Ամուլսարի հանքի շահագործման ողջ ընթացքում ՀՀ պետբյուջե կմտնի մոտ 488 միլիոն դոլար
«Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները կարող են էական տնտեսական ազդեցություն ունենալ: Ամուլսարի ծրագրի ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա, ըստ անկախ փորձագիտական խմբի հաշվարկի և մեր ընթացիկ տեխնիկատնտեսական ուսումնասիրության, կլինի տարեկան մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շահագործման ողջ ընթացքում մոտ 488 միլիոն ԱՄՆ դոլար մուտք կգործի պետական բյուջե՝ հարկերի և ռոյալթիների տեսքով: Լրացուցիչ մոտ 156 միլիոն դոլարի հարկեր կառաջանան անուղղակիորեն՝ ծրագրի արդյունքում ի հայտ եկած այլ բիզնես միավորների գործունեության արդյունքում: Մենք ակնկալում ենք լինել երկրի խոշորագույն հարկատուների հնգյակի մեջ, երբ սկսենք արտադրությունը»,-մայիսի 14-15 Թբիլիսիում տեղի ունեցած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ելույթում ասել է Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը :
ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին մասնակցում էին ավելի քան 60 երկրների կառավարությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և միջազգային հաստատությունների ներկայացուցիչներ: Երկօրյա համաժողովը նպատակ ուներ սահմանելու ՎԶԵԲ-ի ռազմավարությունը գալիք տարիներին և քննարկելու զարգացող երկրներում գործարար միջավայրի և տնտեսության հնարավորությունները և խնդիրները: 2014թ. ՎԶԵԲ-ը ներդրել է մոտ 9 միլիարդ ԱՄՆ դոլար ավելի քան 30 երկրներում՝ խթանելով տնտեսությունը զարգացող երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
«Գործարար միջավայրի խթանումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմքն է: Մեր առաքելությունը հստակ ուղղվածություն ունի դեպի մասնավոր հատված, քանի որ մենք կարծում ենք, որ այն հենց այնպիսի տնտեսության շարժիչ ուժն է, որը մեր համոզմամբ առավելագույնս ծառայում է հասարակությանը: Աշխարհաքաղաքական լարվածության և տնտեսական անորոշության այս ժամանականերում բանկը կարող է կամուրջ և կապող օղակ հանդիսանալ»,- իր ելույթում ասել է ՎԶԵԲ նախագահ պարոն Սումա Չաքրաբարթին:
Մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումները ամենատարբեր թեմաների շուրջ էին՝ ներդրումներ աշխարհաքաղաքական անորոշության ժամանակներում, երիտասարդության զբաղվածություն, կայունություն, նորարարություն, ներդրումներ «կանաչ» ենթակառուցվածքներում և զարգացող երկրների համար արդիական այլ հարցեր:
Հայաստանից մասնակցում էին առաջատար ընկերությունների, կառավարության և քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչներ:
Իր ելույթում Լիդիան Ինթերնեյշնլի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է ՎԶԵԲ-ի և միջազգային ֆինանսական այլ հաստատությունների դերը զարգացող երկրների հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական չափանիշների նշաձողը բարձրացնելու գործում:
«Առողջության, անվտանգության, բնապհապանական պատասխանատվության և շահագրգիռ կողմերի ներգրավման ոլորտներում միջազգային քաղաքականության կիրառումը առանցքային է հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների համար նպաստավոր իրավական և սոցիալական միջավայր ստեղծելու համար: Սա ներառում է նաև համապատասխանություն ՎԶԵԲ-ի կատարողականի պահանջներին, ինչպես նաև այլ միջազգային կառույցների սահմանած չափանիշներին: «Արդյունահանող արդյունաբերությունների թափանցիկության նախաձեռնությանը» միանալու ուղղությամբ կառավարության հուսադրող ազդանշանները ճիշտ ուղղությամբ քայլ կարելի է համարել»,- նշել է Լիդիանի նախագահը:
Իր ելույթում պարոն Սթիվենսոնը կարևորել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի արդիականացումը և վստահության մթնոլորտի ձևավորումը:
«Գործող ծրագրերից շատերը խորհրդային շրջանից են և աշխատակիցների առողջության և անվտնագության, բնապհապանության և համայնքերի ներգրավման առումով դեռևս այդ շրջանից եկող խնդիրներ կան: Գործելաոճը տարբեր դեպքերում տարբեր է և հանքարդյունաբերական ընկերությունների հանդեպ հանրային վստահությունը բավական ցածր է: Դրա հետևանքով Լիդիանի համար երբեմն բավական բարդ էր հանքարդյունաբերության վերաբերյալ քննարկումը այլ հարթություն բարձրացնելը: Շահագրգիռ կողմերի ներգրավման հարցում մենք ունեցել ենք և դժվարություններ և հաջողություններ: Լիդիանը զգալի ջանքեր է ներդրել պատասխանատու ընկերության հեղինակություն ձեռք բերելու և արդյունաբերության այս ոլորտում նոր վարվելակերպ ներմուծելու ուղղությամբ: Ոլորտում բարեփոխման կարիքը դեռևս մեծ է և մենք կարծում ենք, որ Ամուլսարի նման ծրգարերը նշաձողը բարձրացնելու ուղղությամբ կարևոր քայլ կլինեն»,- ասել է Լիդիան ինթերնեյշնլի նախագահ Հովարդ Սթիվենսոնը ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին իր ելույթում: