«Իշխանություններն արդեն զիջումների են գնում»
Էներգահամակարգերը, ըստ էության, ամբողջ աշխարհում անընդհատ կարիք ունեն արդիականացման, թարմացման, նորացման, նոր տեխնոլոգիաների օգտագործման և այլն: Այս ամենը չափազանց մեծ ֆինանսական միջոցներ է ենթադրում և պահանջում: ՀՀ-ում այդ պահին ձևավորվել է մի վիճակ, որտեղ նախորդող տարիների ընթացքում բոլոր հատկացումները, ֆինանսական միջոցներն ուղղված են եղել ՀՀ-ի էներգահամակարգի արդիականացմանը, բայց փաստորեն այդ փողերը կարծես թե փոշիացել են և ըստ նպատակի չեն օգտագործվել: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, նշեց, որ իր հաշվարկներով՝ գրեթե 400-500 միլիոն դոլար հատկացվել է համակարգի նորացմանը, սակայն խնդիրները չեն լուծվել:
«Հիմա մեղմ ձևով են ներկայացնում՝ «կառավարիչների վատ կառավարման հետևանքով, և այլն», ի՞նչ վատ կառավարման մասին է խոսքը: Ամեն որոշող մտածում է, թե ինչպես կարելի է այդ փողերը դուրս հանել, տանել: ՀՀ-ի էներգահամակարգերն այս պահին էներգետիկ անկախության, անվտանգության առումով մեզ մոտ վտանգված են, և, բնականաբար, իսկապես անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ և ներդրումներ: Այս առումով այլ տեղ մենք չունենք, բյուջեում ֆինանսական միջոցները սուղ են և բացակայում են, և, բնականաբար, միակ հնարավոր տարբերակը կարծես թե մնում է նորից բնակչության միջոցով այս խնդիրը լուծելը: Մինչև անգամ ես՝ որպես մասնագետ, մտածում եմ, որ՝ ոչինչ, սա էլ տանենք, դիմանանք, բայց արդեն հավատը չկա՝ արդյոք այդ միջոցները կգնա՞ն իրենց համապատասխան նպատակին, թե՞ ոչ»,- ասաց տնտեսագետը:
Վ. Բոստանջյանի խոսքով՝ նման թանկացումը բերելու է անկանխատեսելի հետևանքների:
Հարցին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ մեծ շարժում սկսվեց, և ինչ-որ հաջողության հասան, հիմա հնարավո՞ր է՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն էլ «Դ!եմ եմ»-ի նման՝ վերածվի մեծ շարժման, տնտեսագետը պատասխանեց՝ իհարկե, հնարավոր է. «Գալիս է՝ մի պահ է հասնում, երբ արդեն հնարավոր չէ համակերպվել և դիմանալ: Դրա համար ես նշեցի, որ այս թանկացման պրոցեսը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Չեմ ուզում ինձ վրա վերցնել ծանր բեռ ու ասել, որ, այո՛, տեղի կունենա հեղափոխություն, բայց կարող է տեղի ունենալ»:
Ըստ տնտեսագետի՝ իշխանություններն արդեն զիջումների գնում են. «Իշխանությունների կողմից զիջումների գնալու մի տարատեսակ է այն, որ որոշում կայացնողն ասում է՝ «չեմ կարծում, որ 17 դրամով կթանկանա»: Այսինքն՝ տեսեք՝ ինչ լավություն է անում քաղաքացիներին, կարող են 2 դրամ իջեցնել: Որևէ մեկը հանրապետականներից չի ողջունել այս թանկացման պրոցեսը, էլ արդեն տեղ չունեն հիմնավորելու»:
Հարցին էլ՝ այս իրավիճակում, երբ էներգիա մատակարարողը չի կարող չբարձրացնել սակագինը, իսկ ժողովուրդն էլ չի կարող վճարել, լուծման ի՞նչ ուղիներ եք առաջարկում, Վ. Բոստանջյանը պատասխանեց, թե կարծում է՝ այդպիսի խնդիր չկա, որ չլուծվի, խնդիրները միշտ ունենում են լուծում. «Մենք՝ քաղաքացիներս, կարող ենք մի անգամ ևս մեր գոտիները ձգել, ավելի մեծ ծախսեր կրելով՝ նպաստել մեր համակարգի առողջացմանը, սակայն այստեղ այդ պարադոքսալ չլուծվելու խնդիրը մնում է՝ որտեղի՞ց մենք ունենք համոզվածություն, որ այդ գումարները կգնան և կօգտագործվեն՝ ըստ նպատակի: Այդ հավատի բացակայությունը, փաստորեն, սպանում է մեր երկիրը»: