Սերբիայի ԱԳ նախարարն Արցախից սպառիչ պատասխան կստանա

Տարածաշրջանային այցի շրջանակներում  Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի քաղաքական կամքի առկայության դեպքում: Դաչիչն ասել է, թե  հավատում է՝ Մինսկի խմբի ջանքերով  կկարողանան հասնել երկարատև կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հատուկ պարտավորությունների  կատարման և դրանց հավատարիմ մնալու դեպքում:

Սերբիայի ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ  Երևանում հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանն առաջ է քաշելու մի քանի նախաձեռնություն: «Կարծում եմ՝ մենք պետք է կատարենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներն ու խուսափենք երկակի չափանիշներից»,- ասել է նա: Ըստ ադրբեջանական աղբյուրների, Դաչիչն ադրբեջանական կողմին խոստացել է նաև բարձրացնել Լեռնային Ղարաբաղում մի շարք հանցագործությունների կատարման համար ազատազրկված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հարցը: «Պարոն Դաչիչի այցից հետո ես ակնկալում եմ ինչ-որ տեղաշարժ ղարաբաղյան հակամարտության հարցում»,- իր հերթին՝  հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս նաև փոխանցել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ համաձայնության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ սկսել: Դաչիչը հունիսի երեքին կլինի նաև Երևանում:

168.am-ի  հետ զրույցում  ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ պատոնական Արցախի  դիրքորոշումն ազատազրկված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցում չի փոխվել և չի էլ կարող փոխվել, որովհետև  այդ մարդիկ կատարել են ծանր հանցագորրծություններ, ահաբեկչություն, մարդասպանություններ, համապատասխանաբար՝ նրանց հանդեպ իրականացվել  է բաց և թափանցիկ դատավարություն ԶԼՄ-ների, մարդու իրավունքների պաշտպանների, փորձագետների, միջազգային հանրության մասնակցությամբ, մեղքը նրանք ընդունել են, մեղքն ապացուցվել է, և իրենց պատիժը նրանք ստանում են:

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախը քաղաքակիրթ, նորմալ պետություն է` ի տարբերություն Ադրբեջանի, որը ֆաշիստական և նախնադարյան պետություն է: Ադրբեջանցի հանցագործների հանդեպ մենք հաշվեհարդար չենք տեսել, ադրբեջանցիների նման չենք սպանել, օրգանները չենք վաճառել, այսինքն` նորմալ դատավարություն ենք իրականացրել: Քաղաքակիրթ երկրներում, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, մահվան դատավճիռ նշանակվեց երկու եղբայրներից մեկի նկատմամբ, ահաբեկիչը, որը մեղադրվել է մասսայական սպանության մեջ, ստացել է  իրեն արժանի պատիժը»,- ասաց Դավիթ Բաբայանը:  Վերջինս նշեց, որ  ժամանակին կեսկատակ-կեսլուրջ ասել են, որ, եթե ադրբեջանական կողմը պատրաստ է փոխանակել Սաֆարովին, ապա ադրբեջանական այդ պահանջը կարող է  քննարկել: «Այլ ի՞նչ զիջում կարող է լինել նրանց կողմից:  Այս հարցը պարզապես շահարկվում է  ադրբեջանական կողմից: Նրանք խնդրել են Սերբիայի ԱԳ նախարարին այդ հարցը բարձրացնել,  նա էլ դիվանագիտական էթիկային զոհ գնալով՝ ասել է, թե կբարձրացնի, բայց երբ այդ հարցը բարձրացվի, կլինի  սպառիչ պատասխան»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է  Մամեդյարովի դիտարկումներին, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ համաձայնության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ սկսել, ապա Բաբայանն ընդգծեց, որ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել՝ առանց Արցախի մասնակցության: Իսկ Արցախը, նրա խոսքով, որևէ փաստաթղթի կազմման կամ բանակցային գործընթացի չի մասնակցել:

Տեսանյութեր

Լրահոս