Միքայել Մելքումյանը՝ Ռոբերտ Նազարյանին. «Պետք է փոխհատուցել սպառողներին, թե ում հաշվին՝ սպառողի համար միևնույնն է»

ՀՀ Հանրային ծառայություններըկարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանին
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից

Ի լրումն Ձեզ հասցեագրված մայիսի 15-ի N 031 գրության` հարկ եմ համարում ներկայացնել էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված հետևյալ առաջարկությունները.

վերահաստատելով մեր նախորդ առաջարկությունների և եզրակացությունների բովանդակությւնը, ինչպես նաև արձանագրելով Ձեր և հանձնաժողովի անդամների ու այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ մեր համատեղ քննարկման արդյունքները, հարկ եմ համարում Ձեր քննարկմանն ուղղել ներքոհիշյալ առաջարկությունները.

  1. Անհրաժեշտ է համալիր ձևով առողջացնել էլեկտրաէերգետիկական համակարգի ամբողջ շղթան՝ կիրառելով ստանդարտ և ոչ ստանդարտ ամբողջ, այդ թվում՝ հակաճգնաժամային կառավարման ազդեցության գործիքակազմը:
  2. Վերանայել էլեկտրաէներգիայի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդաբանությունը և, մասնավորապես, այդ փաստաթղթում ամրագրված անհրաժեշտ հասույթի հաշվարկման բանաձևի բովանդակությունը:

Այսպես, անհրաժեշտ հասույթի ձևավորման համար, ժամանակավորապես, մինչև հարցի կարգավորումը՝

ա) քննարկել «ՀԷՑ»-ի համար շահութաբերության նորմայի ճշգրտման խնդիրը,

բ) այդ բանաձևում սահմանել հարկային արտոնություններ,

գ) մաշվածքի նորման կրկնակի մեծացնել՝ 4%-ից սահմանելով 8%,

դ) պահպանման և շահագործման ծախսերի կառուցվածքում անցնել գերխնայողական ռեժիմի՝ հիմքում դնելով առավելապես ցանցի անվտանգության և հուսալիության ապահովմանն ուղղված ծախսերը,

ե) պետության միջամտությամբ վերանայել անհուսալի դեբիտորական պարտքերի ծավալը՝ քննարկելով դրանց ետ ստացման տարբերակները:

  1. Վերակառուցել «ՀԷՑ»-ի շուրջ 250 մլն դոլարի պարտավորությունները, այդ թվում՝ բանկային վարկերի մասով, հաշվի առնելով հատկապես բարձր տոկոսադրույքներով կարճաժամկետ վարկերի վերաձևակերպումը:
  2. Վերոնշյալ և այլ միջոցառումների արդյունքում վերանայել «ՀԷՑ»-ի երեք տարվա ընթացքում կորուստների տարեկան 1/3-ական ռեժիմով փոխհատուցման մեխանիզմը՝ այն փոխարինելով մեկ տարվա ընթացքում անմիջական փոխհատուցման ռեժիմով:
  3. Անհրաժեշտության դեպքում պետության միջամտությամբ ներգրավել նոր՝ փոխառու միջոցներ և ապագայի համար ձևավորել նաև սակագնի և ցանցի կայունացման հիմնադրամ:
  4. Ինչպես և նշել էինք մեր նախորդ առաջարկությունների փաթեթում, անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ իրականացնել բարձր լարման էլեկտրաէներգետիկական հզորությունների բեռնաթափման և օգտագործման համար` դրանով իսկ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը և իջեցնելով «ՀԷՑ»-ի լրացուցիչ ծախսերը` սահմանելով խոշոր ձեռնարկությունների համար հզորության վճար:
  5. Ցանկանում եմ շեշտել նաև, որ ՀԾԿՀ-ի կողմից 2013 թ. ապրիլի 30-ի N145-Ա որոշմամբ հաստատված սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համապատասխան հավելվածի 16 կետում արձանագրված է, որ անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրական էներգիայի արժեքի տարբերությունը ենթակա է փոխհատուցման սպառողներին կամ լիցենզավորված անձին: Ուշադրություն դարձրեք՝ սպառողներին:

Այսպիսով, պետք է փոխհատուցել սպառողներին, թե ում հաշվին՝ սպառողի համար միևնույնն է, նա բարեխիղճ սպառող է:

  1. Հստակ ամրագրել, որ առնվազն հանրապետության բնակչությունը չի տուժի սակագնային նախատեսվող կարգավորումների արդյունքում:

Դրա հնարավորությունը ռեալ է:

Պարո՛ն Նազարյան,

Պատրաստ եմ մեր առաջարկությունների քննարկման երկրորդ փուլին:

Տեսանյութեր

Լրահոս