Նախարարը բացառում է մանկատներից օրավարձով երեխաներ վերցնելու փաստը
«Ես բացառում եմ նման բան և անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները: Եթե որևէ տեղեկատվություն կա, ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ: Դա ուղղակի համարում եմ ամենավտանգավոր երևույթը և, եթե այդպիսի բան բացահայտվի, պետք է լինի ամենախիստ պատիժը: Բայց ես բացառում եմ նման բան մեր համակարգի հաստատություններում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով մուրացկանության նպատակով մանկատներից օրավարձով երեխաներ վերցնելուն, որի մասին նախօրեին ԱԺ-ում հայտարարել էր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
168.am-ի հարցին, թե արդյոք մանկատների ղեկավարների հետ քննարկվե՞լ է խնդիրը, և գուցե տնօրենները տեղյակ չեն, բայց ստորին օղակնե՞րն են նման բան անում, նախարարը պատասխանեց, որ քննարկում եղել է, իսկ ստորին օղակի աշխատողների մասին հորդորեց ենթադրություններ չանել. «Առանց հիմքերի՝ որևէ հայտարարություն ճիշտ չեմ համարում: Ավելին, վերջին տարիներին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներն իրապես մեծ արդյունքներ են տվել, ինչն արձանագրվում է նաև միջազգային կազմակերպությունների տված զեկույցներում: Եղած թերությունների ուղղությամբ պետք է աշխատել»:
Ըստ նախարարի՝ փաստերի առկայության դեպքում դրանք պետք է ներկայացվեն պատկան մարմիններին, քանի որ դա ուղղակի հաղորդում է հանցագործության մասին. «Ես վստահ եմ, որ պատկան մարմինները պիտի արձագանքեն, և նաև հայտարարություն անող պատգամավորը կհամագործակցի պատկան մարմինների հետ: Մուրացականության հետ կապված խնդիրների մասով կան պատկան մարմիններ, որ իրականացնում են իրենց աշխատանքը: Արդյունավետությունը պետք է բոլորին մտահոգի, և հստակ տեղեկություն ունենալու դեպքում՝ դիմեն իրավապահ մարմիններին»:
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցում արձանագրված թերությունների վերաբերյալ, որ գիշերօթիկներում ծեծի և ստորացումների դեպքեր կան, Ա.Ասատրյանը հայտարարեց, որ որևէ խնդիր բացառել չի կարելի, խնդիրներ կան յուրաքանչյուր ընտանիքում, և երեխաների դաստիարակության ու խնամքի հետ կապված հարցերը չի կարելի ներկայացնել, որ ուղղված է երեխաների իրավունքների ոտնահարմանը: Բայց եղած խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տալ, ոչ թե հատվածական: Մեր կողմից մշակվել և ներդրվել է ամենօրյա ռեժիմով մոնիտորինգ ու գնահատում, ու դրա արդյունքում՝ խնդիրները լուծվում են»: