Բաժիններ՝

Ով որքան է ներդրել Հայաստանում

Պաշտոնական վիճակագրությունը վերջապես հրապարակեց ՀՀ իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ամբողջական վիճակագրությունը, որից երևում է, թե ինչպես է նվազել ներդրումների հոսքը։ Ասում ենք` վերջապես, որովհետև վերջին ամիսների ընթացքում Ազգային վիճակագրական ծառայությունը ներդրումները ներկայացնում էր նոր մեթոդաբանությամբ, ինչն անհնար էր դարձնում ցուցանիշերը համեմատելը նախկին ժամանակահատվածների հետ։

Այժմ հրապարակվել են ներդրումներին վերաբերող տվյալները 2015թ. առաջին եռամսյակի համար։ Եվ այսպես, ԱՎԾ տվյալների համաձայն, 2015թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 60 մլրդ 171.8 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 35 մլրդ 292.4 մլն դրամ:

Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Իսկ ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (այդ թվում` վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները)։

Այս թվերը ոչինչ չեն ասի, եթե չդիտարկենք նախորդ ժամանակահատվածի հետ համեմատության մեջ։ Ընդհանուր ներդրումային հոսքերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 858.3 միլիոն դրամով կամ 1.55%-ով։

Կարդացեք նաև

Սակայն նույնը չի կարելի ասել ուղղակի ներդրումների դեպքում։ Նախորդ տարվա հունվար-մարտին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել էր 69.6 մլրդ դրամ։ Իսկ դա նշանակում է, որ ՕՈՒՆ-ները կրճատվել են 34.3 մլրդ դրամով կամ 49.3%-ով։ Այսինքն` կիսով չափ, ինչը լուրջ անկում է։

Ըստ երկրների` ներդրումների ամենամեծ զուտ հոսքը եղել է Ռուսաստանից` 13.38 մլրդ դրամ, այդ թվում` ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը` 16.8 մլրդ դրամ։ Սակայն ամենամեծ անկումը նույնպես Ռուսաստանին է բաժին ընկնում։ Նախորդ տարի վերը նշված ցուցանիշերը կազմել են, համապատասխանաբար, 47.9 և 49.6 մլրդ դրամ։ Այսինքն, ընդհանուր ներդումների զուտ ներհոսքերը Ռուսաստանից նվազել են 72%-ով, իսկ ուղղակի ներդրումները` 66%-ով։

Ընդհանուր զուտ հոսքերի մեծությամբ երկրորդ տեղում Նիդեռլանդներն է (10.2 մլրդ դրամ), որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (8.3 մլրդ դրամ), Բրիտանական Վիջինյան Կղզիները (6.3 մլրդ դրամ) և Կիպրոսը (4.5 մլրդ դրամ)։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի առումով Ռուսաստանին հաջորդում են Գերմանիան (5.7 մլրդ դրամ), Ֆրանսիան (4.7 մլրդ դրամ) և Իռլանդիան (2.5 մլրդ դրամ)։

Նշենք, որ ուղղակի ներդրումների հոսքի նվազման առումով առանձնանում է Միացյալ Թագավորությունը։ 2014թ. հունվար-մարտին ՄԹ ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել էր ավելի քան 9.8 մլրդ դրամ, այս տարվա հունվար-մարտին` ընդամենը 752.3 մլն դրամ։ Այսինքն, ցուցանիշը նվազել է շուրջ 13 անգամ։ Սա, ըստ ամենայնի, պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի հետ կապված ժամանակավոր դադարով (հանքավայրը շահավործվում է «Գեոթիմ» ընկերության կողմից, որի սեփականատերը բրիտանական «Լիդիանն» է)։ Սակայն կարելի է ենթադրել, որ ՄԹ ներդրումները տարվա ընթացքում կավելանան, քանի որ ընկերությունն արդեն ստացել է հանքի շահագործման թույլտվություն և նախատեսում է արդեն այս տարի սկսել աշխատանքները։

Ուղղակի ներդրումների ամենամեծ հոսքն այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է հիմնային մետաղների արտադրության ոլորտում` 16.1 մլրդ դրամ, որը գրեթե ամբողջությամբ բաժին է ընկնում Գերմանիային։ Էլեկտրաէներգիայի, գազի և լավորակ օդի մատակարարման ոլորտում ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 15.9 մլրդ դրամ (Ռուսաստան), հեռահաղորդակցության ոլորտում` 3.1 մլրդ դրամ (մեծ մասը բաժին է ընկնում Սեյշելյան կղզիներին և Ֆրանսիային) և խմիչքների արտադրության ոլորտում` 3 մլրդ դրամ (որից 2 մլրդ-ը բաժին է ընկնում Ֆրանսիային)։

Նշենք նաև, որ ՀՀ տնտեսության 5 ոլորտներում ուղղակի ներդրումների զուտ հոսքեր չեն եղել (տեղեկատվական ծառայությունների մատուցում, մետաղական հանքաքարի արդյունահանում, հագուստի արտադրություն և այլն)։ Իսկ հանքագործական ճյուղում ուղղակի ներդրումների զուտ հոսքը բացասական մեծություն ունի` 8.5 մլրդ դրամի չափով։ Սա նշանակում է, որ այդ գծով ավելի շատ գումար դուրս է գնացել, քան ստացվել է։

Ի դեպ, ԱՎԾ-ն ներկայացրել է նաև ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերն ու պաշարները` ըստ երկրների, 2015թ. մարտի վերջի դրությամբ։ Սա ցույց է տալիս, թե 1988թ. մինչև 2015թ. մարտի վերջն ընկած ժամանակահատվածում որքան է կազմել ՀՀ տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալը (խոսքը վերաբերում է միայն գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալներին` առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունների):

Ըստ այդմ, 2015թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերի ծավալը կազմել է շուրջ 4.5 տրիլիոն դրամ, որից ուղղակի ներդրումներինը` ավելի քան 2.9 տրիլիոն։ Ինչպես երևում է աղյուսակից, ուղղակի ներդրումների կուտակված մեծության առումով առաջատարը Ռուսաստանն է։

nerdrumner-2015

1988 թվականից ի վեր ՌԴ-ից Հայաստանի տնտեսության մեջ հոսել է ընդհանուր առմամբ 1 տրիլիոն 769.5 մլրդ դրամի ներդրումներ, որը կազմում է ընդհանուր հոսքերի 38.88%-ը։ Այդ թվում` ՌԴ-ին բաժին ընկնող ուղղակի ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 1 տրիլիոն 366.8 մլրդ դրամ (ընդհանուր ուղղակի ներդրումների հոսքերի 46%-ը)։

Ներդրումային հոսքերի մեծությամբ երկրորդ տեղում Ֆրանսիան է` 467.4 մլրդ դրամ (ընդհանուրի 10.27%-ը), որին հաջորդում են Գերմանիան` 320.7 մլրդ դրամ (10.05%), Կիպրոսը` 268.9 մլրդ դրամ (5.91%), Արգենտինան` 229 մլրդ դրամ (5%) և Հունաստանը` 196.1 մլրդ դրամ (4.31%-ը)։ Ուշագրավն այն է, որ ի տարբերություն մյուս երկրների` այսօր հունական ներդրումների մաքուր պաշարները կազմում են ընդամենը 133.4մլն դրամ կամ ընդհանուրի 0.01%-ը։ Այսինքն` Հունաստանը խոշոր ներդրումներ է կատարել Հայաստանում, հետո «դուրս է հանել» գումարներ։ Ըստ ամենայնի, այս ցուցանիշերն արտացոլում են «ԱրմենՏելի» գնումը հունական OTE-ի կողմից, և հետագայում դրա վաճառքը ռուսական «Վիմպելկոմին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս