Բաժիններ՝

«Ամբողջ աշխարհում ֆիլմերը պոպկորն ուտելով են դիտում». Արշո Հարությունյան

Մայիսի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում ռուսական Berg sound կինոարտադրությունը և բեմադրող ռեժիսոր Արշո Հարությունյանը ներկայացրեցին իրենց նոր ֆիլմը՝ «Սկոտչ & Whiskey» կատակերգությունը:

Ֆիլմի հիմքում ընկած է Արշո Հարությունյանի բեմադրած նույնանուն ներկայացումը, որը տարիներ ի վեր հաջողությամբ ներկայացվում է Երևանի Կամերային թատրոնի բեմում, և որը 2013թ. «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ընթացքում ստացել է «Լավագույն երիտասարդական ներկայացում» մրցանակը:

Սյուժեն երիտասարդ ընտանեկան զույգի պատմությունն է, որի կյանքը թևակոխում է բեկումնային փուլ: Անհավանական արկածների և ծիծաղելի իրավիճակների մեջ ընկած հերոսները, արդյունքում, վերականգնում են իրենց հարաբերություններն ու սկսում նորովի գնահատել միմյանց:

derasanner (3)

Կարդացեք նաև

Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Արփի Գաբրիելյանը, Սերգեյ Դանիելյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գրիշա Աղախանյանը, Վիգեն Ստեփանյանը և այլք: Նկարահանման աշխատանքները տևել են 22 օր:

Արշալույս Հարությունյանը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա, եթե հենց ասուլիսի սկզբից մի լավ «չթարմացներ» լրագրողներին՝ կարմիր սկոտչով փակելով դերասան Ռաֆայել Երանոսյանի բերանը: Իհարկե, նա կատակով նշեց, որ դա արվել է նրա համար, որպեսզի վերջինս չբողոքի, թե ինչ դժվարին նկարահանումների է ստիպված եղել մասնակցել:

Իհարկե, լրագրողների պնդմամբ ասուլիսի գրեթե ավարտին Արշոն ազատեց Ռաֆայելին, ով, ի թիվս մյուս դերասանների, շեշտեց, թե որքան մեծ բավականություն են ստացել՝ ստեղծելով այս ֆիլմը: Արշոն կարողացավ ևս մի ինտրիգ մտցնել ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսովն այժմ գտնվում է բանտում, այդ իսկ պատճառով ներկա չէ ֆիլմի երևանյան պրեմիերային: Հետո միայն պարզաբանեց, որ պրոդյուսերը բանտում է, քանի որ մասնակցում է հերթական ֆիլմի նկարահանումներին…

derasanner (8)

derasanner (12)

derasanner (4)

Ինչևէ, մենք կարողացանք նախքան ասուլիսը «շատ լուրջ» զրուցել ֆիլմի, մեղմ ասած, կատակասեր ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ:

– Արշո, Ձեր առաջին ֆիլմի՝ «Թափառում» ռոք-օպերայի ֆիլմի հետ առնչվող մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, Դուք ցավով նշել էիք, որ ֆիլմի PR-ը վատ էր կազմակերպված, այդ իսկ պատճառով այն չունեցավ այն արդյունքը, որը պետք է ունենար: «Սկոտչ և վիսկի» ֆիլմի դեպքում կարողացե՞լ եք խուսափել նախորդ սխալից:

– Իհարկե: Նախորդ անգամ մենք ուղղակի չունեինք համապատասխան փորձ PR-ի հարցում, որպեսզի այդ աշխատանքն ըստ արժանվույն կարողանայինք ներկայացնել: Ճիշտ արված գովազդը շատ կարևոր է:

– Այս ֆիլմը, նախքան մեծ էկրան բարձրանալը, փոքր բեմում էր «ապրում»: Կարողացե՞լ եք խուսափել էկրանին թատրոն չցուցադրելու վտանգից:

derasanner (2)

derasanner (5)

derasanner (6)

Միանշանակ կարող եմ ասել, որ խուսափել ենք այդ վտանգից: Այն հաղթահարված է: Դա, իհարկե, մեծ ջանքեր էր պահանջում, քանի որ դերասանները սովորել էին թատերական ֆորմատին: Բայց ես կարծում եմ, որ շնորհիվ մեր տաղանդավոր դերասանների՝ այդ վտանգը հաղթահարված է:

– Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն:

– Ես հիմա չեմ ուզում դրա մասին խոսել:

– Սովորաբար ամերիկյան ֆիլմերում կարևորվում է ֆիլմի բյուջեն: Ավելին, բյուջեի չափն իրենց պրոդուկտի գովազդի անբաժան մասն է կազմում: Մերոնք, սակայն, չգիտես ինչո՞ւ՝ գաղտնի են պահում ֆիլմի իրական բյուջեի չափը:

derasanner (9)

– Անկեղծորեն պետք է ասեմ, որ այս ֆիլմը բավականին ծախսատար է եղել, քան ակնկալվում է հայաստանյան շուկայից ետ բերել այդ գումարը:

– Ֆիլմը Ռուսաստանի՞ շուկայի համար է:

– Ի սկզբանե այս ֆիլմը Ռուսաստանի շուկայի համար է ստեղծվել: Բայց իմ համառ ջանքերի և ֆիլմի պրոդյուսերի մեծ հայրենասեր լինելու պատճառով՝ ֆիլմն առաջինը Հայաստանում էկրան բարձրացավ: Ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսովը, ֆանատիկ հայ է և ամեն ինչ անում է, որ Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգանա:

-Ռուս դերասաններից ովքե՞ր են կրկնօրինակելու դերերը, երբ ֆիլմն արդեն ներկայանա ռուսական կինոէկրաններին:

– Ուզում եմ պարտադիր նշել ռուս դերասան Ալեքսանդր Նոսիկին: Բայց քանի որ դեռևս վերջնական հաստատված չէ՝ չեմ ուզում անուններ թվարկել: Միանշանակ կարող եմ ասել, որ լինելու է լավագույն թարգմանությունը: Դուբլյաժն արվելու է «Պիֆագոր» պրոֆեսիոնալ ստուդիայում, որը լավագույնն է, քանի որ բոլոր բլոկբաստերներն այնտեղ են դուբլյաժ արվում: Սեպտեմբերից ֆիլմն արդեն կլինի Մոսկվայում:

– Ֆիլմը նախատեսվո՞ւմ է ներկայացնել նաև ՀՀ մարզերում:

– Անշուշտ: Մայիսի 25-ից նախատեսում ենք ֆիլմի մարզային շրջագայությունը՝ Գյումրի, Վանաձոր:

– Ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ ֆիլմը կլինի էկրաններին:

derasanner (11)

– Որքան շատ՝ այնքան լավ: Մենք շատ կցանկանայինք, որ մեր ֆիլմը հնարավորինս շատ մարդ դիտի, քանի որ այն իր մեջ ունի շատ կարևոր ասելիք: Ֆիլմն այն մասին է, որ հանուն սիրո պետք է ամեն օր պայքարել, ընտանիքի գաղափարի կարևորության մասին է այն: Եվ ամենակարևորը՝ ֆիլմը բարի է, ինչը մեզ բոլորիս շատ անհրաժեշտ է:

– Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք նշում էիք, որ մեր երկրում հնարավոր չէ միայն ֆիլմի վարձույթով ետ բերել ֆիլմի վրա ծախսված գումարը, իսկ եկամուտի մասին խոսք լինել չի կարող: Տարիներ են անցել: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս հարցում:

– Ի ուրախություն կինոգործիչների և կինոսիրողների՝ պետք է նշեմ, որ կան արդեն հաջողված նախագծեր՝ ֆիլմեր, որոնք վերադարձնում են ֆիլմի վրա ծախսված գումարները: Եթե ճիշտ հաշվարկներ են արվում, եթե ճիշտ պրոդյուսինգ է կատարվում և, ամենակարևորը, եթե բարձրորակ ֆիլմ է նկարվում, այն ետ է բերում ներդրված գումարները: Գովազդն այսօր ամեն ինչ է: Մարդիկ գովազդով են իմանում, թե ինչ կա, և ինչ իրադարձություններ են կատարվում իրենց շուրջ:

– Այսինքն՝ զուտ գումար բերող, «պոպկորն ուտելով դիտվող» ֆիլմը կարող է և հետաքրքի՞ր լինել:

– Միանշանակ: Հավատացեք, ամբողջ աշխարհում ֆիլմերը պոպկորն ուտելով են դիտում: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա:

-Դա Դուք և մենք ենք ասում, բայց մեր նախորդ սերունդը համարում է, որ ֆիլմի դիտման ժամանակ չեն ուտում:

– Իմ խորին հարգանքս բոլորին՝ մեր մեծերին, մեր ուսուցիչներին, որոնք մեծ ավանդ ունեն մեր գիտակցության, ձևավորված ազգային ընկալումների և մտածելակերպի մեջ: Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործ մարդ, ով ինչ-որ մի բան է անում, և ինքն ադեկվատ մարդ է, ինքն անում է, որ ստեղծածը ցույց տա մարդկանց: Եվ անում է այնքան անկեղծ, որ հանդիսատեսը գոհ դուրս գա դահլիճից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս