«Ինձ համար կարևոր է, որ երաժշտությունը բանաստեղծական ջիղ ունենա». Արթուր Ավանեսով
Կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի հետ հանդիպեցի Կոնսերվատորիայի հարակից սրճարանում: Մինչ զրուցում էինք, սրճարանում անակնկալ «համերգ» սկսվեց, որի ժանրային ու բովանդակային դրսևորմանը զուգահեռ հարցազրույց անցկացնելը նույնքան անիրական ու անհավանական էր թվում, որքան փաստը, որ վերջինս գտնվում էր Կոնսերվատորիայից աննշան հեռավորության վրա:
«Կոնսերվատորիայի ներսում էլ է երբեմն նման երաժշտություն հնչում»,- ասում է կոմպոզիտորը:
Այնուամենայնիվ, բուհի պատուհաններից եկող նվագների ու սրճարանում հնչող կենդանի համերգի ուղեկցությամբ խոսեցինք արդի կոմպոզիտորական երաժշտության` ժամանակից ու տարածությունից ելնող ճանապարհների, խոչընդոտների, ձևի ու իմաստային ամբողջականության մասին:
Կոմպոզիտորը` ժամանակի ու երաժշտության խաչմերուկում
– Մինչև 19-րդ դարը կոմպոզիտորներին հիմնականում բավական էր իմանալ միայն ժամանակակից երաժշտությունը: Հիմա շարժվում ենք հակառակ ուղղությամբ` հնից հետո՝ նոր միայն ժամանակակիցը: Էրուդիցիան կարևոր նախապայման է, առնվազն մարդ պետք է իմանա, թե ի՞նչ է գրում, ինչի՞ համար ու ինչո՞ւ հենց այս ձևով, այլ ոչ թե ուրիշ: Ինչպես երաժշտության պատմության ցանկացած փուլում, ժամանակակիցի սահմանը ոչ թե օրացույցի մեջ է, այլ` մարդկանց մտածողության:
Մյուս կողմից, իհարկե, ինչ-որ ընդհանուր հասկացություններ կան, թե որն ենք համարում ժամանակակից, որը` ոչ: Պետք է զուգահեռներ տանենք ուրիշ արվեստների, թեկուզ՝ գրականության կամ վիզուալ արվեստի, և կարևորը` փիլիսոփայության հետ: Այն երաժշտությունը, որն ինչ-որ առումով համահունչ է այսօրվա փիլիսոփայական և գեղագիտական մտքին կամ առհասարակ արվեստների մեջ նոր միտումներին, ես կանվանեի ժամանակակից: Ժամանակակից երաժշտությունը նաև կարելի է սահմանել որպես այն երաժշտությունը, որը գրվում է այսօր այն հեղինակների կողմից, ովքեր կայացման ընթացքում են գտնվում. իսկ ցանկացած իսկական արվեստագետ մշտապես կայացման փուլում է: Ժամանակակից երաժշտությունը մի ամբողջություն է, որի մեջ տեղ կա բառացիորեն ամեն ինչին:
Օրինակ, 70-ականներին Հոլանդիայում Լուի Անդրիսսեն անունով մի կոմպոզիտոր, որը կարևորագույն կոմպոզիտորն է Հոլանդիայի համար այսօր, որոշել էր, որ պետք է վալսեր գրի Շոպենի ոճով: Եվ այն հավասարապես ժամանակակից երաժշտություն էր, ինչո՞ւ ոչ` այն ժամանակ է գրվել, մարդու մտքով այն ժամանակ է անցել: Ուղղակի ինձ համար այդ դեպքում նախապայման կա` հեղինակի կրթվածությունը. Նա քաջատեղյակ պետք է լինի ամեն ինչի կամ գոնե շատ բաների մասին, թե ինչ է կատարվում այսօր, և միտումնավոր ընտրի մի ինչ-որ կոնկրետ մտածելակերպ կամ երաժշտական լեզու:
Չեմ կարծում, որ երաժշտության «ժամանակակիցն» ինչ-որ առումով նեղ սահմանում է, որովհետև յուրաքանչյուրն իրենն է գտնում ժամանակակից արվեստում:
Կոմպոզիտորը միաժամանակ կարող է և չի կարող կտրվել ժամանակից, որի մեջ գտնվում է: Կարող է, որովհետև, ի վերջո, ստեղծագործելու պահին պետք է որ անջատվի կոմպոզիտորի` հասարակական մարդ լինելու, այսինչ պահին, այսինչ տեղում գտնվելու, հասարակության մեջ որոշակի դեր ունենալու ֆունկցիան: Ստեղծագործելիս մարդը պետք է ազնիվ լինի ինքն իր հետ, գրի այն, ինչ ուզում է, անկախ նախապայմաններից ու ժամանակներից: Սակայն ժամանակից ամբողջապես կտրվելն անհնար է, որովհետև, միևնույն է, մենք մեր ժամանակաշրջանի, հասարակության «արտադրանք ենք», անկախ նրանից` ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ: Գրողն էլ, երաժիշտն էլ, սկզբում վերապրում են, հետո նոր են ինչ-որ բան ստեղծում: Միայն ներքին փորձառությունը կարող ենք համարել ոգեշնչում և ստեղծագործական ազդակ:
Երաժշտական լեզվի իմաստային ամբողջականությունը
– Ինձ համար, անկախ երաժշտության գենետիկայից, շատ կարևոր է, որ արվեստը բաց լինի ամբողջ աշխարհի նկատմամբ: Առաջ շատ կարևոր էր արվեստի և նաև երաժշտության մեջ լեզվական ամբողջականությունը: Այսօր ինձ համար մտքի ամբողջականությունն ավելի կարևոր է, քան լեզվի ամբողջականությունը: Երաժշտությունը լեզու է, որն ունի բազմաթիվ արտահայտչամիջոցներ: Քանի որ երաժշտությունը բարձրակարգ վերացական արվեստ է, այն ոչ թե «թարգմանության» կարիք ունի, այլ` «լեզուներ» իմանալու և ճանաչելու կարիք, որը պահանջվում է նաև ունկնդրից, ով պետք է պատրաստ ու զգայուն լինի, որպեսզի լեզուները, որոնցով գրված է երաժշտությունը, ընկալի: Իսկ նոտագրությունն իրոք ունի «թարգմանության» պահանջ, որովհետև նոտագրության միջոցով կոմպոզիտորը կատարողին ասում է, թե ինչ վերջնական արդյունք է ակնկալում, բայց չի ասում, թե ինչ պետք է արվի այդ արդյունքին հասնելու համար: Իսկ կատարողը յուրովի «թարգմանում« է` յուրաքանչյուրը՝ տարբեր ձևով:
Արդյո՞ք, Մոցարտի երաժշտությունը պետք է լինի կամ կարող է լինել հանրային: Չգիտեմ
– Ժամանակակից երաժշտությունը դարձնել հանրայի՞ն: Ճապոնիայում հայտնի դելիկատես կա` շնաձկան խռիկներից ապուր. դա պե՞տք է հանրային լինի, թե՞ չէ: Կարծում եմ՝ այն չի կարող լինել հանրային, որովհետև հազվագյուտ է ու, որոշակի առումով` էլիտար: Դրա կողքին կան ուրիշ` ամենօրյա, ավելի «հանրային» ուտեստներ: Որպեսզի ժամանակակից կոմպոզիտորական երաժշտությունը դառնա հանրային, մենք նախ ուրիշ հարց պիտի լուծենք. արդյո՞ք, օրինակ, Մոցարտի երաժշտությունը պետք է լինի կամ կարող է լինել հանրային: Չգիտեմ: Չէ՞ որ տարբեր մակարդակներ կան երաժշտության ընկալման` պարզ, գրեթե ֆիզիկական վայելք, որից հետո սկսվում է երաժշտության դրդապատճառների կամ բուն իմաստի ըմբռնումը, որը հազիվ թե կարող է հանրային լինել: Կա նախ՝ կրթության խնդիր, որը, գլոբալ առումով, թերի է: Ես խոսում եմ դպրոցական, նախադպրոցական կրթության մասին:
Դասավանդում եմ արդեն այն մարդկանց, ովքեր անցել են դպրոցական փուլը, և ում մեջ արդեն ինչ-որ երևույթներ արմատավորվել են` վերաբերմունքը կյանքի, միմյանց նկատմամբ, հասարակության մեջ իրենց դերի… շատ քչերը կան, ովքեր այդ առումով առողջ են մեր երկրում: Երաժշտությունն ընկալելու համար մարդն իր մեջ պարարտ հող պիտի ունենա: Երբ ամբողջ հասարակությունը սովորեցնում է լինել անպատրաստ այդ երաժշտությունն ընկալելուն, այն երբեք էլ հասարակական երևույթ չի լինի: Ընդ որում, սա ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ ամբողջ ժամանակակից աշխարհի խնդիրն է:
Համընդհանուր խնդիրների անտեսանելիության պատճառները
– Անձամբ ես առանձնահատուկ խնդիրներ չունեմ. կան համընդհանուր խնդիրներ, բայց երբեմն այնպիսի տպավորություն է, որ միայն ինձ են այդ համընդհանուր խնդիրները հուզում: Շատ հետաքրքիր երևույթներ են տեսնելը և չտեսնելը: Ինչի՞ համար է մարդուն ֆիզիկական ցավ տրված: Որպեսզի զգա ու միջոցներ ձեռնարկի: Եթե այդ համակարգն անջատված է, կողքից ինչքան էլ գոռան, ասեն, որ քեզ մոտ ինչ-որ բան է տեղի ունենում, դու այդ ցավը չես զգա: Դրա համար, չգիտեմ՝ իմաստ ունի՞ այդ թեմաները բարձրացնելը, որովհետև կան մարդիկ, ում համար խնդիրը չվարձատրվելն է կամ քիչ վարձատրվելը, այնինչ կան ավելի խորքային խնդիրներ: Նախևառաջ՝ մտածելակերպի խնդիրներ, հանդուրժողականության խնդիր` տարբեր մտածելակերպերի, տարբեր սերունդների նկատմամբ, էրուդիցիայի խնդիր…
Եթե անդրադառնանք Կոնսերվատորիայում տրվող կրթության հարցերին, ապա շատերի մոտ բուն խնդիրները սկսվում են ավարտելուց հետո: Որովհետև որոշակի կրթություն տրվում է, բայց ավարտելուց հետո մարդիկ չգիտեն, թե ի՞նչ անեն: Աշխարհի երաժշտական հաստատությունների գերակշռող մեծամասնությունն ունենում է վարպետության դասեր, ուսանողների միջազգային փոխանակումներ և այլն, իսկ մեզ մոտ դա գրեթե չկա: Փակուղու մեջ ենք: Կոնսերվատորիան միջին առումով տարեկան 6 հայ կոմպոզիտոր է «արտադրում»: Փաստորեն, տասը տարվա ընթացքում` 60 կոմպոզիտոր: Այս կոմպոզիտորները Հայաստանում ի՞նչ պետք է անեն: Կա ևս մեկ խնդիր` այն ուսանողը, ով իր ասպարեզում նվազագույն գիտելիքներից անգամ զուրկ է, նույնպես կարող է ավարտել Կոնսերվատորիան: Իմ խորին համոզմամբ՝ Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան չպետք է ավարտի այն ուսանողը, ով չգիտի, թե, օրինակ, Բեթհովենը քանի սիմֆոնիայի հեղինակ է: Բայց այդպիսիք զարմանալիորեն վերապրում են: Ճիշտ է, նրանց կողքին կան նաև այնպիսի ուսանողներ, ովքեր ծանոթ են նույնիսկ ամենաժամանակակից միտումներին, որոնցից դասախոսներն էլ երբեմն տեղյակ չեն: Շատ մեծ բազմազանություն կա:
Կարևոր է, որ երաժշտությունը բանաստեղծական ջիղ ունենա
Ինձ մոտ շատ հաճախ վերնագիրը ծնվում է երաժշտությունից առաջ: Ընդ որում, վերնագիրը կարող է «եփվել» տարիներով: Ինձ համար կարևոր է, որ երաժշտությունը բանաստեղծական ջիղ ունենա: Վերնագիրը շատ կարևոր է: Հիմա մի վոկալ շարքի վրա եմ աշխատում: Ռուս բանաստեղծներ են, ընդ որում` բանաստեղծներ, ովքեր այս կամ այն առումով տեղ չգտան հասարակության մեջ` Օսիպ Մանդելշտամ, Վիկտոր Ցոյ, Ալինա Վիտուխնովսկայա, Աննա Ախմատովա… Այդ շարքում ամեն մի երգը երկխոսություն է Ռախմանինովի ինչ-որ երգի հետ: Եվ ամեն երգն ունի վերնագիր, որը ոչ թե ուղղակիորեն բանաստեղծությունից է բխում, այլ` կոնտեքստից առանձնացված մի բառ է, որը կարող է «խոսել» Ռախմանինովի երգից ինչ-որ այլ բառի հետ:
Օրինակ, Ախմատովայի բանաստեղծության մեջ կա «сирень» բառը, որը հիմք է դառնում կապելու Ռախմանինովի համանուն երգի հետ: Վերնագիրը կրում է երաժշտության ամբողջ մոգականությունը: Չեմ կարծում, որ բառերն օգնում են երաժշտության ընկալմանը, դրանք, ընդհակառակը` հավելյալ իմաստ են հաղորդում երաժշտության իմաստին, ունկնդրից պահանջվում է երկրորդ շերտը լսել և երկու շերտերի համադրությունը հասկանալ: Ես սիրում եմ վոկալ երաժշտություն, ինձ համար շատ հետաքրքիր է բառ ներգրավել երաժշտության մեջ, թեկուզ՝ ենթագիտակցաբար: Սակայն, ամեն դեպքում, կարծում եմ, որ երաժշտությունն ինքն իրենով էլ պետք է ինքնաբավ լինի:
Զրուցեց Մարիամ Եղիազարյանը
Ծաղրանկարի հեղինակ Տիգրան Վարդիկյան