Հայաստանի եվրասիական չափանիշները խոչընդոտելու են ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Մեր զրուցակիցն է «Վալդայ» աշխարհաքաղաքական քննարկումների ակումբի անդամ,
գերմանացի միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը

– Ռիգայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» հերթական գագաթաժողովը, որը, մի շարք գնահատականների համաձայն, կդառնա միայն «տնային աշխատանքի» ստուգման հարթակ, այնինչ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո խոսք էր գնում ծրագրի վերաիմաստավորման, նոր թափ հաղորդելու, ասոցիացված երկրներին ազատ վիզային ռեժիմ և ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ տրամադրելու մասին։ Սակայն ԱլԳ բոլոր երկրների իրազեկ վերլուծաբանները պնդում են, որ ԱլԳ Ռիգայի գագաթաժողովը հիասթափեցնելու է բոլորին։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այսօր դանդաղում, կարծես պատրաստ չէ ակտիվորեն շարունակել իր Հարևանության քաղաքականությունը։ Միգուցե առաջնահերթություննե՞րն են փոխվել։

– Ռիգայում անհրաժեշտ է լինելու շատ բան վերանայել։ Կա երկու հայեցակարգ, որը քննարկվում է Եվրոպական միության ներսում։ Առաջին հայեցակարգն առաջարկում են հյուսիսեվրոպական երկրները, որի էությունը հետևյալն է` շարունակել նախկին գործընկերությունն ԱլԳ երկրների հետ, ամեն ինչ անել, որպեսզի ներգրավված և հնարավորինս ասոցիացված մնան այնպիսի երկրները, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդավան, Բելառուսը, և շատ խիստ լեզվով բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Երկրորդ հայեցակարգի համաձայն, որը զգույշ կերպով առաջ են մղում Գերմանիայի քաղաքական ուժերը, անհրաժեշտ է փորձել պայմանավորվել Ռուսաստանի հետ Լիսաբոնից` Վլադիվոստոկ ընդհանուր տարածքի ստեղծման շուրջ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից հետո։

Դա նշանակում է, որ Գերմանիան ԵՄ երկրների և ԵՏՄ երկրների պայմանավորվածության, տնտեսական համագործակցության համար հնարավորություններ է տեսնում, որը կարող է հետագայում սահուն կերպով անցում կատարել այլ ոլորտներում համագործակցության։ Նման ծրագիրն իրականություն դարձնելու համար շատ ժամանակ է հարկավոր, բայց դա դրական հայեցակարգ է, և այդ դրական հայեցակարգը, իմ տեսանկյունից, կարևոր է նրանով, որ ցույց է տալիս` ԵՄ-ում գիտակցել են սեփական սխալները, երբ մի երկրի, ինչպիսին Ուկրաինան է, կանգնեցրին «Կա՛մ Եվրոպական միություն, կա՛մ Եվրասիական միություն» ընտրության առջև։

– Նման ընտրության առջև ԵՄ-ն կանգնեցրել էր նաև Հայաստանին։ Ձեր համոզմամբ` այս տարածաշրջանում առկա խնդիրներն այլևս հասկանալի՞ են Եվրոպական միության համար, փաստորեն, ԵՄ-ն կարծես նո՞ր է ընկալում ռուսական գործոնի հզորությունն այս տարածաշրջանում։

– Այո, ներկայումս այդ սխալները փորձում են ուղղել, այնպես անել, որ Ռուսաստանն այդ ծրագիրը սպառնալիք չընկալի։ Խնդիրն այն է, որ քանի դեռ պատժամիջոցները գործում են, քանի դեռ Ռուսաստանի և Արևմուտքի միջև կան լուրջ հակամարտություններ, քանի դեռ Ուկրաինայի Արևելքում ճգնաժամը չի կարգավորվել, ԵՄ-ում արգելակում են։ Ազդեցիկ ուժերը, ինչպիսին Գերմանիան է, առաջարկում են սկսել համագործակցություն Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն դա շատ հեռավոր նպատակ է այս պահին։

Իմ համոզմամբ` ԵՄ-ն դեռ կշարունակի արգելակել։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի այն հատվածին, որ ԵՄ-ն չի շտապում Վրաստանին և Ուկրաինային տրամադրել ազատ վիզային ռեժիմ, կասեմ հետևյալը, որ այս երկրները դեռ չեն կատարել իրենց տեխնիկական պարտավորությունները։ Եվրոպացիներն իրենց տարածք մուտքի իրավունք չեն տալիս այն երկրների բնակիչներին, որոնք չունեն կենսաչափական անձնագրեր, քանի որ դրանք չեն ենթարկվում կեղծման, հատուկ չափորոշիչներով են պատրաստվում և դժվար են կեղծվում, բայց Ուկրաինան չի կարողացել իր բոլոր քաղաքացիներին տրամադրել նման անձնագրեր, ուստի միակ հնարավորությունը` ինչ-որ կերպ ապօրինությունների հոսքը սահմանափակելու, վիզային ռեժիմի չտրամադրումն է։ Վրաստանին ևս սա վերաբերում է։

Ուկրաինայի դեպքում կա նաև սահմանների հարցը։ ԵՄ-ն տալիս է ազատ վիզային ռեժիմ այն երկրներին, որոնք կարող են հետ ուղարկվող ապօրինի միգրանտներին ընդունել, դա նշանակում է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է ապահովեն, որ այլ երկրներից իրենց երկիր ևս ապօրինի միգրանտներ չներթափանցեն, և այս հարցում ակնհայտ է, որ կան անավարտ աշխատանքներ։ Այս հարցն օդից կախված է արդեն տասը տարի։ Կա մեկ այլ ասպեկտ, որը հոգեբանական պատճառներն ընկալելու տեսանկյունից է կարևոր հասկանալ։

Այսօր Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա փախստականների մի մեծ հոսք է սկսվել։ Ինչպես փորձագետներն են ասում, փախստականների նման հոսք չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, վերջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է արձանագրվել նման հոսք։ Այս հարցը Եվրոպան չի կարողանում կարգավորել։ Միջերկրական օվկիանոսում մարդիկ մահանում են, մարդկանց ետ են ուղարկում, մարդկային ողբերգություններ են արձանագրվում մեր աչքի առջև։ Եվրոպական բնակչությունը բոլոր ԵՄ երկրներում մեծ ճնշման տակ է, լարված է, քանի որ բոլորը հասկանում են, որ այդ միգրացիոն հոսքն ավելի ու ավելի է շարունակվելու։ Հիմա, եթե պարզ դառնա, որ կլինի մեկ այլ հոսք Եվրոպայի Արևելքից, ապա շատերին դա պարզապես դուր չի գա։ Ուստի ներկայումս` քաղաքական և հոգեբանական պատճառներից ելնելով, ԵՄ-ն որոշել է Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի հաստատումը հետաձգել այնքան, որ այդ երկրները գոնե կարգավորեն և ավարտին հասցնեն իրենց տեխնիկական բարեփոխումները։

– Ի տարբերություն Ուկրաինայի` Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից` միանալով Եվրասիական տնտեսական միությանը, սակայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Հայաստանը կշարունակի իր քաղաքական համագործակցությունը, բարեփոխումները ԵՄ-ի հետ, այնինչ ԵՄ-ն ՀՀ-ում արդեն ետընթաց է արձանագրում։ Տեղեկություններ կան, որ Ռիգայում կդրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքների մեկնարկը։ Որքանո՞վ է իրատեսական ԵՏՄ անդամ Հայաստանի քաղաքական համագործակցությունը ԵՄ-ի հետ, եթե խոսքը բոլորովին տարբեր արժեքային համակարգերի մասին է։

– Եվրասիական տնտեսական միությունը մի նավահանգիստ է, որ Հայաստանը մտավ, և որում գտնվելու է, իր ողջ օրենսդրությունը, իր բոլոր մաքսային հարցերը, տնտեսական զարգացումը Հայաստանը, ուզած թե չուզած, կապելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ և այնտեղ ապահովելու է ընդհանուր շուկա։ Բայց ԵՏՄ-ն չի խոչընդոտում, որպեսզի ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում` Ռուսաստանը, կառուցեն ամենաբարենպաստ համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Այն, ինչ Հայաստանը չի անի այս փուլում, դա այն է, ինչ նույն Ուկրաինան է փորձում հաջող թե անհաջող կերպով իրականացնել։ Խոսքը վերաբերում է եվրոպական չափանիշներին արտադրության ասոցիացմանը։

Հայաստանը կօգտվի եվրասիական չափանիշներից։ Սա կարող է բարդացնել ԵՄ-ՀՀ մերձեցումը, բայց մյուս կողմից` կան ոլորտներ, որտեղ համագործակցություն կարող է լինել և արդեն կա, հաջողվում է, չեմ խոսում տուրիզմի մասին, որը պետք է զարգացնել Հայաստանում։ ԵՄ-ի համար ամենագլխավորն այն է, որ գործընկեր երկրները վերափոխվեն, ընդունեն եվրոպական չափանիշներ, որպեսզի օրենքները գործեն, կոռուպցիան վերանա, և այլն, և այլն։ Հայաստանի համար կարևոր է նաև արևմտաեվրոպական ներդրողներին ներգրավելը, որոնք առաջին հերթին` պահանջում են տնտեսական և իրավական կայունություն և անվտանգություն այն երկրում, որտեղ ցանկանում են ներդրումներ իրականացնել։

– Լարվեցին Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, լարվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ևս։ Տեսնո՞ւմ եք արդյոք հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ այս իրավիճակում, երբ ՌԴ-ն, եթե հետաքրքրված չէ նույնիսկ հակամարտության լարմամբ, ապա կարգավորմամբ ևս հետաքրքրված չէ, Արևմուտքը պասիվություն է ցուցաբերում, թեև հայտարարությունների մակարդակով խոսվում է բանակցային գործընթացն ակտիվացնելու մասին, բայց ոչ մի տեղաշարժ չկա։ Տարեսկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսեց հակամարտության կարգավորման գործընթացում Գերմանիայի մասնակցության մասին։ Ինչի՞ մասին էր խոսքը։

– Իմ կարծիքով` հայկական կողմի համար մեծ ողբերգություն չի լինի, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շարունակի մնալ սառեցված կարգավիճակում, որովհետև, ամեն դեպքում, դա Հայաստանին ապահովագրում է հակամարտության կարգավորման` իր համար անցանկալի սցենարներից։ Այսինքն` հակամարտությունը չի կարգավորվում, բայց չի կարգավորվում նաև այնպես, ինչպես չէր ցանկանա հայկական կողմը։ Սակայն ակնհայտ ու հասկանալի է, որ կան երկրներ, որոնք հետաքրքրված են կարգավորման գործընթացում առաջընթացով, ինչն էլ լարում է իրավիճակը հակամարտության գոտում։ Աշխարհում վերջին ամիսներին Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի համար այնքան տաք օջախներ են ստեղծվել, գլոբալ մարտահրավերներ` ոչ միայն Ուկրաինայում, այլև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, որ եվրոպական և արևմտյան դիվանագիտության համար արդիական չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը։ Այս ամենը, ցավոք, տիպիկ եվրոպական մոտեցում է` կա հակամարտություն, բայց այն շատ դանդաղ է կարգավորվում։

Աստված չանի` այնտեղ հանկարծ կրկին սրվի իրավիճակը, դիվանագետները, ովքեր դրանով չեն զբաղվել տասնյակ տարիներ, կարծես թե նույնիսկ մոռացության են մատնել անգամ հակամարտության պատմությունը, քանի որ տարիներով չեն զբաղվել և հետևել զարգացումներին, կսկսեն զբաղվել, ժամանակ ծախսել հանգամանքներին մանրամասնորեն ծանոթանալու վրա։ Սա, իհարկե, շատ բացասական է, բայց բնորոշ է Եվրոպային։ Ինչ վերաբերում է Գերմանիային և կարգավորման հեռանկարներին, ապա պետք է գտնել մեխանիզմներ, գործիքներ, որոնք թույլ կտան կարգավորել այն խնդիրները, որոնք առկա են Եվրոպայում` արդեն քառորդ դար ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես ԼՂ հակամարտությունը։

Այլ հարց է, եթե, օրինակ, ԵԱՀԿ-ն սկսեր ակտիվ և ողջ ներուժով գործել, այնպես, ինչպես պետք է աշխատեր` որպես համաեվրոպական կազմակերպություն, ոչ թե արևմտաեվրոպական կազմակերպություն։ Եթե 2016թ. Գերմանիայի նախագահությամբ հնարավոր լինի վերականգնել ԵԱՀԿ այդ հզոր որակները, որի շնորհիվ այդ կազմակերպությունը սկսեր Եվրոպայում այն կշիռը ձեռք բերել, ինչ ՆԱՏՕ-ն, ապա այդ կազմակերպությունը կվերականգներ իր համարձակությունն ու ոգին, որը թույլ կտա ավելի ուշադիր աչքով դիտարկել անվտանգության խնդիրները, վերահսկել դրանք և կարգավորել։

Տեսանյութեր

Լրահոս