Սպանության փորձ՝ կնոջ նկատմամբ՝ որդու հետ հեռախոսով խոսելու մերժում ստանալու պատճառով
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի մեջ՝ դատապարտվելով 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական բնույթի հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ծալովի դանակով հարվածներ է հասցրել նախկին կնոջ կենսական կարևոր օրգանների հատվածներին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ հանցանքն ավարտին չի հասցրել:
Ըստ մեղադրանքի՝ նա գնացել է նախկին կնոջ տուն` պարզելու որդու հետ հեռախոսով խոսելու մերժում ստանալու պատճառը, տան հարակից տարածքում խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գլխով մեկ անգամ հարվածել է նախկին կնոջ դեմքին, այնուհետև բռնել մազերից, գցել գետնին և կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի կենսական կարևոր օրգանների հատվածներին` պարանոցի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի առաջային մակերեսներին` թափանցումով ձախ պլևրալ խոռոչ, ձախակողմյան պնևմոթորաքսի, աջ դաստակի երրորդ-չորրորդ մատների, ձախ նախաբազկի հատվածներին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Կնոջ օգնության կանչերը լսելով՝ նրանց է մոտեցել մեկ այլ տղամարդ, գործողությունները դադարեցնելու նպատակով ոտքով հարվածել է նրան, որի հետևանքով երիտասարդն ընկել է գետնին և իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել, խոստովանական ցուցմունք տվել: Ամբաստանյալը մասնավորապես նախաքննության ընթացքում ասել է, որ իրար չհասկանալու պատճառով ամուսնալուծվել են: Դեպքի օրը բարեկամներից մեկի ծննդյան օրվա առիթով օգտագործել է օղի: Զանգահարել է նախկին կնոջը և ասել, որ ցանկանում է որդու հետ խոսել, ու խնդրել է հեռախոսը փոխանցել նրան: Նախկին կինը պատասխանել է, որ որդին իր քրոջ հետ գնացել է խանութ, իսկ ինքն ասել է` երբ վերադառնա, թող հետ զանգի, որպեսզի նրա հետ զրուցի: Մոտ 30 րոպե սպասելուց հետո կրկին զանգահարել է նախկին կնոջը և պահանջել` հեռախոսը փոխանցել որդուն: Նա պատասխանել է, որ որդին չի ցանկանում խոսել, որի պատճառով մեկ-երկու րոպե հեռախոսով վիճելուց հետո գնացել է նախկին կնոջ բնակության վայր:
Տան մուտքի դուռը բացելով` ներս է մտել առաջին հարկ և հանդիպել նախկին կնոջ մորը, նրան հարցրել է, թե ինչո՞ւ կինը հեռախոսը չի փոխանցել որդուն, ով պատասխանել է, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի, միաժամանակ բարձրացել է տան երկրորդ հարկ տանող աստիճաններով և կանչել դստերը: Կինն իջել է տան առաջին հարկ, և ինքը հարցրել է, թե ինչո՞ւ հեռախոսը չի փոխանցել որդուն: Նա արհամարհական տոնով պատասխանել է, որ լավ է արել, որից հետո ինքը զայրացել և մոտեցել է կնոջը ու գլխով հարվածել նրա ճակատին: Այդ ժամանակ նախկին կնոջ մայրը բռնել է իրեն, իսկ կինը փախել է: Այնուհետև նշված վայրից վերցրել է մետաղյա դանակի նման առարկա և սպանելու նպատակով՝ փնտրել նախկին կնոջը: Դուրս գալով հարևանությամբ գտնվող տնամերձ այգի, լսել է նախկին կնոջ լացի ձայնը, մոտեցել է, բռնել մազերից, գցել գետնին և ձեռքին եղած սուր գործիքով մի քանի անգամ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին: Այդ ժամանակ իրենց է մոտեցել նախկին կնոջ քրոջ ամուսինը և ոտքով հարվածել իր ուսին, որի հետևանքով դադարեցրել է հարվածները և կորցնելով հավասարակշռությունը` հետ-հետ գնացել ու ընկել: Երբ տղամարդը մոտեցել է իրեն, ձեռքին եղած սուր գործիքով մեկ անգամ հարվածել է նրա մեջքին: Այդ ընթացքում մոտեցել է նաև նախկին կնոջ մայրը, և ինքը զայրույթից՝ նշված սուր գործիքով մեկ անգամ էլ հարվածել է նրա որովայնի հատվածին: Զղջացել է կատարած արարքի համար:
Տուժող կինը ցուցմունք է տվել այն մասին, որ ամուսնու հետ համատեղ ապրելու ընթացքում ունեցել են մեկ որդի, իրար չհասկանալու պատճառով ամուսնալուծվել են: Դեպքի օրը նախկին ամուսինը զանգահարել է իրեն և ասել, որ ցանկանում է որդու հետ խոսել: Քանի որ որդին իր քրոջ հետ գնացել էր խանութ, նրան հայտնել է այդ մասին և ասել, որ երբ վերադառնա տուն՝ կզանգահարի: Մոտ 30 րոպե անց նախկին ամուսինը կրկին զանգահարել է, սակայն որդին չի ցանկացել խոսել, և ինքն այդ մասին հայտնել է նրան, որից նա զայրացել ու իրեն վիրավորել է: Խոսելու ընթացքում զգացել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ: Ավելի ուշ մոր կանչով գնացել է նշված տան առաջին հարկ: Նախկին ամուսինը վրդովված տոնով իրեն ասել է. «Դու էս այս ամենն անում, որ որդիս չի ցանկանում իմ հետ խոսել»: Նրան պատասխանել է, որ ինքը մեղավոր չէ, որ որդին չի ցանկացել խոսել: Դրանից հետո նախկին ամուսինն անսպասելիորեն մոտեցել է իրեն և գլխով հարվածել քթի հատվածին, իսկ մայրը մոտեցել է իրենց և նախկին ամուսնուն հրել մի կողմ: Այդ պահին` նկատելով, որ նախկին ամուսինը գրպանից հանել է դանակ, այդ մասին ասել է մորը և փախչել դեպի ճանապարհ ու թաքնվել իրենց տան հարևանությամբ գտնվող հողատարածքում: Մոտ 2-3 րոպե անց նախկին ամուսինը գտել է իրեն, բռնել մազերից, գցել գետնին ու ձեռքին եղած դանակով արագ-արագ հարվածներ հասցրել կրծքավանդակի և պարանոցի հատվածներին: Այդ ժամանակ գոռացել է. «Մամ, օգնեցեք, սպանում ա»: Փորձել է պաշտպանվել, դիմադրել, սակայն չի հաջողվել, միայն մի պահ կարողացել է բռնել դանակի շեղբից, այն էլ նախկին ամուսինը հետ է քաշել, ու աջ ձեռքի ափում ստացել է վնասվածքներ: Դրանից հետո նախկին ամուսինը դանակով ևս մեկ հարված է հասցրել իրեն, և այդ պահին քրոջ ամուսինը մոտենալով իրենց՝ ոտքով հարվածել է նախկին ամուսնուն, որի հետևանքով նա հետ-հետ գնալով՝ ընկել է և դադարեցրել իրեն հարվածներ հասցնելը:
Ըստ դատարանի վճռի՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, ոչ դեպքի օրը բարեկամի ծննդյան առիթով օղի է օգտագործել:
Երեխայի հետ խոսելու նպատակով զանգահարել է նախկին կնոջը, խնդրել հեռախոսը փոխանցել երեխային, սակայն վերջինս ասել է, որ նա քրոջ հետ գնացել է խանութ: Մի քանի րոպե անց կրկին զանգել է, սակայն կինն ասել է, որ չնայած երեխան տանն է, բայց հեռախոսը չի փոխանցում նրան: Իր հարցին, թե ո՞րն է պատճառը, վերջինս պատասխանել է, որ լավ է անում, որից հետո ավելացրել է նաև, որ՝ ում ուզում է՝ թող գնա ու բողոքի, ապա սկսել է իր հասցեին հայհոյանքներ հնչեցնել: Կինն ասել է նաև, որ երեխային տանելու է, որպեսզի ընդհանրապես չտեսնի: Այդ պահին ինքը բարկացել է, և կինը հեռախոսն անջատել է:
Գնացել նախկին կնոջ բնակության վայր, զրուցել կնոջ մոր հետ, դրանից հետո կնոջ մայրը կնոջը կանչել և հարցրել է, թե ինչո՞ւ է նման բան արել, որին ի պատասխան՝ վերջինս ասել է, որ լավ է արել, ինչ ուզում է՝ լինի, երեխային չի տեսնելու, մայրը դստերն ասել է, որ իրեն նորմալ պահի, որից հետո վերջինս աստիճաններով իջել է և հրել իրեն: Քանի որ ձեռքերը գրպանում են եղել, գլխով հարվածել է նախկին կնոջ դեմքին: Այդ պահին կնոջ մայրը մոտենալով իրեն՝ սկսել է ձեռքերով հարվածներ հասցնել իր կրծքավանդակի շրջանին, որից հետո վազելով բարձրացել է երկրորդ հարկ ու գոռացել, որպեսզի Ոստիկանություն զանգեն: Դրանից հետո չի հիշում և չի կարող ասել՝ որևէ մեկին, այդ թվում՝ կնոջը, հարվածե՞լ է, թե՞ ոչ, գնացե՞լ է նախկին կնոջ հետևից, թե՞ ոչ, ի՞նչ հանգամանքներում է դանակով հարվածել:
Նշել է նաև, որ որպես կասկածյալ տված ցուցմունքը քննիչի կողմից թելադրված է եղել: Տուժողի և վկաների ցուցմունքները կարդացել և մտածել է, որ դժվար նախկին կինը գլխով հարվածելուց հետո դանակ հանած լինի: Երբ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը կարդացել է, ցնցվել է, քանի որ դրանք քննիչի կողմից են թելադրվել, առանց պաշտպանի մասնակցության: Քննիչն ասել է, որ ուշ ժամ է, և այդ ժամին ի՞նչ պաշտպան, գրի, որ հրաժարվում ես պաշտպանից, որից հետո թելադրել է ցուցմունքը, իսկ ինքը համաձայնել է, քանի որ գիշերվա ժամը չորսն է եղել: Այն, որ գրել է, թե «կոնկրետ չի հիշում՝ որ հատվածից է վերցրել ծակող-կտրող առարկան, որը, չի կարող ասել՝ դանա՞կ է եղել, թե՞ ոչ, և շրջապատում փնտրել է նախկին կնոջը, որպեսզի գտնի և սպանի», նման բան չէր կարող ասել, և քննիչն է թելադրել: Այդ ամենը նախօրոք իր դեմ ծրագրված է եղել:
Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: