ԱՄՆ-ը ՀՀՊ-ի ստեղծման հարցում կօգնի Պարսից ծոցի արաբական երկրներին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը կօգնի Պարսից ծոցի երկրներին` ստեղծելու համար սեփական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ:
Այս մասին նշված է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Քեմփ Դևիդում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրում:
ԱՄՆ-ը նաև արաբական միապետություններին խոստացել է հատկացնել անհրաժեշտ ռազմական օգնություն` այդ երկրների տարածքային ամբողջականության պաշտպանության համար, եթե այդ երկրները ենթարկվեն ագրեսիայի:
Օբաման հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ընդլայնել ռազմական ոլորտում համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ:
Օբաման մանրամասնել է, որ խոսքը հիմնականում գնում է համատեղ զորավարժությունների թվաքանակի մեծացման մասին: Բացի այդ, ԱՄՆ-ն արաբական երկրնրին կօգնի մեծացնել սեփական պաշտպանունակության պոտենցիալը:
Օբաման նաև վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է իր դաշնակիցներին պաշտպանել արտաքին յուրաքանչյուր ներխուժումից: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն անում է ամեն բան` հակազդելու տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործունեությանը: