Մահացել է ամերիկացի երաժիշտ Բի Բի Քինգը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ում 90 տարեկանում մահացել է ամերիկացի հանրահայտ բլյուզային երաժիշտ Բի Բի Քինգը (B.B. King): Այս մասին հայտնել է երաժշտի փաստաբան Բրենթ Բրայսոնը:
Նրա խոսքերով` Բի Բի Քինգը մահացել է քնած վիճակում, դա տեղի է ունեցել հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 21.40-ին Լաս Վեգասում գտնվող նրա տանը: Կիթառահարը հոսպիտաացվել էր 2015 թվականի ապրիլի 6-ին:
Նրա մոտ ախտորոշել էին օրգանիզմի ջրազրկում` կապված երկրորդ տիպի շաքարային դիաբեթի հետ: Նա այդ հիվանդությամբ տառապում է ավելի քան 20 տարի: Երկու օր անց Բի Բի Քինգը դուրս էր գրվել հիվանդանոցից:
Բի Բի Քինգը (իրական անունը` Riley B. King) բլյուզների ամենահայտնի հեղինակներից ու կատարողներից մեկն է, նա մի քանի անգամ արժանացել է «Գրեմի» երաժշտական հեղինակավոր մրցանակի:
2011 թվականին ամերիկյան Rolling Stone պարբերականը բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում ընդգրկել է նաև Բի Բի Քինգին` նրան հատկացնելով 6-րդ հորիզոնականը: