Բաժիններ՝

Ըստ Կոստանյանի՝ թերթի հոդվածը հիմք չէ. «Պրոցեսի համար ինձ պետք է սուբյեկտ»

Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքվեց, թե բացի մամուլի հրապարկումներից, տեսանյութն ինչո՞ւ հիմք չեն ընդունում: Նա նշեց, որ նաև հրապարկումներ են եղել, որ ակնհայտ էր լուրջ գործի առկայությունը, օրինակ՝ հաշիվ ֆակտուրաներով հրապարակվում էին կեղծարարություններ, բայց ոչ մի բան չարվեց:

«Ինչպե՞ս անել, որ արձագանք լինի, եթե դիմող չկա»,- հարցրեց Ս.Մարգարյանը:

Գ.Կոստանյանը հայտարարեց, թե եթե հրապարկվում է մի ֆիլմ, որի մեջ սպանություն կա, պետք է տեղեկատվության տարանջատում լինի՝ հանցագործության և հանցավորության մասին կարծիքի միջև: Ըստ նրա՝ տեսանյութն արդեն փաստ է, բայց երբ մեկն ասում է, որ այսինչ մարդը կատարել է այսինչ հանցանքը, դատախազությունը հրավիրում է նրան՝ հայտարարության հիմքը ստուգելու համար:

Նա ներկայացրեց սուտ մատնության տարբերակումը, որ ակնհայտ անմեղ մարդուն մեղադրելու դեպքում է սուտ մատնության գործոնը ի հայտ գալիս: Գլխավոր դատախազը շեշտեց, որ պետք է լինել ազնիվ:

Ըստ նրա՝ ՀԷՑ-ում չարաշահումների մասին հայտարարությունները դատախազությունը չի կարող դիտել որպես հանցագործության մասին հաղորդում և պետք է պատշաճ ստուգում կատարվի, նոր այդ արդյունքով պայմանավորված իրավապահ մարմինը կորոշի. «Ամեն չարաշահում չի, որ հանգեցնում է հանցագործության»:

Ս.Մարգարյանը ճշտեց, որ շատ կոնկրետ հրապարակումներ և փաստաթղթերի պատճեներ են հրապարակվել «Նաիրիտի» վերաբեյալ:

Գ.Կոստանյանը հակադարձեց, թե փաստաթուղթը կարող է կեղծված լինել և նման դեպքում ինքը ցուցում կտար, որ մինչև այդ փաստաթուղթը ներկայացրած անձը հաղորդում չտա, ոչինչ չանեն: Ըստ նրա՝ եթե կեղծված է, պետք է ուսումնասիրեն՝ ով է կեղծել, երբ, կա՞ դիտավորություն, թե՞ ոչ: Նա ընդգծեց, թե թերթի հոդվածը հիմք չէ. «Պրոցեսի համար ինձ պետք է սուբյեկտ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս