Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է խզել «Միստրալ» նավերի վերաբերյալ պայմանագիրը
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ` Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է խզել «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրների մատակարարման մասին պայմանագիրը: Սակայն Մոսկվային դուր չի եկել դա: Այս մասին թերթին հայտնել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նրա աղբյուրները:
Ֆրանսիական կողմի այդ նախաձեռնությունը նախատեսում է Ռուսաստանին վերադարձնել 785 միլիոն եվրո` պայմանով, որ Ռուսաստանն անխոս կթույլատրի այդ նավերը վաճառել յուրաքանչյուր երրորդ կողմի:
Բացի այդ, ֆրանսիական կողմն առաջարկել է կիսել ռիսկերն ու ծախսերը, որոնք կապված են ռուսական սարքավորումներով նավերն ապամոնտաժելու հետ, որոնք դրանց վրա տեղակայվել են նավերի կառուցման ընթացքում:
Աղբյուրները հայտնել են, որ ՌԴ ՊՆ-ին դուր չի եկել առաջարկված գումարի չափը: Ռազմական գերատեսչությունում «Միստրալ» նավերի կառուցման հետ կապված ծախսերն ու կրած վնասները գնահատում են 1163 միլիոն եվրո:
Բացի այդ, ռուսական կողմը կարծում է, որ սարքավորումների ապամոնտաժումը պետք է իրականացվի ֆրանսիական կողմի հաշվին, ինչպես նաև պետք է փոխհատուցել այն գումարները, որոնք ծախսվել են ուղղաթիռակիրների անձնակազմի անդամների ուսուցման, Վլադիվոստոկում նավի բազավորման համար ենթակառուցվածքների կառուցման ու տախտակամածային Ка-52К ուղղաթիռների ստեղծման վրա: