խնդիր է, որը Հայաստանում երբևէ չի քննարկվում: Ցանկացած օտար զորք այլ երկրի տարածքում թուլացնում է այդ երկիրը, որովհետև որոշումները չի ընդունում ռազմաբազան հյուրընկալող երկիրը: Օրինակ` հնարավոր է, որ դու ընդհանրապես բանակ չունենաս սահմանի մի որոշակի հատվածում, իսկ այդ հատվածում անվտանգությունն ապահովեն այլ երկրի զինվորականներ ու հանկարծ որոշեն գնալ, ստացվում է, որ հանձնում են, այսինքն` դու չես որոշողը, այնինչ, երբ դու մենակ ես, դու ես որոշողը: Սկզբից տրամաբանությունն է պետք հասկանալ, հետո տեսնել` ի՞նչ անել, ինչպե՞ս դրսևորվել, ում հետ ի՞նչ հարաբերություն ունենալ:
Մենք չունենք այդ տրամաբանությունը»,- ասաց Մանվել Սարգսյանը` շարունակելով, որ 1994 թվականին, երբ ԼՂ-ի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն էր վարում, էական խնդիր էր ռուսական զորքը ԼՂ բերելը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը կարողացել էր աջակցել զինադադարին, մանդատ ստանալ ԼՂ դիվիզիա ուղարկելու համար, որի շուրջ պետք է համաձայնություն ձեռք բերվեր:
Սակայն, ըստ նրա, տարաձայնությունները շատ էին. մի մասը կարծում էր, որ այդ խաղաղապահական առաքելությունն անհրաժեշտ է, իսկ մյուս մասը` որ դա անընդունելի է, քանի որ իրենից ենթադրում է ռուսական տիրապետություն: Այս տարաձայնությունների պատճառով, ըստ նրա, այս նախաձեռնությունը տապալվեց: «Ստեղծվեց անվտանգության մեկ համակարգ, եթե գային ռուսական զորքեր, կպարտադրեին անվտանգության այլ համակարգ ԼՂ-ին»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Վլադիմիր Կարապետյանը, սակայն, նաև նշեց, թե արդյո՞ք կա Հայաստանում մեկը, ով կասկածում է, որ Հայաստանը՝ անկախանալով 1991թ., լինելով ռազմական գործողությունների մեջ Ադրբեջանի հետ, հետերկրաշարժյան իրավիճակում, Թուրքիան կհապաղեր հարցեր լուծել: «Կա՞ Հայաստանում մեկը, որ կասկածում է»,- ասաց Կարապետյանը` ակնարկելով, որ ինքը չի կասկածում: